RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021



Տեղադրվել է` 2021-11-06 01:06:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 2504, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԴՐԱԴԱՐՁ

«Ազգ»ի այսօրվաՙ նոյեմբերի 5-ի համարում տպագրել էինք «Բաքվի անվտանգությունը նույնքան կարեւոր է մեզ համար, որքան, Թել Ավիվինը» վերնագրով մի տեղեկույթ, որը շատ համառոտ ներկայացնում էր մեր թերթի առաջիկա համարում թարգմանաբար հրապարակվելիք մի հարցազրույցի հիմնական մտքերը։ Գրել էինք, որ հարցազրույցը անցկացվել է Գիլ Հոֆմանի եւ իսրայելական գաղտնի ծառայությանՙ Մոսադի նախկին ղեկավարներից, անվտանգության գծով վարչապետի նախկին խորհրդական Ուզի Արադի միջեւ։

Մեր հրապարակումից անմիջապես հետո իմացանք, որ նույն հարցազրույցին անդրադարձել է նաեւ մեր կողմից շատ հարգված վերլուծաբան-պատմաբան Արմեն Այվազյանը, որը ցարդ մեզ անհայտ աղբյուրներից իրազեկ դառնալով, որ լրագրող Գիլ Հոֆմանը հերքել է Մոսադի նախկին պաշտոնյայի հետ հարցազրույց վարած լինելու փաստը, այսուհանդերձ իր կողմից անդրադարձել է նույն հարցազրույցինՙ իր հետաքրքրական եւ ուշագրավ մեկնաբանություններով։

Հարկ համարեցինք մեր ընթերցողներին ներկայացնել պրն Այվազյանի այդ դիտարկումները, մեր հերթին հանձն առնելով հարցազրույցի վավերականությունը ստուգելու պարտականությունը։

«ԱԶԳ»


Եվ այսպես, Գիլ Հոֆմանը հերքում է, որ ինքը Մոսադի վետերան Ուզի Արադի հետ հարցազրույց է վարել իսրայելա-ադրբեջանական ռազմաքաղաքական կապերի մասին։ Նա հայտարարում է, որ կեղծ է նաեւ իր անվամբ բացված այն բլոգը, որտեղ հրապարակվել է այդ նյութը։ (Այդ հարցազրույցի մասին գրել էի երեկՙ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1106375923233651&id=100015837611475)

Պայմանականորեն ընդունենք, թե իրոք այդպես է։ Այդ դեպքում ո՞վ է իր անվամբ բլոգ բացել եւ ի՞նչ նպատակով է բավական մանրակրկիտ աշխատանք տարել, որպեսզի տարածվեն Ուզի Արադի ենթադրյալ հարցազրույցի մեջ հրապարակված տվյալները։ Երկու հնարավոր պատասխան կա.

ա) նույն Իսրայելի հետախուզությունըՙ Իրանին սադրելու եւ Ադրբեջանի հետ բախում կազմակերպելու նպատակով,

բ) որեւէ այլ պետության, առաջին հերթին, Իրանի հետախուզությունըՙ իր ձեռքբերած գաղտնի տեղեկությունները միջազգային ասպարեզում առավել արդյունավետորեն հրապարակայնացնելու, այդպիսովՙ Ադրբեջանին, Թուրքիային, Իսրայելին եւ ԱՄՆ-ին ցույց տալու իր հետախուզական կարողությունները, ինչպես նաեւ նախազգուշացնելու իր դեմ քայքայիչ գործողություններ իրականացնելու հետեւանքների մասին։

Հարցազրույցում չկա որեւէ այնպիսի լուրջ մի բան, որ հատուկ հերքման կարիք ունենա։ Իսրայելը տասնամյակներով Ադրբեջանին օժանդակել է ռազմական բնագավառում։ Այդ մասին գոյություն ունեն բազմաթիվ այլ հրապարակված նյութեր։ Կարդանք, օրինակ, հարցազրույցի հետեւյալ պարբերությունը.

«Վերջին 24 տարիների ընթացքում ավելի քան 50 իսրայելցի բարձրաստիճան հրամանատարներ ՆԱՏՕ-ի հովանու ներքո եւ Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ կարողացել են վերակառուցել եւ կազմակերպել Ադրբեջանի ռազմական կառույցը։ Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ կարողացել են վերակառուցել եւ կազմակերպել Ադրբեջանի ռազմական կառույցը։ Ադրբեջանին ռազմական զենք վաճառելը, անօդաչու թռչող սարքերի արտադրության առաջադեմ գործարանների կառուցումը, Ադրբեջանի բարձրագույն ռազմական հրամանատարների համար 146 վերապատրաստման դասընթացների անցկացումը եւ բազմակի գաղտնի տարեկան համատեղ զորավարժությունների անցկացումը Կասպից ծովում, հարավային Ադրբեջանում եւ Հայաստանի հետ սահմաններում Թել Ավիվի եւ Բաքվի համագործակցության հիմնական ոլորտներից են»։

Ի՞նչն է վերն ասվածում անհավատալի կամ անհավաստի։ Ոչի՛նչը։ Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել դաշինքն ընդդեմ Հայաստանի եւ Իրանի հաստատում չի պահանջում։ Բերված թվերն էլ միանգամայն ճշմարտանման ենՙ 50 իսրայելցի բարձրաստիճան հրամանատար հաստատ աշխատած կլինի ադրբեջանական բանակի հետ եւ, բացի նրանցից, հարյուրավոր ոչ բարձրաստիճան սպաներ ու մասնագետներ եւս ներգրավված են եղել այդ գործում։

Իսկ գուցե անհավատալի է «Ադրբեջանի բարձրագույն ռազմական հրամանատարների համար 146 վերապատրաստման դասընթացների անցկացումը եւ բազմակի գաղտնի տարեկան համատեղ զորավարժությունների անցկացու՞մը»։ Դարձյալ խելքին մոտ թվեր են։ Թեկուզեւ գուցե 146 դասընթաց չի եղելՙ եղել է 85-ը, 110-ը կամ 221-ըՙ որեւէ էական բան դրանից չի փոխվում։ Ես հակված եմ հավատալու հրապարակված թվին։

2010 թվականի օգոստոսի 16-ի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության մասին պազմանագիրը, ի թիվս այլ բաների, նախատեսում է «փոխօգնությունՙ օգտագործելով բոլոր հնարավորությունները», «եթե կողմերից մեկը ենթարկվի զինված հարձակման կամ ագրեսիայի երրորդ պետությունից կամ պետությունների խմբից» (հոդված 2)։ Կարո՞ղ էր ՆԱՏՕ-ի անդամ առանձին պետությունը կնքելով նման պայմանագիր երրորդ պետության հետ, չունենալով ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների համաձայնությունը։ Չէ՛ր կարող։

Ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշինքը, ըստ էության, Ադրբեջանի համար փոխարինել է ՆԱՏՕ ընդունվելու «սպասման ռեժիմին»։ Սա ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների համար ամենահարմար միջանկյալ լուծումն էՙ հաշվի առնելով ժողովրդավարության բացակայությունը եւ Բաքվի իշխանական համակարգի կոռուպցիոն հիմքը։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ «Ամենաբարձր մակարդակով ադրբեջանա-թուրքական ռազմական երկխոսություն» հարթակը հիմնադրվել է նույն 2008 թվականին, երբ ստեղծվել է նաեւ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը։ ՆԱՏՕ-ի ու Վրաստանի, մյուս կողմիցՙ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ համագործակցության խորացման համակարգումն ու սինխրոնիզացիան առավել քան թափանցիկ են։ Ադրբեջանը պարբերաբար մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին (ի դեպ, այս տարի էլ է մասնակցել)։ Կարեւոր փաստ է, որ Բաքուն իր զինվորականներին վերապատրաստման է ուղարկում Թուրքիա, Եվրոպա եւ ԱՄՆ։ Ավելին, Անդրկովկասում գործող ՆԱՏՕ-Վրաստան եւ Թուրքիա-Ադրբեջան կոալիցիաները փոխկապակցված են նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ եռակողմ ռազմական համագործակցության առանձին ձեւաչափի հետ, որը բացահայտորեն հովանավորվում ու վերահսկվում է ՆԱՏՕ-ի կողմից։

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի աջակցությունն վերը նշված ԲՈԼՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ակնհայտ է։ Ամենակարեւորն այն է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Իսրայելը չէին կարողՙ առանց ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի լռելյայն համաձայնության, Հայաստանի դեմ անել այն, ինչ նրանք արեցին 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում։ Դա ապացուցվում է նաեւ նրանով, որ ոչ պատերազմի ընթացքում, ոչ էլ պատերազմից հետո ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից չի հնչել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իսրայելի հասցեին ոչ մի պաշտոնական բողոք կամ դատապարտում, էլ չեմ խոսում լուրջ պատժամիջոցների մասին։

Ի՞նչն է այս հարցազրույցում, որ գուցե հավելյալ ճշտման կարիք ունի։ Թերեւս, միայն հետեւյալ սենսացիոն պնդումը.

«Ադրբեջանի Անվտանգության ծառայության շենքի մեկ հարկում Մոսադի սպաների տեղակայումը` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների կողքին աննախադեպ է։ Որեւէ այլ երկրում նման բան չկա»։

Իսկ ահա այս չափազանց հետաքրքրական տեղեկության ճշտումով թող զբաղվեն արդեն ՀՀ հատուկ ծառայությունները, եթե նրանց առհասարակ թույլատրված է այդ ուղղություններով աշխատանք ծավալել։

Մնացածըՙ քնարերգություն է։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ