ԱՆՑՈՒՄ N1 ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՍՐՏՈՒՄ ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս Մարտի 21-ին խորհրդային տարիներից հիշվող «Անցում No.1» -ը վերաբացվեց նոր ձեւաչափովՙ վերածվելով քաղաքակիրթ, ժամանակակից գետնանցման: ԱՆՑՈՒՄ N1-ը, ինչպես եւ նախկինում, ունի 4 մուտք, գեղեցիկ եւ հարմարավետ ինտերիեր, շարժասանդուղք, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված էլեկտրական անցուղի, գերժամանակակից դիզայն, ամբողջությամբ վերափոխված ինտերիեր, մի խոսքովՙ երիտասարդների համար էլ լուսանկարվելու, ժամանակ անցկացնելու նոր վայր: Անցումներում կհանդիպեք մեր մեծերինՙ Գոհար Գասպարյան, Կոմիտաս, Պարույր Սեւակ, Եղիշե Չարենց, Առնո Բաբաջանյան, Սերգեյ Փարաջանով, Գալյա Նովենց եւ այլք, բոլորն էլ այն աշխարհից: Անասելի հաճելի է, որ արդի դիզայնում մեծ կարեւորություն է տրվել նաեւ մեր մեծերին: Անցումը շատ մեղմ գունային լուծումներով է, այն բնավ չի հոգնեցնում, միեւնույն ժամանակ նորաոճ է ու անկասկած մեր սիրելի մայրաքաղաքին թարմ տեսք կփոխանցի: Նախկինում այստեղ գործել է նաեւ հանրախանութ, որի տարածքում այժմ գործելու են սննդի կետեր, սուպերմարկետ, բանկ, վաճառակետեր եւայլն: Բացման շնորհանդեսին ներկա էին քաղաքացիներ, գործարարներ, մշակութային գործիչներ, երիտասարդներ, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն մեր սիրելի Երեւանի հանդեպ: Տոնական ժապավենը կտրեցին TASHIR group խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը եւ Հայաստանի ճարտարապետների միության նախագահՙ Մկրտիչ Մինասյանը: |