RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2021



Տեղադրվել է` 2021-02-12 22:06:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1134, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԴ-ՄԵՂԵԴԻՆ

Ռուսերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուսլիմ Մագոմաեւի հուշերից (1942-2008)

«Լիտերատուրնայա գազետա», Մոսկվա, 20.01.2021

Մենք իրար հանդիպեցինք այնպես, ասես վաղուց էինք իրար ճանաչում: Ցույց տվեցի նրան իր «Սոֆիի» տեսագրությունը: Նա զարմացավ, թե ինչ հեշտ եւ արագ հաջողվեց տիրապետել շեշտադրությանը: Ասաց. «Դժվարն սկսելն է»: Առաջին երգը, որ գրեց ինձ համար, «Սպասումն» էր Հարոլդ Ռեգիստանի բանաստեղծության հիման վրա: Առնոն գիտեր նեապոլիտանական երգի հանդեպ իմ կրքի մասին, այնպես որ երգը ստացվել էր հենց այդ եղանակային ոճով, բայց Արեւելքի բույրով: Ես այն երգում էի ե՛ւ Առնոյի դաշնամուրի նվագի ներքո, ե՛ւ էստրադային, ե՛ւ սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Այն մտավ իմ լավագույն սկավառակների մեջ: Միգուցե «Սպասումը» հիթ չէր, բայց հենց այդ երգը դարձավ իմ եւ Առնոյի համատեղ այցեքարտը:

Այնուհետեւ նրա հետ «զարկ տվեցինք» թվիսթներին ու շեյքերին ի՜նչ արած, երգերը նույնպես իրենց նորաձեւությունն ունեն: Մեր երկրում առաջին թվիսթը Յուրի Սաուլսկիի եւ Միխայիլ Տանիչի «Սեւ կատուն» էր: Եվ պետք է նկատել, որ «գրաքննական ականջները» դժբախտ սեւ կատվի «հետապնդմամբ» տարվածՙ բազում անգամներ լսեցին իմ ու Բաբաջանյանի թվիսթները:

Առնոն բացառիկ շնորհ ուներՙ նա հաջողացնում էր, լսելով հանրահայտ թեմա եւ վերցնելով որոշ ոճային տարրեր, ձուլել սեփական մեղեդիի ոսկուն: Այսպես, «լսողությունը լարելով» Ադրիանո Չելենտանոյի «Քսանչորս հազար համբույր» թվիսթին, գրեց իր «Երկրի լավագույն քաղաքը» թվիսթը: Երգի ստեղծման պահին Առնոյի համար կարեւորը երաժշտությունն էր, ո՛չ բառերը: Երբ նա գրում էր «Գեղեցկության թագուհին», ասում էր. «Ուզում եմ մի տեսակ... բուրավետ երգ...»: Նա ուզում էր, որ երգը լիներ «Իսկ դու գնացիր, իմ Մարուսյա»-ի ոճի: Գուցե երգը այդպիսին էլ ստացվերՙ ինչ-որ բույրիկով, եթե չլիներ Անատոլի Գորոխովի բանաստեղծությունը, որն էլ հանգեցրեց գեղեցկության թագուհուն (չնայած այն ժամանակ դեռ ոչ մի թագուհի չունեինք) ու ամառվան, որը թափառում է նրբանցքներում:

Թերությունները մեր արժանիքների շարունակությունն են: Առնոյի խառնվածքըՙ նրա ինքնաարտահայտման շտապողականությունը, սահմանակցում էր այն բանի հետ, որը կարելի է անվանել ստեղծագործական ագահություն: Եվ դրա հետ մեկտեղ նա ասես կողոպտում էր ինքն իրենՙ կանխելով իրադարձությունները: Դրա համար նա «խորտակեց» իր հազիվ ծնված բազում լավ գործերը, որոնք մնում էին հանրահայտության շեմից այն կողմ:

Նիկոլայ Դոբրոնրավովի հետ գրեց «Հպարտություն» երգը («Եկավ տխուր երգի վերջը»): Շատ գեղեցիկ ստացվեց, այն կարող էր հիթ դառնալ, միայն ժամանակ էր հարկավոր, որպեսզի, ինչպես հիմա են ասում, «շրջանառության մեջ դրվեր»: Ես այդ երգը մի քանի անգամ երգեցի, եւ այդտեղ Բաբաջանյանը, որը, ինչպես միշտ, շտապում էր, «խեղդեց» այնՙ թողարկելով հերթական հիանալի երգըՙ «Շնորհակալ եմ քեզ»: Այն գերհանրաճանաչ դարձավ, եւ այնպես ստացվեց, որ մի հիթը սպանեց մյուսՙ պոտենցիալ հիթին: Այդպիսի ճակատագիր ունեցավ նաեւ «Անսպասելի ժամին» սքանչելի երգը («Ինչ երկար էինք գալիս դեպի իրար»). դրան «ոտք գցեց» «Մի՛ շտապիր» երգը: Նույնիսկ «Սատանայի անիվին» Առնոն թույլ չտվեց ամբողջությամբ շրջանառության մեջ մտնել, չսպասեց մինչեւ այն հասնի իր հռչակավորության գագաթնակետին ու անմիջապես «հանձնեց» «Հարսանիքը»:

Բաբաջանյանի անհամբեր տաղանդը ասես ինքն իրեն կրնկակոխ հետապնդելիս լիներ: Մեղեդիները «սեղմում» էին նրանՙ ծնվելով մեկը մյուսի հետեւից: Առնոն ինձ էր նայում իրՙ ասես տանիք կապած հոնքերի տակից ու դեռահաս-հանճարի պարզամտությամբ բացատրում էր

- Հասկանո՞ւմ ես, ծերուկ, բռնեցի, ուրիշ մեղեդի գրեցի: Ու այն ավելի լավն է: Իսկապես ավելի լավն է...

Ամեն անգամ նա համարում էր, որ հենց իր նոր ստեղծագործությունն է, որ կա իր անմահ մեղեդին: Իսկ հին մեղեդին, որը չէր էլ հասցնում երիտասարդ լինել, աչքաթող էր անում: Իհարկե, այդ ամենը նրա մեղքը չէր, այլ ավելի շատ փորձանք էր, որը կապված էր մեր այն ժամանակվա թեթեւ երաժշտության բնագավառում պրոդյուսերների դպրոցի բացակայության հետ: Արեւմուտքում դա վաղուց ամբողջ ուժով ծաղկում էր, իսկ մեզ մոտ նոր պատրաստվում էր ծլել...

Ինձ համար հիմա դժվար է ասել, թե ինչու Բաբաջանյանի ստեղծագործական կարիերան դասավորվեց այս եւ ոչ այլ կերպ: Զանգվածային ունկնդրին նա հայտնի է որպես փայլուն երգահան, լուրջ երաժշտության գիտակներինՙ որպես ակադեմիական ստեղծագործությունների հեղինակ: Ես միշտ զգում էի, որ նա ուզում է լուրջ երաժշտություն գրել, որը նա գրում էր հնարավորության սահմաններում:

Եվ, այնուամենայնիվ, նրա հոգին ծաղկում էր մեղեդիի մեջ: Երբեմն մարդու մասին ասում են, որ նա մարդ-նվագախումբ է: Բաբաջանյանի մասին կարելի է ասել, որ նա մարդ-մեղեդի էր: Նրա երգերը վառ արտահայտված մեղեդային բնույթ ունեն: Նրա մեղեդիները պարզապես գեղեցիկ չեն, դրանք զգայական են: Դրանց զվարթությունը խանդավառող է, իսկ տխրությունըՙ խոցող: Հնարավոր է, որ հենց երգերն էլ շեղեցին նրան «ճշմարիտ» ուղուցՙ դառնալով նրա համար գայթակղություն: Սակայն երգերի մեջ էլ նա մնում է մասշտաբային կոմպոզիտոր: Երբ նա դրանք կատարում էր դաշնամուրով, նրա ձեռքերի տակ մի ամբողջ նվագախումբ էր հնչում: Իսկ նրա երգերը նվագախմբի կատարմամբ լսելովՙ ինքս ինձ ասում էի. «Առնո, դրանք դաշնամուրով ավելի հյութեղ ու հաստատուն են»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ