«ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔՆ» ՈՒ ՔՊ-Ն ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԳՅՈՒՄՐԻՆ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Նոր քաղաքապետը Վարդգես Սամսոնյանն է Սամվել Բալասանյանը Գյումրու արդեն նախկին քաղաքապետն է, բայց համայնքային իշխանությունն այժմ կգլխավորի հոկտեմբերի 17-ի տեղական ընտրություններում առավելագույն թվով ձայներ ստացած հենց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության թեկնածու, նոյեմբերի 1-ին նոր ավագանու առաջին նիստում քաղաքապետ ընտրված Վարդգես Սամսոնյանը : Վերջինս մինչ այդ ղեկավարում էր քաղաքի կոմունալ ծառայությունը: Կայացած ընտրությունների արդյունքներով, որոնց մասնակցեց Գյումրու ընտրողների ընդհանուր թվի սոսկ 24,14 տոկոսը, 33 տեղանոց համայնքային ավագանիում 14 մանդատ ստացավ հիշյալ դաշինքը, 11 մանդատՙ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը, 4 տեղՙ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, 2-ականՙ Հայաստանի հանրապետական եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները: Հետընտրական օրերին խոսակցություններ եղան, թե բալասանյանցիները հավանաբար դաշինք կկազմեն «Զարթոնքի» հետ, սակայն անդրկուլիսային բանակցություններից հետո հոկտեմբերի 30-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց «Բալասանյան դաշինքի» եւ ՔՊ-ի միջեւ, որով նաեւ պայմանավորվածություն եղավ, որ վերջինիս ներկայացուցիչները կնշանակվեն երկու փոխքաղաքապետների պաշտոններին: Մի կողմից սա գուցե կարելի է պայամանավորել իշխանության կողմից հնարավոր ճնշումներով ու «նախազգուշացումներով», մյուս կողմից երեւի տրամաբանությանը հակառակ չէ, որ համատեղ պատասխանատվություն են ստանձնում առաջին եւ երկրորդ ամենաշատ քվեները ստացած խմբակցությունները, ինչպես իրենք են նշելՙ ի շահ քաղաքի: Վարդգես Սամսոնյանն ինքն ասել է, թե իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ համագործակցությունը կօգնի ավելի լավ լուծել քաղաքի առջեւ ծառացած խնդիրները: Նա նաեւ հույս է հայտնել, որ ավագանու նիստում իր թեկնածությանը դեմ քվեարկած «Զարթոնք», ՀՀԿ եւ «Ապրելու երկիր» խմբակցությունների ներկայացուցիչները եւս, տեսնելով իրենց աշխատանքը, ի վերջո կսկսեն համագործակցել իրենց հետ: Դիմելով ավագանու անդամներին ու գյումրեցիներին եւ շնորհակալություն հայտնելով կայացած ընտրության համար, Սամսոնյանը վստահություն է հայտնել, որ հինգ տարվա համատեղ անցնելիք ճանապարհն իրենց հնարավորություն ու իրավունք է տալու պարզճակատ կանգնել համաքաղաքացիների առջեւ եւ փաստել, որ արել են հնարավորն ու անհնարինըՙ ավելի լավ Գյումրի ունենալու համար: Ինչպես ասում են, կապրենք կտեսնենք: Իսկ առայժմ շնորհավորենք ու հաջողություն մաղթենք քաղաքային նոր իշխանությանը: Նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը կայացավ երեկ, նոյեմբերի 4-ին: |