RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-04-20 > #008, 2013-05-04 > #009, 2013-05-18 > #010, 2013-06-01 > #011, 2013-06-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 18-05-2013



Դաշնակահարուհու կյանքը

Տեղադրվել է` 2013-05-18 22:22:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1035, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ՄՈՌԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ

ԱՐԱՄԱՅԻՍ ՆՈՐԻԿՅԱՆ

Արեւիկ Ավդալբեգյանի ծննդյան 90-ամյակը

Վաղուց հայ երաժշտասեր հասարակայնությունն առիթ չէր ունեցել անդրադառնալու եւ վերհիշելու իր վաստակաշատ գործիչներից մեկին` դաշնակահարուհի Արեւիկ Ավդալբեգյանին, որի անունը քաջածանոթ է Խորհրդային Հայաստանի 30-80-ական թվականների համերգային կյանքին եւ հասարակական-քաղաքական անցուդարձերին տեղյակ անձանց: Նա իգումնովյան համաշխարհային դպրոցի հայկական փառահեղ դասարանի առաջնակարգ դեմքերից է, մեր ազգային դաշնամուրային դպրոցի մի փայլուն սերնդի` Ռոբերտ Անդրիասյան, Քեթի Մալխասյան, Առնո Բաբաջանյան, Աննա Ամբակումյան, Մարջան Մխիթարյան, Մարիա Ղամբարյան եւ այլոց ամենավառ ներկայացուցիչներից եւ, ցավոք, այդ սերնդի վերջին մոհիկաններից, որն, ահա, քառորդ դար բնակվում է Իտալիայում:

Այժմ ընձեռնվել է առիթը` Երեւանում «Գասպրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել ժողովածու «Հուշագրական նոթեր. հոդվածներ» խորագրով, նվիրված Արեւիկ Ավդալբեգյանի ծննդյան 90-ամյակին, որ լրացավ անցած տարվա դեկտեմբերի 13-ին: Գիրքը կազմել եւ առաջաբանը գրել է դիրիժոր Արա Մարկոսյանը:

Կարելի էր սպասել եւ ներկայումս ավելի հավանական էր ակնկալել մենագրություն նվիրված ականավոր դաշնակահարուհուն, ինչպես վերջին տարիներս բարեբախտաբար իրականացվում է մեզանում հայրենական կատարողների եւ երախտավոր ուսուցիչներին նվիրված: Մանավանդ, տվյալ դեպքում, կենսագրությունն այնքան հարուստ է իրադարձություններով, որ կարող է ոչ միայն մենագրության, այլեւ կենսագրական վեպի նյութ ծառայել: Բայց հակառակ սպասելիքներին, Արեւիկ Ավդալբեգյան երաժիշտ-կատարողն այստեղ հանդես է գալիս ոչ իբրեւ մենագրության հերոս, այլ` դրվագաշարի հեղինակ, ստեղծված տարբեր առիթներով, տարիների ընթացքում:

Տարբերությունն էական է: Շատ արժանավորներ կարող են մենագրության հերոս դառնալ, որոնց մասին գրում են ուրիշները, բայց ամեն մեկը չի կարող լինել հեղինակ, որ սեփական ասելիք ունենա գրելու ուրիշների ու իր արվեստի մասին: Այդ ունակությունն, ըստ երեւույթին, դաշնակահարուհին ժառանգել է իր նշանավոր հորից` մեծանուն գիտնական Թադեոս Ավդալբեգյանից, որը ստալինյան բռնատիրության զոհ եղավ 1937 թվականին: Սրանով արտիստուհու հայտնի նկարագիրն ավելանում է նոր` մինչեւ այժմ անհայտ կողմերով:

Նորահայտ գրքի ընթերցողին առաջին հերթին պաշարում է այն միտքը, թե կյանքի որքա՜ն լիարժեք ուղի է անցել Արեւիկ Ավդալբեգյանը որպես արտիստ եւ քաղաքացի:

Կան բազմաթիվ միանման կենսագրություններ, սոսկ անձնական մանրամասների տարբերություններով. շատերն են ծնվել-մեծացել ծնողական օջախում, սովորել մասնագիտական դասարաններում, ստացել ուսում եւ դիպլոմ, կրել բազում դժվարություններ կյանքում եւն` մոտավոր սխեմայով: Բայց կան եւ այնպիսիք, որտեղ վերոբերյալ յուրաքանչյուր փուլը նշանավորված է անհատի արտակարգ դրսեւորումով: Ահավասիկ` եզակիներն են ճանաչվել հրաշամանուկ, ընդունվել միանգամից երկրորդ դասարան եւ յոթնամյա կրթությունն ավարտել երեք տարում, այն էլ արժանավորների կողքին, քչերն են եղել դասարանների առաջատարն ու դասատուների ընտրյալը, վերջապես խորհրդային պատմության տարիներին նա է 1937-ի դեպքերին ու Հայրենական պատերազմին եղել ոչ միայն ականատես, այլեւ անմիջական մասնակից եւն, եւն ... Թվարկումը կարելի է շարունակել մինչեւ մեր օրերը եւ ասել` քչերն են այդ տարիքում հանդես գալիս համերգներով, այն էլ նոր ստեղծագործությունների կատարումով:

Ինչպես տեսնում ենք` նշված բոլոր փուլերում Արեւիկ Ավդալբեգյանի կենսագրությունն առանձնահատուկ է:

Հազվադեպ կգտնվի կենսագրություն, որի մեջ այդչափ արտացոլված եւ այդքան անդրադարձած լինեն հայրենիքի պատմության էջերն ու երկրի քաղաքական իրադրությունը:

Բանն այն է, որ Թադեոս Ավդալբեգյանի կյանքը գիտական, հասարակական, մշակութային եւ այլ գործունեության հետ մեկտեղ, մշտապես եղել է քաղաքական հետապնդումների եւ հալածանքների շղթա, կյանքի ընթացքում բոլոր ռեժիմների կառավարական մակարդակներով` ցարիզմի, դաշնակցության, կոմունիստների դարաշրջաններում, ակամա դրոշմվելով նաեւ ընտանիքի անդամների ճակատագրերի վրա, եւ զավակների կենսագրության սկզբնական տարիներին կատարված անցքերը ոչ այլ ինչ են, քան ժամանակաշրջանի քաղաքականության հետեւանքներ:

Արեւիկի կապակցությամբ նույնպես հայրենիքի պատմության ամենաողբերգական եւ տմարդի իրադարձությունները տարածվել են նախ ընտանիքի, ապա իրենց կնիքը դրել դաշնակահարուհու կենսագրության առաջին քսան տարիների վրա:

Բացի այդ.

Հայրենիքին ծառայելն ի սկզբանե եղել է ընտանեկան դրվածք եւ հետագա տարիներին դրա գիտակցված դրսեւորման հանրահայտ փաստերը զավակների կողմից, այնքան կարեւոր տեղ են գրավել եւ այնքան ցցուն կերպով են արտահայտվել յուրաքանչյուրի կենսագրության մեջ, որ սրանցով կարելի է պարզորոշ հետեւել հայրենիքի պատմության ընթացքին:

Արեւիկն այստեղ եւս բացառություն չի կազմում եւ նրա կենսագրության մեջ, որպես դարձյալ ընտանեկան կյանքի եւ ավանդույթների արձագանք, երբեմն տեղ են գտել, նույնիսկ, իրենից առաջ կատարված, բայց ընտանիքի համար ճակատագրական նշանակություն ունեցած այնպիսի իրադարձություններ, ինչպես 11-րդ Կարմիր բանակի մուտքը Երեւան, գեներալ Դրոյի զեկույցը եւ կառավարման հանձնումը նորակարգ կառավարությանը, հայրիկի տնային բանտարկությունն ու նրա դեմ կատարված բռնությունը դաշնակցության օրոք եւ այլն, որոնց նկարագրությունները նորընծա գրքում ավելի նմանվում են լեգենդի, քան իրական կենսագրության:

Հասկանալի է, որ նմանօրինակ պատմությունները կապված են դրանց մասնակից անձանց հետ եւ գրքում հանդիպում ենք մշակույթի, գիտության, ռազմական եւ այլ բնագավառների գործիչների մի ամբողջ պատկերասրահի: Այստեղ են դաշնակահարուհու ուսուցիչներ Աննա Մնացականյանը եւ Կոնստանտին Իգումնովը, կոմպոզիտորներ Նիկողայոս Տիգրանյանն իր եղբայրներով ու Ռոմանոս Մելիքյանը, գրողներ Ավետիք Իսահակյանն ու Ստեփան Զորյանը, գիտնական Թադեոս Ավդալբեգյանը, դաշնակցական պարագլուխ Դրաստամատ Կանայանը, իսկ Հայրենական մեծ պատերազմի մասնակից գեներալներ Նվեր Սաֆարյանն, Ասքանազ Կարապետյանը, երգիչներ Շարա Տալյանը եւ Բյուլ-Բյուլ Մամեդովը, ասմունքող Թամարա Դեմուրյանը եւ ուրիշներ: Հիշյալներից ոչ բոլորին են նվիրված առանձին դրվագներ, բայց նրանք հիշատակվում են շարադրանքի ընթացքում:

Սոսկ հուշագրություններից բացի այստեղ գտնում ենք հետաքրքրական եւ քիչ հայտնի մանրամասներ, որոնք լուրջ տեղեկություններ կարող են լինել մի շարք գործիչների ամբողջական դիմանկարների ստեղծման, կամ դեպքերի ժամանակաբանության համար, տրվում են մասնագիտական վերլուծություններ ուսուցիչներ Աննա Մնացականյանի եւ Իգումնովի դասավանդման մեթոդիկաների եւ սկզբունքների վերաբերյալ, հարուստ տեղեկություններ կան Նիկ. Տիգրանյանի ստեղծագործական լաբորատորիայից, նրա ընտանքի պատմությունից եւն:

Այստեղ պարունակվում են նույնիսկ տարիներ շարունակ լռեցված եւ պատմությունից վտարված, բայց հրապարակման արժանի, վերին աստիճանի բնութագրական մանրամասներ անձանց եւ ժամանակաշրջանի մասին. Իսահակյանի երկարատեւ պանդխտությունից հետո հայրենիք վերադարձի անշուք, եթե չասենք` աննշան դիմավորումը, սպասվող հանդիսավորության փոխարեն, Շարա Տալյանի «օրինակելի» պահվածքը հայրենիքի ազատության համար կռվի ելած զինվորի նկատմամբ, հայրիկի` Թադեոս Ավդալբեգյանի «Կապիտալ»-ի անսեւագիր թարգմանության ֆանտաստիկ իրողությունը, կամ Նոր Բայազեդում «սրանից 500 տարի առաջ ապրած Ավդալ Բեգի» հրաշալի առասպելը, Բյուլ-Բյուլ Մամեդովի արքայավայել ապրելակերպը համաժողովրդական արհավիրքի օրերին եւն, որոնցով դիմանկարներն ու ժամանակները դուրս են բերվում անսքող ճշմարտությամբ: Իսահակյանի ընդունելության կապակցությամբ ուշագրավ է հեղինակի խորհրդանշական տեղեկությունը, որ Երեւանի կայարանում բանաստեղծին դիմավորող եղել է Թադեոս Ավդալբեգյանն, իսկ վերջինիս ձերբակալման վայր ճանապարհ գցողըՙ Երեւանից Կիրովական, եղել է Իսահակյանը:

Ցավոք` որոշ նկատառումներով, գրքից դուրս է թողնվել ականատեսի պատմածը զորավար Սիմոն Զաքյանի, իբր` թշնամու գնդակից «հերոսաբար» զոհվելու մասին:

Արեւիկ Ավդալբեգյանի կենսագրության մեջ, ինչպես արդեն երեւում է, նշանակալից տեղ է գրավում Հայրենական մեծ պատերազմի թեման` իր անձնուրաց ուղեւորությունները ռազմաճակատ, այն էլ կրակակետ` Ղրիմի թերակղզի, թիկունքում լռիկ-մնջիկ ծվարելու փոխարեն: Գրքում ընթերցողը հափշտակությամբ կկարդա այդ ճակատագրական տարիների մասին դաշնակահարուհու սրտառուչ հուշերը, կտեսնի քաղաքացիական մամուլում եւ ռազմաճակատային` «Կարմիր զինվոր» եւ «Առաջ հանուն հայրենիքի» հազվագյուտ դարձած թերթերում նրա հոդված-կոչերը, ելույթների լուսանկարները բաց դաշտում եւ բաց երկնքի տակ: Առանձնահատուկ հրճվանք են պատճառում Թամանյան հայկական փառապանծ դիվիզիայի գեներալ Նվեր Սաֆարյանի եւ գեներալ Ասքանազ Կարապետյանի հետ ռազմաճակատային լուսանկարները, եւ վերջինիս նվիրած զինվորական լապտերի պատկերն իր մակագրությամբ` մետաղյա սալիկի վրա փորագրված: Բարձրաստիճան գեներալների կողքին մոռացության չեն մատնված նաեւ շարքային զինվորների ինքնաբուխ բանաստեղծություններն ու դրանց պահպանված ձեռագրերն այդ դժնդակ օրերին գրված, որոնք ինչպես նրբանկատորեն նշում է հեղինակը, «միգուցե նրանց ժառանգությունն են այս աշխարհում մնացած»:

Գրքում զետեղված նյութերից մասնագիտական որոշակի արժեք ունեն մենակատար-դաշնակահարուհու մեթոդաբանական խորհուրդներնՙ ուղղված երաժիշտ-կատարողներին, մասնավորապես դաշնակահարներին, նվագչական տեխնիկայի նեղ մասնագիտական հարցերի եւ կատարողական արվեստի վերաբերյալ: Բազմաթիվ հղումներըՙ խոշորագույն դաշնակահարների եւ երաժիշտ-մանկավարժների` Հ.Նեյհաուզի, Գ.Ֆեյնբերգի, Յա. Միլշտեյնի, Ն.Գոլուբովսկայայի, Ա. Գոլդենվեյզերի, Գ.Կոգանի, Լ.Նիկոլաեւի եւ այլ մեծերի արծարծած մտքերին, Արեւիկ Ավդալբեգյանն անալիտիկ մոտեցմամբ հանգում է սեփական հետեւություններինՙ անձնական փորձառությունից ընդհանրացված դիտողություններով:

Ժողովածուն հագեցած է հազվագյուտ լուսանկարներով, Կ. Իգումնովի, Ռ. Մելիքյանի, Թ.Ավդալբեգյանի ինքնագրերի ցուցադրումով, տարբեր երկիրներում եւ տարբեր լեզուներով տպված համերգային հայտագրերով, ծրագրերով, մամուլի արձագանքներով, Հայրենական պատերազմի մասնակցի պարգեւատրման վկայականով, եւն:

Երաժշտի դիմանկարն ամբողջացնելու նպատակով, տպագրված նյութերին առընթեր հրատարակությունը համալրված է նաեւ Արեւիկ Ավդալբեգյանի վերջին տարիների ձայնագրություններովՙ կազմված Բեթհովենի, Մենդելսոնի, Շումանի, Տիգրանյանի ստեղծագործություններից: 70-80-անց տարեկանում, համերգային դահլիճներում կամ ստուդիայում իրականացված սույն ձայնագրությունները, առաջին հերթին, զարմացնում են տարիքի համար անհավատալի նվագչական որակով, տեխնիկական վիրտուոզ կատարմամբ եւ հստակ պատկերացում են տալիս դաշնակահարուհու երաժշտական-կատարողական իրական մասշտաբների մասին: Տարբեր ժամանակների, ազգերի, ուղղությունների եւ ոճերի կոմպոզիտորների երկերի յուրօրինակ մեկնաբանությունները, մանավանդ արեւմտյան եւ արեւելյան ժանրերի տարբերակիչ առանձնահատկությունները, կառուցվածքներում իմաստավորված ֆրազավորումները, դինամիկ դիապազոնը` շշնջավոր մեղմից մինչեւ ռոմանտիկների ակորդաշարերի հուժկու տարերքը, կուլմինացիաների հանգեցնող ալիքներն ու արեւելյան նրբակերտ հյուսվածքները, վեր են հանում վառ անհատականությամբ օժտված, ինքնատիպ, տեխնիկապես ըստ ամենայնի զինված, տաղանդավոր երաժիշտ-կատարողի նկարագիր:

Այստեղից դժվար չէ կռահել, թե ինչու է մեծահռչակ Իգումնովն իր երեւանյան շրջանը բնութագրել «ամենաուրախալի», որովհետեւ իր իսկ խոսքերով` սաներից «բոլորը շատ շնորհալի մարդիկ են, ոմանք օժտված առաջնակարգ տվյալներով», առավել եւս հասկանալի է դառնում, թե ինչ կերպ է իր 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգը Երեւանում «իր որակով հավասարազոր եղել Մոսկվայի կոնսերվատորիայի լավագույն երեկոներին»: Համամիութենական մասշտաբի այդ հանդիսությանն, Իգումնովի ընտրությամբ եւ կազմած ծրագրով, մասնակցել են Աննա Ամբակումյանը, Էլզա Ապրեսովան, Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Մարիա Ղամբարյանը եւ եզրափակել է Արեւիկ Ավդալբեգյանը:

Նոր լույս ընծայված ժողովածուն, ինչպես տեսնում ենք, բազմաբնույթ է եւ առավելագույնս օբյեկտիվորեն ներկայացնում է Արեւիկ Ավդալբեգյանի կյանքի եւ ստեղծագործական ուղին, որ ՄՈՌԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ:

Բայց գլխավոր թեման այստեղ դաշնակահարուհու հայրենիքն է` Մեծ Հայաստանը եւ, ինչպես միշտ` կյանքի իմաստն ու էությունը: Այսօր էլ հեռավոր Իտալիայի ամեն լուսաբացին նրա հայրենակարոտ հայացքն առաջին հերթին ուղղվում է իր պատշգամբից դեպի ...

Այնտեղ է Հայաստանը:

Մոսկվա, 21.03. 2013 թ.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ