ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ ՆԱԻՐ ՅԱՆ Երեւանի շտապօգնության 6-րդ ենթակայանի վարարոդները հրաժարվել են աշխատել, կանչերը սպասարկել եւ դուրս են եկել բողոքի: Աշխատավարձը քիչ է: Ասում են, որ ամսական աշխատում են 7-10 օրՙ հերթափոխով: Մեկ հերթափոխի համար ստանում են 11.300 դրամ, իսկ ամսվա վերջում ընդհանուր աշխատավարձը կազմում է ընդամենը 113 000 դրամ: Վարորդները բողոքում են, որ աշխատում են 24 ժամ, օրական 30-40 կանչ են սպասարկում, անգամ հաց ուտելու ժամանակ չեն ունենում, պարգեւավճար չեն ստանում, աշխատավարձն էլ չի բարձրանում: Շտապօգնության վարորդների բողոքի ակցիայի համատեքստում նշենք, որ ոստիկանության պարեկները ստանում են ամսական միջինը 300.000 դրամ աշխատավարձ, մինչդեռ սահմանին կանգնած պայմանագրային զինծառայողըՙ 140.000 դրամ: Օրերս էլ պարզվեց, որ գլխավոր դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձը 120 տոկոսով բարձրացվելու է: Դատախազը կստանա մոտ երկու միլիոն, իսկ տեղակալներըՙ 1,5 միլիոն դրամ աշխատավարձ: Նոյեմբերի 3-ին Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պարզաբանել է, թե ինչու է բարձրանում դատախազության աշխատակիցների աշխատավարձը: Փաստորեն բարձր աշխատավարձը համեմատել են գերբարձրի հետ ու որոշել ոչ թե գերբարձրն իջեցնել, այլ բարձրը հասցնել գերբարձրի մակարդակին: Հակակոռուպցիոն կոմիտեի ու դատարանի աշխատակիցների աշխատավարձերը գերբարձր են, ու նախարարն առաջարկել է, որ համամասնորեն բարձրանա նաեւ դատախազության աշխատողների աշխատավարձը: Ահա այսպես, մնում է աղոթենք, որ պետական մարմինները հանրապետությունում հանկարծ տասնյակ միլիոնների հասնող աշխատավարձ չհայտնաբերեն, թե չէ ախորժակներն ավելի կբացվի: Այսքանից հետո քպ-ական պատգամավորը դեռ հանդգնել է հայտարարել, թե թոշակները 2.100 դրամով բարձրացնելը հավասար է աշխատավարձը 50 տոկոսով բարձրացնելուն: Ի դեպ, արդեն հայտնի է, որ հաջորդ տարվա բյուջեով ոստիկանների աշխատավարձը կբարձրանա 3 անգամ, Քաղաքացու օրը նշելու համար կհատկացվի մի քանի տասնյակ միլիոն դրամ, իսկ բանակի բյուջեն ոչ մի լումայով չի ավելացվի: Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերիՙ օրերս էլ առողջապահության նախարարուհին Սյունիք է գնացել ուղղաթիռով.ճանապարհածախսը կազմել է 2 միլոն դրամ: Էկոնոմիկայի նախարար Քերոբյանն էլ հայտարարել է. «Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատել ենք, որ մարդիկ շատ ապրանք չառնեն, գնաճ չլինի»: Այս տրամաբանությամբ է ղեկավարվում Հայաստանի Հանրապետությունը: |