ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՖՐԵԴԵՐԻԿ ՇՈՊԵՆԻ ԱՆՎԱՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 18-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԸ ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու Հոկտեմբերի 3-21-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացավ լեհ հանճարեղ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնակահարների հեղինակավոր միջազգային մրցույթը: Նախորդ տարի այն հետաձգվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով, իսկ արդեն այս տարի իր վրա սեւեռեց ողջ աշխարհի երաժշտասեր հանրության ուշադրությունը: Գրեթե մեկդարյա պատմություն ունեցող մրցույթը (առաջին անգամ անց է կացվել Վարշավայում 1927 թվականին) երիտասարդ կատարողների համար լրջագույն եւ ծանրակշիռ հարթակ է, որի մրցանակակիրներն ու դափնեկիրներն իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում ժամանակակից կատարողական արվեստի համայնապատկերում: Տարբեր տարիներին մրցույթի մրցանակակիրներ եւ դափնեկիրներ են հանդիսացել դաշնամուրային արվեստի այնպիսի ռահվիրաներ, ինչպիսիք ենՙ Լեւ Օբորինը, Յակով Զակը, Մաուրիցիո Պոլլինին, Մարթա Արգերիխը, Քրիստիան Ցիմերմանը, երիտասարդներից Յուլիաննա Ավդեեւան, Դմիտրի Շիշկինը, Դանիիլ Տրիֆոնովը եւ այլք: Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները կատարում են միայն Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները: Այս տարի մրցույթի մասնակիցների դիմումներն աննախադեպ էին: Ավելի քան 500 դիմումներից նախընտրական փուլի համար ընտրվել էին մոտ 164 մասնակիցներ 33 երկրներից, իսկ հոկտեմբերին կայանալիք լսումների համար ընտրվել էին 87 մասնակիցներ տարբեր երկրներիցՙ Ռուսաստան, Բելոռուս, Ուկրաինա, Լեհաստան, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Չինաստան, Կանադա, ԱՄՆ եւ այլն: Հեղինակավոր մրցույթի մասնակիցների թվում էր Ռուսաստանը եւ Հայաստանը ներկայացնող երիտասարդ դաշնակահարուհի, հայազգի Եվա Գեւորգյանը : Տակավին պատանի տարիքում տաղանդաշատ դաշնակահարուհին արդեն իր ամուր տեղն է զբաղեցրել միջազգային ասպարեզում եւ բավական ակնառու հաջողություններ գրանցել: Բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիրՙ երիտասարդ դաշնակահարուհին հանդիսանում է «Young Yamaha» արտիստ տիտղոսակիր: Հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինի կողմից ընտրվել է որպես Ռուրի դաշնամուրային փառատոնի կրթաթոշակառու: Եվան Երեւանում ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետՙ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: 2019 թվականին ստացել է ՀՀ քաղաքացիություն: Պատվով հաղթահարելով մրցույթի բոլոր փուլերըՙ մեր հայրենակցուհին իր արժանի տեղը զբաղեցրեց եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցների թվում, սակայն, մրցութային հանձնաժողովի կողմից որեւէ մրցանակի չարժանացավ: 17-ամյա Եվան պարգեւատրվեց որպես մրցույթի ամենաերիտասարդ մասնակից: Առաջին մրցանակը շնորհվեց Կանադան ներկայացնող Բրյուս (Շաոյու) Լյուին, երկրորդը կիսեցին Ալեքսանդր Գաջիեւը (Իտալիա-Սլովենիա) ու Կյոհեի Սորիտան (Ճապոնիա), նրանց հաջորդեցին խարիզմատիկ Մարտին Գարսիա Գարսիան (3-րդ, Իսպանիա), չորրորդՙ Այմի Կոբայաշին (Ճապոնիա) եւ Յակուբ Կուզլիկը (Լեհաստան), Լեոնորա Արմելինին (5-րդ, Իտալիա) եւ երիտասարդ Ջեյ Ջեյ Լի Բուն (Կանադա): Բոլոր փուլերին առցանց ձեւաչափով կարելի էր հետեւել մրցույթի յութուբյան ալիքում: Երաժշտական քննադատներն ու մասնագետները միաձայն ընդգծում էին այս տարվա մասնակիցների պատրաստվածության բարձր մակարդակը: Հետեւելով մրցույթինՙ վստահորեն կարելի է պնդել, որ հայազգի երիտասարդ դաշնակահարուհուՙ Եվա Գեւորգյանի շոպենյան ինքնատիպ մեկնաբանումներն անտարբեր չթողեցին եւ ոչ մի ունկնդրի: Կարծիքները երբեմն բաժանվում էին շատ հակասական, ծայրահեղ բեւեռների: Այնուամենայնիվ, նա գերում էր հանդիսատեսին իր տեխնիկական պատրաստվածության կատարելությամբ, երաժշտական մտքի ավարտուն եւ հասուն մեկնաբանմամբ, երիտասարդական անկեղծ արտիստիզմով եւ, ինչո՞ւ ոչ, արտաքին հմայքով: Հանուն արդարության պետք է ընդգծենք, որ Եվայի մասնագիտական հաջողությունների մեջ Հայաստանը որպես կրթական եւ գեղագիտական միջավայր որեւէ դեր չի ունեցել, նա ծնվել եւ մեծացել է Ռուսաստանում եւ իր երաժշտական կրթությունն ու հաջողությունները ձեւավորել է հենց ռուսական միջավայրում: Եվ, այնուամենայնիվ, այսպիսի հեղինակավոր բեմում նրա կողմից նաեւ Հայաստանը ներկայացնելու փաստը հայաստանյան շրջանակներում ուշադրության արժանացավ միայն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ երաժշտասեր հանրության կողմից: Ինչո՞վ է պայմանավորված պաշտոնական շրջանակների անհաղորդ վերաբերմունքը մեր երկիրը ներկայացնող արվեստագետի հանդեպ... դժվար է պատասխան գտնել... Եվ, իհարկե, տրամաբանական եւ կարեւոր մի հարց է ծագում. ինչո՞ւ արդեն երկու կամ ավելի տասնամյակ Հայաստանն այսպիսի հեղինակավոր մրցույթներում «սեփական արտադրանք» չի կարողանում ներկայացնել: Որտե՞ղ են թաքնված սրա պատճառները... արտագա՞ղթ, կադրերի արտահո՞սք, ոչ իրազեկ մասնագետնե՞ր, ֆինանսավորման բացակայությու՞ն... կարելի է երկար շարունակել: Մինչ մենք փորձենք մտորել այս հարցերի շուրջ, մաղթենք երիտասարդ եւ տաղանդաշատ մեր հայրենակցուհի Եվա Գեւորգյանին նորանոր ստեղծագործական նվաճումներ եւ երկար տարիների անխափան ընթացք միջազգային հեղինակավոր բեմերում: |