ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ ՎԱՐՊԵՏ... ԷԴՈՒԱՐԴ ԵՎ ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐ Դեռ վերջերս Երեւանում գտնվելիս բարի պատեհությունն ունեցանք մի քանի գեղեցիկ ու ջերմ ժամեր անցկացնել միասին: Հանդիպման վայրն ինչպես միշտ անփոփոխ էր` Ձեր հյուրընկալ տուն-արվեստանոցը: Թէեւ Նոր Տարի էր, ամիսներով սպասված հանդիպում ու տոնական բարձր տրամադրություն` միեւնույն է բարձրարժեք մշակույթով հագեցած Ձեր տան մթնոլորտը ինքն էր պարտադրում զրույցի նյութը, որ ընդհանուր առմամբ միեւնույն ուղեծիրն ուներ` Հավերժն ու Մշակույթը, Հայն ու Հայքը, Սփյուռքն ու արտագաղթը... Մի փոքրիկ ընկճվածություն, սակայն ո՛չ երբեք հուսահատություն կար մոտդ, Վարպետ, չարաբաստիկ պատահարի պատճառով վնասված տեսողությանդ պատճառով: Մարմնական ցավի մասին չէ, որ խոսում էիր, Վարպետ: Մարմնական ցավը շատ փոքր ու չնչին էր, որպեսզի կարողանար ընկճել իմաստուն Էությունդ ու Հոգիդ: Տխրությանդ պատճառը մեկն էր` հետզհետե տկարացող տեսողությունդ սպառնում էր լուրջ խոչընդոտ լինել մեծակտավ ու անհատնում ծրագրերիդ իրականացման ճանապարհին: Այդ խոչընդոտները, սակայն, այնքան հեռու եւ չնչին էին թվում, երբ խոսում էիր: Բառերդ քո ծննդավայրի Նեղոս գետի նման հոսում էին դանդաղ ու սահուն եւ դա ավելի ցայտուն էր դարձնում նրանց մեջ թաքնված ցուցադրականից զուրկ ուժն ու նպատակասլացությունը: Այդ պահերին ամենաանհույս հոռետեսն անգամ չէր կարող ենթադրել, որ ընդամենը երկու ամիս հետո քո կողմից այնքան եռանդով ու ջանասիրությամբ նախապատրաստված ցուցահանդեսի բացման նախաշեմին` կատարվելու էր անդառնալին... Ո՛չ ուրախ, ո՛չ էլ առավել եւս տխուր անակնկալներ չէիր սիրում, Վարպետ, ուրեմն այդ ի՞նչ անակնկալ էր, որ մատուցեցիր կյանքիդ անդավաճան ընկերոջը` շնորհաշատ տիկին Մարիին, դուստրերիդ ու մեզ բոլորիս... Լավ, սիրելի Վարպետ, այդ մասին երեւի մեկ ուրիշ անգամ եւ այլ առիթով խոսենք, իսկ այսօր քո լուսավոր ծննդյան տարեդարձն է, Վարպետ, եւ քո ֆիզիկական բացակայությունն ամենեւին էլ չի նշանակում, թե այն առանց քեզ է նշվելու: Դու տիրապետում էիր ընկեր լինելու ու սրտակից լինելու բարդ արվեստին, քո կտավների զուսպ գույների մէջ ավելի շատ պայծառություն ու լույս կա, քան ծիածանի երփներանգության մեջ: Դու կարողացար շունչ տալ երկաթին: Նրանք հիմա քո շնորհիվ խոսել, տխրել ու ժպտալ գիտեն, եւ նրանց վրա բոլոր ժամանակների համար պահպանվելու է քո ափերի գուրգուրոտ ջերմությունը: ... Ու մի օր, եթե անգամ ավելի չարանա աշխարհը (թեպետ, ավելիին տեղ չի մնացել կարծես), եթե պատմական ինչ-որ կարճլիկ հատվածում գլուխ բարձրացնեն ու տիրապետող դառնան չարն ու տականքը, միեւնույն է, սիրելի Վարպետ, քո արարած երազկոտ ունելին, փիլիսփա մուրճն ու այս աշխարհի անկատարության վրա մեծահոգաբար ժպտացող աքցանը մարդկանց կհիշեցնեն, որ կա՛, եւ աշխարհն ապականող շատ ու շատ երեւույթներից առավել զորեղ, առավե՛լ մնայունն ու հարատեւը Սերն ու Բարին են... Սիրելի Վարպետ, եթե քո ստեղծագործ ձեռքերում շունչ առավ ու անկեղծորեն ժպտաց մետաղը` հավատա՛, մի օր մա՛րդն էլ անպայման կժպտա... Այս տողերի հետ այնքան իրական հայտնվեցիր դու` քո անչափ բարի հակոբյանական ժպիտով: Չէինք հասցրել ասել` ծնունդդ շնորհավոր, Վարպետ, երբ շշնջացիր. «Ես վաղուց էի հավատում, զավակներս, այդ դո՛ւք է, որ պիտի հավատաք, դո՜ւք...»: Լիբանան |