ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԱՅԳԵՁՈՐ ՆՈՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ Այգեձորը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում` հայ-ադրբեջանական սահմանի մոտ` մարզկենտրոնից 75 կմ հարավ-արեւելք, Ախնջա գետի ափին: Խոսել սահմանամերձ գյուղի բնակիչների մասին, բնութագրել նրանց առօրյան` դժվարությամբ է ստացվում. յուրաքանչյուր օր վախով քնող, սակայն երբեւէ հույսը չկորցրած մարդիկ են ապրում այստեղ` որոնց երազանքը միայն աշխարհում խաղաղության հաստատումն է: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր օր գյուղացիները ստիպված են կրակոցներ լսել, ապրել համատարած վախի մթնոլորտում, «պայքարել» իրենց օրվա գոյության համար` մենք կարողացել ենք պահպանել գյուղացուն հատուկ մաքրությունը, միամտությունն ու մարդասիրությունը: Գյուղում խնդիրները շատ չեն` կան աշխատատեղերի խնդիրներ, սակայն հողի ուժը շարունակում է պահել մեզ մեր հայրենի գյուղում: Համատարած վախի մթնոլորտ է, թշնամին մի քանի հարյուր մետրի վրա է ու մտքում հյուսում է հերթական դավադրությունը: «Ամեն երեկո քնելուց առաջ ասում ենք` տեսնես հաջորդ առավոտ կարթնանք, թե՞ չէ: Դա ենք զգում: Ու որ առավոտն արթնանում ենք` անկախ մեզնից ասում ենք` փառք Աստծո, դեռ սաղ ենք»: «Աշխատանք չկա, հող ենք մշակում բահերով: Մտնում ենք` այգին, որ մի քիչ գործ անենք, տեսնում ենք կրակում են` փախչում ենք: Արդեն էլ փորներումս սիրտ չի մնացել: Ամեն րոպե կրակոց. դադարներով, անսպասելի»: Այգեձորցիները հանգիստ չունեն անգամ երազում` «ամեն րոպե երազում էլ տեսնում ենք` որ եկան, կրակեցին»: Որպես իսկական հայ տղամարդ` այգեձորցին վստահ է. «Գյուղը մենք կպահենք` ինչ էլ որ լինի, մենք կանգնած ենք` մեծից փոքր»: Ընդհանուր լարված մթնոլորտն իր ազդեցությունը չէր կարող չթողնել երեխաների հոգեբանության վրա: Մեր պաշտպանական դիրքերը հայ զինվորները լավ են պաշտպանում, թերացում չկա: Մենք պիտի շենացնենք մեր գյուղը, որ հարեւան ադրբեջանցիները տեսնեն, որ մեզ համար կրակոցները կարեւոր չեն: |