RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020



Տեղադրվել է` 2020-12-03 23:55:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 712, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՇԱՐՔԻՑ (ԹԻՎ 3)

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր

Համաշխարհային կյանքի վերջին մեկ տարվա փորձը ցույց է տալիս, որ թագավարակի համաճարակն ու համաշխարհային քաղաքական միջավայրը քայլում են «ձեռք ձեռքի» տված: Կարծում եմ, որ հենց այդ «համատեղ» քայլքի հետ անմիջական կապի մեջ էր թերեւս նաեւ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմը: Պատերազմ, որն արմատապես փոխել է տարածաշրջանի քաղաքական դասավորվածությունը եւ ստեղծել մի իրավիճակ, երբ Էրդողանն անթաքույց հայտարարում է, թե Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանն են հանդիսանում խաղաղության երաշխավորը Հարավային Կովկասում: Սակայն մեր խորին համոզմամբ, ստորագրված եռակողմ հայտարարություն-փաստաթուղթը մեր կյանքում մի նոր երկարատեւ պայքարի էջ է բացում, որովհետեւ այն պատմական տարածքները, որոնք այսօր զիջվել են, ուղղակի անհնարին է դրանց կորստի հետ համակերպվելը: Հետեւաբար, չենք բացառում արցախյան երրորդ պատերազմի հավանականությունը, որը նաեւ կարող է վերածվել ավելի ընդգրկուն տարածաշրջանային բախումի:

Իսկապես, պատերազմները կրկնվում են, եթե դրան արդյունքները չեն բավարարում կողմերին: Մի բանՙ որը պատերազմների վերսկսման գլխավոր պատճառներից մեկն է: Արցախյան պատերազմի արդյունքները ակնհայտ է, որ չեն գոհացնում ոչ միայն անմիջական պատերազմող կողմերին, այլ նաեւ նրանում ընդգրկված ուժերին: Անգամ «հաղթած» Ադրբեջանին լիովին չի բավարարում ձեռք բերածը: Այնտեղ դժգոհություններ են հնչում պատերազմը մինչեւ լիարժեք հաղթանակ չտանելու եւ խնդիրը, իրենց տեսանկյունից, վերջնական չլուծելու համար: Հետագայում, անկասկած, այս տեսակետները ավելի են կարծրանալու :

Թուրքիան, որը թեեւ պատերազմի հետեւանքով մուտք գործեց տարածաշրջան եւ ամրապնդեց իր դիրքերը, այնուամենայնիվ չի կարող գոհ լինել ռուսական խաղաղապահների Արցախ, իրենց տեսանկյունիցՙ Ադրբեջանի տարածք մուտքից, մանավանդ, որ իր խաղաղապահների տեղակայման հարցը դեռեւս հստակ չէ ու այստեղ կարող են հետաքրքրական զարգացումներ լինեն առաջիկայում: Պատերազմի արդյունքները ակնհայտորեն լիարժեք չեն գոհացնում նաեւ Ռուսաստանին: Ճիշտ է, ռուսները այսօր մուտք ունեցան Արցախ եւ ըստ էության իրադրության գլխավոր տերը իրենք են, սակայն Ռուսաստանին չի կարող դուր գալ թուրքերի բացահայտ հայտնվելը Հարավային Կովկասում եւ նրանց աճող հավակնությունները: Ռուսաստանի համար խնդիր կարող է դառնալ ուժեղացող Ադրբեջանը, որը կարող է ամբողջապես անցնելով Թուրքիայի ազդեցության տակ` դուրս գալ վերահսկողությունից:

Պատերազմի ստեղծած իրողությունները չեն կարող չմտահոգել մեր տարածաշրջանի մյուս խաղացող Իրանին, որի ողջ հյուսիսային սահմանում այժմ ազատ վխտում են թուրք-իսրայելական հատուկ ստորաբաժանումները եւ լրտեսները: Չմոռանանք, որ օրերս սպանվեց իրանական միջուկային ծրագրի հայրերից մեկը, Իրանի պնդմամբ, Իսրայելի կողմից: Ակնհայտ է, որ օղակը Իրանի շուրջ սեղմվում է, եւ մեծ է հավանականությունը, որ հաջորդ թիրախը հենց Իրանը դառնա: Իսկ գլոբալ առումով ամերիկյան առաջիկայի վարչակազմը, չխուսափելով վերջիններիս սահմանների մոտ տարբեր կոնֆլիկտների հրահրումից, ավելի է սրելու ճնշումը Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ: Այնպես որ, հաջորդ պատերազմը մեր տարածաշրջանում հեռու չէ եւ պետք է օր առաջ սկսել պատրաստվել դրան: Հարկավոր է անհրաժեշտ հետեւություններ անել անցյալ երեսուն տարիների բացթողումներից ու հատկապես վերջին արցախյան պատերազմի ընթացքում ներկա իշխանության կողմից թույլ տրված աններելի սխալներից:

Իսկապես էլ, եռակողմ ստորագրված փաստաթղթում կան բազմաթիվ վիճելի կողմեր, անհստակություններ, եւ դրա դրույթների իրականացման ընթացքում հավանաբար հնարավոր լինի որոշ բաներ շտկել: Բայց դրա համար մենք պետք է ունենանք հմուտ ղեկավարներ, դիվանագետներ, մասնագետներ, որոնք կկարողանան բանակցություններում մեր տեսակետը պնդել եւ անցկացնել, ինչը հնարավորություն կտա մի քիչ թեթեւացնել կորուստները: Սակայն մինչ այդ օրինական հարց է առաջանում. ինչո՞ւ հասանք այս վիճակին: 1994-ից սկսած ակնհայտ էր, որ ստեղծված իրադրությունը խաղաղ կարգավորել հնարավոր չէ: Ադրբեջանը շարունակաբար հզորանում էր եւ ուներ այնպիսի ագրեսիվ դաշնակից, ինչպիսին Թուրքիան է: Իրողություն, որի հետ մենք պետք է հաշվի նստեինք: Սակայն բոլորիս համար «անսպասելի» պարզ դարձավ, որ մեր թշնամին զինված է ժամանակակից գիտատեխնոլոգիական նվաճումների հիման վրա ստեղծված զենքերով, թռչող սարքերով, իսկ մենք դրանց դեմ համարժեք բան չունենք: Հենց դա էլ վճռորոշ եղավ: Մենք էլ, պետք է ոչ թե աջ ու ձախ չհիմնավորված հայտարարեինքՙ հաղթելու ենք, այլ օբյեկտիվ գնահատեինք իրավիճակը եւ ընտրեինք չարյաց փոքրագույնը, որ գոնե երիտասարդ սերունդը չնահատակվեր:

Ակամա օդում պատասխաններ ենթադրող հարցականներ են կախվում. եթե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունն իմացել է իրավիճակը եւ նման որոշում է կայացրել, ապա դա կարելի է դավաճանություն համարել: Իսկ եթե չիմանալով են արել, ապա վատ կառավարման հետեւանք է:

Հստակ է մեկ բան, որ այդ ամենի արդյունքում խորը ճգնաժամ է ստեղծվել Հայաստանում: Երկրի նախագահը, ընդդիմությունը, հասարակության զգալի մասը պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականըՙ առաջարկելով նոր, ժամանակավոր կառավարության ձեւավորում, որից հետոՙ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ակնհայտ է, որ երկրի կառավարման համակարգը չի արդարացրել իրեն, հետեւաբար պետք է փոխել այնպիսի համակարգով, որը կկարողանա այս վիճակից երկիրը հանել, միաժամանակ չանտեսելով թագավարակը, որովհետեւ այդ ասպարեզում նույնպես աշխարհում ամենավատ ցուցանիշներով ամենաբարձր տեղերում ենք:

Պատճառներից մեկն անկասկած այն դատապարտելի իրողությունն է, որ անկախության բոլոր տարիների ընթացքում գիտության ոլորտը շարունակաբար թերֆինանսավորվեց եւ ուշադրությունից դուրս մնաց: Դրա հետեւանքն էլ եղավ այն, որ երկրի պաշտպանական համակարգում հնարավոր չեղավ ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել: Օրինակՙ անչափ կարեւոր է, որ այսուհետեւ բոլոր հարցերում կարողանանք դրսեւորել սթափ, հաշվենկատ մոտեցումներ, քանի որ հենց այս օրերին շատ հարցեր պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Իսկ դրանք վարողները պետք է հիանալի տիրապետեն պատմությանը, միջազգային իրավունքին, դիվանագիտությանը, որպեսզի կարողանան գոնե մի քիչ մեր դիրքերը բարելավել: Նաեւ գիտության օգնությամբ է հարկավոր երկրի տնտեսությունը հանել այս վիճակից, որովհետեւ առանց հզոր տնտեսության չենք կարողանալու լուծել մեր պատմական խնդիրները:

Պատճառներից մեկն էլ այն է, որ վերջին իշխանափոխությունից հետո հասարակությունը խիստ պառակտված է եւ օր առաջ անհրաժեշտ է վերամիավորել այն, քանզի երկրում տիրող թշնամությունն ու անհանդուրժողականությունը պարզապես անթույլատրելի են եւ կարող են քայքայիչ հետեւանքներ ունենալ: Ուստի առանց վայրկյան կորցնելու այսօր Հայաստանում եւ Սփյուռքում բոլոր կարող ուժերը պետք է մտածեն համախմբվելու մասին: Թե չէ նախորդ դարերի նման հայերիս թվում է, որ բոլոր երկրները պարտավոր են մեզ օգնել եւ երբ այդ օգնությունը չի լինում, սկսում ենք աջ ու ձախ մեղադրանքներ հնչեցնել: Օրինակ վերջերս էլ իրար հերթ չտալով բարձրաձայնում ենքՙ Ֆրանսիան ու Ամերիկան չօգնեցին Հայաստանին, իսկ Ռուսաստանն էլ ուշացավ եւ այլն: Բայց երբեք մտքներովս չի անցել, թե մենք ինչ ենք արել նրանց համար: Մոռանում ենք մի անչափ կարեւոր հանգամանքՙ յուրաքանչյուր պետություն ունի իր շահը եւ ամեն մի քայլ նա կատարում է նախ եւ առաջ դրանից ելնելով: Այնպես որ, Ռուսաստանը հրադադարի հաստատման նպատակով զորք մտցրեց Արցախՙ առաջին հերթին իր ազդեցության գոտին պաշտպանելու համար, հետեւաբար ուշը կամ շուտը հարաբերական է: Չմոռանանք, որ մենք հայտարարել էինք, թե մեր հարցերն ինքներս կլուծենք, իրենք էլ այդ հույսով սպասել էին եւ թույլ տվել կռվենք մինչեւ իր ազդեցության գոտին, այսինքնՙ հայտնի կարմիր գիծը: Անհրաժեշտ է չմոռանալ, որ տարածաշրջանում մեր շահերն ինչ-որ տեղ համընկնում են Ռուսաստանի շահերի հետ, հետեւաբար երբեք կարիք չկա փորձարկումներ կատարել: Այլ բան է, որ եթե մի օր Ռուսաստանը որոշի իր արտաքին գերակայությունները վերանայել եւ տարածաշրջանից զորքերը դուրս բերել, ապա դա չի նշանակում, որ նա մեզ դավաճանեց, այլ հարկավոր է հասկանանք, որ այդ օրվան մենք պետք է պատրաստ լինենք այսօրվանից, թե չէ վաղն ուշ է լինելու..

Հարկավոր է վերջապես սթափվել, խելքի գալ եւ բոլոր երկրների նման սովորել սեփական շահերով առաջնորդվելու արվեստը, հզոր կենտրոնների հետ մեր պետական շահը համադրել կարողանալ, ինչպես որ արեց մեր թշնամինՙ իր երկրի շահը համադրելով Թուրքիայի եւ Իսրայելի տարածաշրջանային շահերին: Մենք պետք է սովորենք աշխատել պրագմատիկ տրամաբանությամբ: Միայն այդ դեպքում ամեն ինչ կհաջողենք եւ միայն այդ դեպքում կհաղթենք պատերազմում:

Հարկավոր է նաեւ պատմությունից դասեր քաղել, ինչու չէ, նույնիսկ թշնամուց սովորել: Իսկ երբ չես ճանաչում թշնմուն` արդեն պրտված ես: Պատմական իրողություն է, օրինակ, որ թուրքը դավաճան չունի, որ նրա պատմությունը զուրկ է դավաճաններից, որ շատ բաներ թուրքերը ոչ թե ունեին, այլ կառուցեցին իրենց թշնմիների թերությունները վերլուծելով: Հենց դրա համար էլ թուրքը դվաճան չունի: Նրանք դվաճանի գլուխը կտրում են, որ երբեք չխոսի նրա լեզուն: Քանի որ ամեն դվաճան իր արդարացումն ունի: Հետո էլ թուրքն ասում էՙ դվաճանեց թրքությանն ու կտրված գլխի լեզուն այլեւս թրքությունը արատավորող ոչ մի արդարացում չի կարող բերել: Պակաս կարեւոր չէ իմանալ, որ թուրքը նաեւ գայլի հզոր հոտառություն ունի: Նա հոտառությամբ զգում է, որ երբ իրեն մեղդրեն, ինքը թշնմուց վերցրածի որոշ մասը կտա մեղդրողին եւ նրանք կմոռանան իր կողմից հոշոտված թշնմուն: Թշնմուն ոչնչացնելու համար թուրքն օգտագործում է ամեն թույլատրելի ու անթույլատրելի միջոց, մինչեւ կհզորանա ու այս անգամ կհոշոտի մեղդրողին: Նա որպես կանոն համբերատար սպասում է մինչ իրեն հաղթող թշնմին իր գոռոզության մեջ կհասնի հիմարության ու կպարծենա իր առանձնահատուկ լինելով, ինչպես եղավ թե՛ հույների, թե՛ հայերի դեպքում: Թուրքը նաեւ լավ գիտի, որ անհատները մեռնում են, բանակները ապրում, որ մշակույթը ծառայում է, եթե երկիր կա: Իսկ եթե երկիրը թուրքինն է, ուրեմն նրանում գտնվող յուրաքանչյուր մշակույթ եւս կծառայի թուրքին:

Հայկական պատմական հողերի հաշվին տարածաշրջանային հերթական բաժանում իրականացրած Թուրքիան եւ Ռուսաստանն արդեն իսկ ենթադրելի է, որ սկսեն բաժանման ենթակա դիտարկումներ կատարել նաեւ Վրաստանի ուղղությամբ: Ընդ որում, «Վրացական երազանքը» հստակ կանխազգում է այդ վտանգը: Կարծում եմ հենց դրանով էր պայմանավորված Վրաստանի վարչապետ Գախարիայի հայտարարությունն այն մասին, որ եկել է Վրաստանում ԱՄՆ ներկայությունը մեծացնելու ժամանակը: Իսկ Նահանգները կարծես թե կոնկրետ արձագանք չտվեց երկրում ամերիկյան ռազմակայան հիմնելու գաղափարին: Իրավիճակ, որն ինչ-որ իմաստով կյանքի է կոչվում նաեւ Վրաստանի նկատմամբ նախապես կայացրած դատավճիռըՙ Էրդողանը Հայաստանի հետ միասին Վրաստանին եւս դուրս է դնում տարածաշրջանային կարեւորագույն որոշումներից: Միեւնույն ժամանակ, Վրաստանի հարցում ամեն ինչ կարծես թե արդարացի է: Վերջին հաշվով, Թբիլիսին ինքն է տարիներ ի վեր դիրքավորվել ոչ իբրեւ ռազմավարական խաղի պատրաստ պետություն, այլ որպես թուրք-ադրբեջանական տարանցիկ միջանցք, որը նաեւ անխափան գործեց Հայաստանը խաղից դուրս դնելու պատերազմի ընթացքում: Իսկ ինչպես ասում ենՙ «ոչ մի բարի գործ չի մնում անպատիժ»:

Ի վերջո, փորձում եմ հասկանալ, թե վերջին հաշվով ինչ է կատարվում մեր հայրենիքում եւ ինչ պետք է անել: Այն, որ այսօրվա իշխանությունը լիովին չի տիրապետում իրավիճակին եւ պետք է օր առաջ հրաժարական տա, փաստ է: Նրան պետք է փոխարինի ժամանակավոր հակաճգնաժամային իշխանությունը, որը պետք է բոլոր ոլորտներում իրականացնի այնպիսի հրատապ փոփոխություններ, ինչպիսիք են.

ա) օրենքով անհապաղ արգելվի սեւ ու սպիտակ գաղափարի գործունեությունը, բ) ստեղծվի իրական համերաշխություն հասարակության բոլոր շերտերի միջեւ, գ) հաստատել սերտ համագործակցություն ռուսների հետ, դ) իրականացվի բարձր մակարդակի ինքնակազմակերպում, որի համար շատ քիչ ժամանակ ունենք: Հարկավոր է ձերբազատվել ինքնախաբեության գրավիչ շրջապտույտից եւ խորությամբ ըմբռնել, որ 2021-ը մեզ համար լինելու է ճակատագրական. կա՛մ մենք կվերականգնվենք եւ կազատագրենք մեր Արցախը, կա՛մ կվերանանք ընդմիշտ: Իսկապես, ոչ ցանկալի այս իրավիճակում հարկավոր է սթափվել եւ լավագույնս իրականացնել այս իրավիճակը եւ վերելքից առաջ բոլորիս հոգու ժանգը մաքրելու բացառիկ հնարավորությունը: Պետք է հիշելՙ թուրքը նույնն է, նա հասկանում է մեկ լեզու եւ դա ուժի լեզուն է: Նա պետք է վախենա հայից, որ կանգ առնի: Որպեսզի այն տեսակետը, թե «ամենաշատն է զարմացնում հայերի մոտ, որը չես հանդիպի այլ ազգերի մոտ. անկոտրում կամքը, ոգին է: Եթե այլ ժողովուրդներ եւ երկրներ ապրեին այն աշխարհագրական տարածքում, որտեղ հայերն են ապրումՙ միշտ շրջապատված թշնամական երկրներով, այժմ վաղուց գոյություն չէին ունենա: Հայերը ոչ միայն գոյություն ունեն, այլ նաեւ զարմացնում են աշխարհին` իրենց մշակույթով, գիտությամբ, երաժշտությամբ, արվեստով: Մի խոսքով` Մեծ ժողովուրդ են: Եւ պատմականորեն մեր առաքելությունն է ապահովել այդ Մեծն հայ ժողովրդի անվտանգությունը այս բարդ տարածաշրջանում» (Վլադիմիր Սոլովյով) երբեք չփոխվի, այլ ընդհակառակըՙ իր կենսունակությամբ ու հարատեւելով ավելի ու նոր սերունդների եւս զարմացնի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ