RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-04-20 > #008, 2013-05-04 > #009, 2013-05-18 > #010, 2013-06-01 > #011, 2013-06-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 18-05-2013



Գրական

Տեղադրվել է` 2013-05-18 22:22:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1140, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ԿԻԿՈՍԻ ԱԲՍՈՒՐԴ ՄԱՀԸ

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

Հեքիաթի գրության 100-ամյակի առթիվ

Համաշխարհային գրականության անընդգրկելի դաշտում կան բազմաթիվ տողեր, պատկերներ, գործող անձինք, հարաբերություններ, պատումներ ու գաղափարներ, որոնք ավել կամ պակաս նույնականությամբ հոլովվում են տարբեր լեզուներում: Պետրարկային կշտամբում ենՙ դուք այս ու այս նախադասությունները վերցրել եք Վերգիլիոսից, ինչին նա պատասխանում էՙ Վերգիլիոսն էլ դրանք առել է Հոմերոսից, դարձյալ առանց աղբյուրը նշելու: Էլիոտի ռուս քննադատը սա համարում է «բաց մեջբերում»ՙ հենվելով գիտուն ընթերցողի վրա, որին չակերտված տողեր անհրաժեշտ չեն: Միայն տգետը կարող է մեծերին մեղադրել բանագողության մեջ, որին ենթարկվել է եւ մեր Թումանյանը իր «Ծիտը» հեքիաթի առթիվ: Մեծերը դիմում են իրենց նախորդների գրվածքներին ե՛ւ գիտակցաբար, ե՛ւ ենթագիտակցորեն, քանզի գոյություն ունեն աշխարհընկալման գլոբալ-համաշխարհային զգացողություններ: Այս երեւույթից զերծ չեն նաեւ երաժշտությունն ու կերպարվեստը: Ֆրանսիացի Գյուստավ Դորեն ունի զտարյուն գրաֆիկական տեխնիկայով արված մի աշխատանքՙ «Բանտարկյալների շրջանաձեւ զբոսանքը բանտի բակում», որի կոմպոզիցիան հոլանդացի Վան Գոգը շատ տարիներ հետո նույնությամբ վերարտադրել է իբրեւ գեղանկար: Վերջինս ինքնուրույն եւ բարձրարժեք կերտվածք է, ինչպես վարպետի մյուս գործերը: Այստեղ աշխատում է մի «նրբացուցիչ դեպք հանցանաց». անցյալի նշանները այնուհետեւ չպետք է արտագրություն եւ արտանկարչություն լինեն, այլՙ ոգեկոչություն, նորովի վերաբերմունք այդ երեւույթին, գեղարվեստական ժամանակակից տեքստ, երաժշտություն ու տեսիլք: Հակառակ դեպքում մենք գործ ունենք դատապարտելի բանագողության հետ, որի օրինակները նույնքան շատ են եւ, ցավոք սրտի, հաճախ ստեղծում են արվեստի պատրանք, մանավանդ չտես ու անգետ հասարակության աչքում:

Գրական ոչ մի ժանր այնքան չի գաղթում տեղից տեղ անվերջորեն, որքան հեքիաթը: «Ժողովրդական նյութերըՙ հեքիաթները, լեգենդները, առակները, երգերը, անեկդոտները թափառում են... երկրից երկիր, լեզվից լեզու, ազատ, անպասպորտ»,- գրել է Թումանյանը, փորձելով իր քննադատին խելք հասկացնել: «Անպասպորտ թափառականին» տեղ տալով քո տանը, քո լեզվում, դու նրան պետք է դարձնես քոնը, քո ազգային գրականությանը հարիր ներս ու դրսով, ի վերջո նրան չափահասի «պասպորտ» տաս, որը մեր պարագայում կլինի հայերեն տառերով ու շարահյուսությամբ, ոչ թե խորթ, այլ հարազատ զավակի վկայագիր: Ես սրանում համոզվեցի դարձյալ ընթերցելով Թումանյանի իրապատում հեքիաթներըՙ այնքան հայերեն ու հայեցի, եւ դրանց շարքում թերեւս լավագույնըՙ «Կիկոսի մահը», հեքիաթասացության զտարյուն գլուխգործոց:

Այժմ դժվարանում եմ ասել, թե Թումանյանի շուրջ քսան հեքիաթներից որը որտեղից է եկել մեր գրականություն, ուր են ձգվում դրանց արմատները, բայց կարող եմ պնդել ոչ իբրեւ թեզ, այլ իրողություն. բոլորն էլ հայ են ու բնիկ հայաստանցիՙ շնորհիվ հեղինակի գեղարվեստական-ազգային աշխարհընկալման: «Հեղինակ» բառն այստեղ պատահաբար չասացի, դրանք ինքնուրույն կերտվածքներ են, հեղինակըՙ «հնարող, ստեղծող, միտք հղացող» Հովհաննես Թումանյանը: Միայն գիտեմ, որ «Կիկոսի մահի» ֆաբուլանՙ պատմողական շերտը, վերցված է գերմանացի Գրիմմ Եղբայրների «Խելացի Էլզան» հեքիաթից: Սյուժենՙ գեղարվեստական արտահայտչականության գույներն են տարբեր: (Մեզանում «ֆաբուլա» տերմինը հաճախ շփոթում են «սյուժեի» հետ, նույնացնում դրանց, որը տեսաբանական կոպիտ սխալ է, «ֆաբուլան» «սյուժե» չէ, ինչպես եւ «սյուժեն»ՙ «ֆաբուլա»): Թումանյանը Եղբայրների ֆաբուլան է վերցրել եւ արարել իր յուրահատուկ սյուժեն: Այստեղ էլ անհամաձայնություններ կան: Եղբայրների հերոսները հասարակության միջին խավից են, Թումանյանինըՙ աղքատ մարդիկ: Հարազատները Էլզային խնդրում են մառանից գարեջուր բերել: Մեր հեքիաթում հայրը մեծ աղջկան աղբյուրն է ուղարկում ջրի: Առաջինը մառանում պատկերացնում է, թե կամուսնանա Հանսի հետ, մի օր էլ իրենց երեխայի գլխին կընկնի քաղհանիչըՙ մահացու վիրավորելով նրան, եւ լաց է լինում: Իսկ մեր ֆաբուլայում աղջիկն աղբյուրի մոտ ողբում է իր երեւակայական զավակի մահը: «Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին... Վա՜յ, Կիկոս ջան, Վա՜յ, որդի ջան...» : Լացի եւ ողբի տարբերությունը շատ կարեւոր է: Գրիմմ եղբայրները հերոսներին կաղապարում են լացի մեջ, Թումանյանըՙ ողբասացության: Եղբայրները հեքիաթն ավարտում են Հանսի եւ Էլզայի հարսանիքի սպասումով, այնինչ Թումանյանն անում է ցնցող վերջաբան. «Դու մի՛ ասիլՙ սրանց ունեցած-չունեցած չորսոտնանին մի եզ է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր: Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են» : Սակայն հայ զտարյուն ընթերցողը չի հանգստանում հեքիաթի գրությունից հարյուր տարի հետո էլ, առ այսօր, քանզի Թումանյանը գաղտնազերծել է մարդկային աբսուրդ հոգու ողբերգական թատրոնը:

Հովհաննես Թումանյանն ուներ Շեքսպիրի պաշտամունք: Լիարժեք պիես գրելու նրա բաղձանքը չիրականացավ: Բայց եթե դրամատուրգիական սեռն ընկալենք ոչ թե իբրեւ զրուցարան, այլ ներքինՙ գործողության հատկանիշներով, նրա շատ երկերում կարող ենք նկատել բեմական դրամայի ակնառու ներկայությունըՙ «Անուշ», «Թմկաբերդի առումը», «Գիքորը», «Նեսոյի քարաբաղնիսը», «Բարեկենդանը», «Կիկոսի մահը» եւ այլն , որոնցից մի քանիսը հաջողությամբ դարձել են թատրոն ու կինո: Այս հաջողության հիմքերը փնտրենք Թումանյանի մեջ: Չեմ վախենում սխալվելՙ Թումանյանը հայ ամենամեծ դրամատուրգն է: Հեմինգուեյը զգուշացնում էր. «Երբեք մի շփոթեք շարժումը գործողության հետ»: Թումանյանի ստեղծագործությունները լի են գործողությամբ:

Մի առիթով Լեւոն Մութաֆյանը նկատել է. «Հայկական աբսուրդն սկսվում է Թումանյանի «Կիկոսի մահից»: Եթե ավելի հեռուն նայենք, կհանդիպենք բազմաթիվ աբսուրդատիպ պահերի, որոնք առատորեն կուտակվել են անպարագիծ հիշողություն ու ժամանակներ ընդգրկող «Սասնա ծռեր» ժողովրդական վիպասքում: Ծովինարը հղիանում է կաթնաղբյուրից եւ աշխարհ բերում Սանասարին ու Բաղդասարին: Թուր-Կեծակին «Անցավ քառսուն գոմշի կաշին, Անցավ քառսուն քարերը ցած, Միջից կըտրեց ժանտ հըրեշին, Օխտը գազ էլ դենը գնաց»: (Չափազանցություն էՙ միտված առ աբսուրդը): Թումանյանը լավ գիտեր հարազատ ժողովրդի հոգեբանությունն ու հոգեւոր անցյալը եւ «Կիկոսով», այո՛, կերտեց կատարյալ աբսուրդիստական երկ: «Կիկոսն» իբրեւ աբսուրդՙ բացառություն չեղավ: Ավելի վաղ գրվեցին «Շունն ու կատուն» եւ «Մի կաթիլ մեղրը», վկայություն այն բանի, որ աբսուրդ հայեցողությունը իրապաշտ գրողի աշխարհընկալման մեջ երկրորդական շերտ չի եղել:

Մեր սփյուռքյան բարեկամները սիրում են հայացնել օտարագիր բառերը եւ դա անում են ոչ միշտ ճիշտ եւ տեղին: Օրինակ, «տանկին» ասում են «հրասայլ», իսկ «աբսուրդը» թարգմանում են «անհեթեթություն», երկու դեպքում էլ կորչում է բառի իմաստը: Այո՛, մայրենի բառագանձը պետք է մաքուր պահել, դուռ չբացել ամեն պատեհապաշտության առջեւ, բայց լեզվաբան Աճառյանի փոխանցումով գիտենք քանի հազար պարսկերեն ու այլալեզու բառեր են արմատակալվել մեր հողում, գիտենք նմանապես, որ մայրենին հարստանում է նաեւ օտար ներմուծումներով, որոնք կյանքի բովում դառնում են քեզ մտերիմ ու հարազատ: «Աբսուրդը» բնավ «անհեթեթություն» չէ, անհեթեթություն է նրան այդպես կոչելը:

1913 թվականին, երբ գրվեց «Կիկոսի մահը», աբսուրդըՙ իբրեւ մոդեռնիստական մի հոսանք, դեռ հրապարակ չէր եկել, եւ Թումանյանը նրա մասին պատկերացում իսկ չուներ, եւ չիմացավ, քանզի շուտով լքեց այս աշխարհըՙ դառնալով հավերժ կենդանի մահկանացու: Աբսուրդն ամբողջ ձայնով խոսեց 50-ականների սկզբին Եվրոպայում, ոչ առանց Չեխովի «օգնության», շնորհիվ Էժեն Իոնեսկոյի եւ որոշ ժամանակ անկրկնելի ու առեղծվածային Ջեյմս Ջոյսի քարտուղար աշխատած եւ, անտարակույս, նրա մտածականությունից ազդված Սամուել Բեկկետի, որի «Գոդոյին սպասելիս» դրաման դարձավ աբսուրդի անձնագիրը: Այսօր աբսուրդը դասական-համաշխարհային գեղարվեստական արժեք է, որին ավելի կամ պակաս չափով հետեւում են շատ գրողներ ու թատրոններ: Կա աբսուրդի թատրոն եւ դրամատուրգիա, որտեղ չենք հանդիպի բեմական թե դրամատուրգիական շատ տարածված դիպաշարերի: Աբսուրդը փիլիսոփայական աբստրահարում է, երբ արվեստագետը ռեալ երեւույթն ու մարդկանց պատկերում է իռեալ տարածքում: Այստեղ գործում է «հին» աշխարհի առաջացրած ձանձրույթից, նրա կաղապարներից ազատվելու ձգտումը, ի հակադրություն սովորականիՙ մերձենալու անսովորին, վերջավոր աշխարհի անվերջության գաղափարով գտնելու մարդկային գոյատեւության նոր ձեւ ու միջոցներ: Սպասում ենք Գոդոյինՙ Աստծուն կամ նրա Որդուն, նրանք չեն գալիս, սակայն մարդկությունը շարունակում է սպասել, եւ սա աբսուրդի ռեալությունն է, նա էլ է խորապես կյանքային, նրա հուսահատությունն էլ մեր կյանքի ժամանակը:

«Կիկոսի մահը» նախորդեց աբսուրդի «սահմանադրությանը»: Սա շատ հետաքրքրական իրողություն է ոչ միայն հայ գրականության տիրույթում: Հովհաննես Թումանյանը հարազատ ժողովրդի արյան ու մտքի կանչով զգաց այն, ինչ ուրիշներ հետագայում պետք է տեսնեին: Գրիմմ Եղբայրների «Խելացի Էլզան» բարի, լուսավոր, ժամանցային հեքիաթ է, իսկ «Կիկոսը» հաղթահարում է ժանրի սահմանները, ուզում եք պատմվածք ասեք, արձակ պոեմ, կուզեքՙ վեպ: Ես այն կտեղավորեի կյանքի առեղծվածին վերաբերող դրամայի մեջ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ