ՀՀ-ՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔՆ ՈՒ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ Վերջին տարիների ընթացքում օտարերկրացիները մեծ «ներդրում» են ունենում մեր երկրի անշարժ գույքի շուկայում: 2019-ից պաշտոնական վիճակագրությունն առանձնացնում եւ հրապարակում է օտարերկրյա քաղաքացիների վաճառած ու գնած անշարժ գույքի մասին տվյալներ: Այս տարվա երրորդ եռամսյակում օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առքուվաճառքի 1242 գործարք է գրանցվելՙ նախորդ տարվա 981 գործարքի փոխարեն: Ամենաշատ գործարքները կատարում են Ռուսաստանի քաղաքացիները: Օրինակ, այս տարվա մարտ ամսին օտարերկրացիների կողմից գնվել է 112 անշարժ գույք, որից 69-ըՙ ՌԴ քաղաքացիներ: Նույն իրավիճակն է դիտվում նաեւ վաճառքի շուկայում մարտ ամսին օտարերկրացիները վաճառել են 249 գույք, որից 200-ըՙ ՌԴ քաղաքացիներ: Երրորդ եռամսյակում ՌԴ քաղաքացիներըՙ 247 միավոր անշարժ գույք են գնել նախորդ տարվա 214-ի փոխարեն: Թվերի փոփոխությունը ներկայացնենք անցած տարվա նոյեմբերից: 2020 թվականի նոյեմբերին օտարերկրացիները գնել են 80 եւ վաճառել 154 անշարժ գույք: Դեկտեմբերին գնել են 87 անշարժ գույք եւ վաճառել են 208-ը: Հունվարին անշարժ գույքի շուկայում օտարերկրացիները գնել են 68 եւ վաճառել 103 գույք, փետրվարին արձանագրվել է 76 գնված եւ 212 վաճառված գույք, իսկ մարտ ամսին արտասահմանցիները գնել են 112 գույք, վաճառելՙ 249: Պետք է նշել, որ պաշտոնական վիճակագրությունը ասելով «անշարժ գույք» ի նկատի ունիՙ բազմաբնակարան շենքերի բնակարանների, առանձնատների, արտադրական նշանակության շինությունների, հասարակական նշանակության շինութույունների, ավտոտնակների ու հողի հետ կատարվող գործարքների հաշվառումը: Այս տարվա հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա քաղաքացիները գնել են 477 անշարժ գույքՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 354-ի փոխարեն: Նրանց կողմից գնված անշարժ գույքի մեծ մասը բնակարնների ձեռքբերումն է: Եթե անցյալ տարի օտարերկրացիները ՀՀ-ում 132 բնակարան էին ձեռք բերել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածումՙ 212 բնակարան: |