RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2021



Տեղադրվել է` 2021-02-12 22:06:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 655, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑԱՎԻ ԱՐՄԱՏԱՑԱԾ ԵՐԱՆԳՆԵՐ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ 3-րդ կուրս լրագրություն

Ցավի գույնը արմատացած մուգ երանգներ ունի, ու հանդերձանքի ինչ գույն էլ ընտրենքՙ մեկ է, մեր ներսում մութ է ավելի: Եռաբլուրում պետությանը գրկած մատաղ հոգիները ,արժանապատիվ մնալու ծանրությունը թողել են մեզ, փոխարենը իրենք տան սենյակում տեղավորվել են զինվորական համազգեստով լուսանկարի մեջ:

Մարինան անշարժ, ձեռքերը ոտքերին դրած, նստած էր բազմոցին, տան անկյունում փայտի վառարանն էր, շուրջբոլորըՙ մեկ սենյակում հավաքված էին Մարինայի ծնողները, քույրը, տատիկը: Երեխաներից ավագըՙ 2 տարեկան Արտյոմը, քնած է, իսկ 4 ամսական Ալեքսը հետեւում է անցուդարձին: Ամուսնուՙ Սասուն Ավագյանի հետ կինը վերջին անգամ սեպտեմբերի 26-ին էր տեսնվել. նա պայմանագրային զինծառայող էր: Պատերազմի սկսվելուն պես Մարինան երկու երեխաների եւ սկեսրայրի հետ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից տեղափոխվել է Հայաստան :

«Երեխաները փոքր են, հոր կուրուստը դեռ չեն հասկանում, միայն ժամանակ առ ժամանակ Արտյոմը հորն է հիշում եւ սենյակով մեկ քայլումՙ պապա, պապա ասելով»,- ասում է նա:

Հոկտեմբերի 14-ից հետո Սասունի հետ այլեւս որեւէ կապ չի եղել: Զինակից ընկերներից մեկը պատմել է, որ նրան վիրավոր է տեսել, հետո ասել է, որ մահացել է:

«Ես իմ ամուսնական կյանքը նոր պետք է վայելեի, ի՞նչ հասկացա իմ կյանքից, նոր-նոր էինք ոտքի կանգնել, տունը պիտի վերանորոգեինք, անասուն առնեինք, էնքան պլաններ կային: Գոնե նրա մարմինը տեսնեմ, կարողանամ վերջին հրաժեշտ տալ, մինչ օրս նրան պատկանող որեւէ իր չի գտնվել»- արցունքն աչքերին պատմում է Մարինան:

Զրույցն ընդհատվում է ոտքերի թփթփոցի ձայնից. Արտյոմն է, բրդյա գուլպաներով սենյակի մի անկյունից մյուսն է վազում:

- Երեխա է, ուզում է դուրս գալ, խաղալ,- ասում է Մարինայի տատըՙ Մարո Մինասյանը :

Չնայած տնակի մեջտեղում դրված վառարանի մեջ նոր են փայտ գցելՙ տնակը չի տաքանում: Պատերի ներսում տիրող տրտմությունը, դանդաղ սողալով, տարածվում է ամբողջ մարմնովդ: Մարինան զգուշությամբ սեղանին է դնում ամուսնու նկարները, դասավորում է այնպես, որ ամեն ինչ տեսանելի լինի, Արտյոմն էլ է մոտենում սեղանին, փորձում է հպվել նկարների շրջանակներին, բայց ձեռքը նորից հետ է տանումՙ հավանաբար վախենալով վնասել:

«Ես հիմա ի՞նչ անեմ, ո՞նց գտնեմ մարմինը, բոլոր հիվանդանոցներում եղել եմ, դիահերձարաններում եղել եմ, չկա, ասում ենՙ սպասեք, բայց ես իմ երեխուն ի՞նչ պատասխան տամ, էլ ո՞նց ասեմՙ սպասիր, չկա.....»,- հարցնում է Գեղամ Մինասյանը ՙ Մարինայի հայրը:

Սասունը Շուշիին տվել է ամենաթանկըՙ իր կյանքը, իսկ իր տան սենյակում տեղավորվել զինվորական համազգեստով լուսանկարի մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ