RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-03-25 22:59:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 538, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱԹԱԹՎԻ՛Ր... ԱՐՎԵՍՏՈՎ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս

Աշխարհի տարբեր թանգարաններում ամեն անգամ կտավից կտոր տեղափոխված արվեստի գործ տեսնելիս` Արեւիկ Առաքելյանը հիանում եւ երազում էր դրանց փոխարեն հայկական արվեստը տեսնելու մասին: Մանկուց կերպարվեստի հանդեպ ունեցած սերն ու նորաձեւության հանդեպ աճող հետաքրքրությունը գումարվելով` տարիներ անց ծնունդ տվեցին «Արտույտ» ապրանքանիշին:

«Շատ էի ուզում, որ ապրանքանիշի անվան մեջ լինի «art» (արվեստ - խմբ.) բառը եւ այն անպայման հայկական լինի: Երկար չմտածելովՙ հորինեցինք անունըՙ «Արտույտ»: Այժմ մեր մետաքսե թռչունն իր թեւերի վրա հայկական մշակույթ է աշխարհում տարածում»,- մեզ հետ զրույցում պատմեց Արեւիկը:

«Արտույտ» ապրանքանիշը հիմնադրվել է 2016թ. հոկտեմբերինՙ նպատակ ունենալով ճանաչելի դարձնել հայկական ձեռագործ արվեստը Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Ընկերությունը համագործակցում է ժամանակակից նկարիչներ Միհրան Ավետիսյանի, Կարեն Սմբատյանի, Տաթեւ Ղամբարյանի, ինչպես նաեւ թանգարաններիՙ Մատենադարանի, Երվանդ Քոչարի եւ Սերգեյ Փարաջանովի թանգարանների հետ: Այսօր նա շարֆեր է մատակարարում նաեւ Հայ առաքելական եկեղեցուն, պետական մարմիններին, որոնք նվիրում են դրանք բարձրաստիճան հյուրերին:

«Առաջին շարֆը գնել է մայրիկս, ու կրում է մինչ օրս: Այն ինձ հիշեցնում է բոլոր խոչընդոտների մասին, որոնց բախվեցի, ինչպես եւ երջանկության այն պահերի մասին, որ ապրեցի մեծ ու փոքր հաջողություններից», ասում է գործարար կինը հավելելով,որ հայ նկարիչների կտավները գեղեցիկ կնոջ պարանոցինՙ չեն կարող անտարբեր թողնել արվեստի գիտակներին ու սիրահարներին:

Արվեստն ու նորաձեւությունը համադրած «Արտույտը» արդեն հասցրել է զարդարել մի շարք ճանաչված մարդկանց պարանոցը: Արեւիկի շարֆերից են կրում Անգելա Մերկելը, Քիմ Քարդաշյանն ու Հայաստանի հայտնի տիկնայք:

«Երբեք թեւաթափ չեմ եղել ու մեծ ջանքեր եմ գործադրել նպատակիս հասնելու համար: Հիմա կարող եմ հստակ ասել, որ աշխատանքս տվել է իր արդյունքը»,- ասում է նա:

Վերջերս գործարկված artuyt.com կայքում տեղադրված բոլոր նմուշները, հիմնադիր-տնօրենի խոսքով, կարող են առաքվել աշխարհի որեւէ կետ: Թեկուզ արտաքին շուկա դուրս գալու ավանդական եղանակը մի քանի երկրներում` Ավստրիա, Չեխիա եւ այլն, գործում է, բայց 21-րդ դարում օնլայն վաճառքն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում թե՛ վաճառողին, թե՛ գնորդին:

Հայկական «Արտույտ» բրենդն առաջարկում է փաթաթվել արվեստովՙ միաժամանակ զգալով նորաձեւության շունչը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ