«ՄԵՐԻՄԵԿ ՀՈՎՏԻ ՀԱՅԵՐԸ» Հ. Ծ. Նոր գիրք Հայոց ցեղասպանության մասին «Այս գիրքը Հեյվրհիլի պատմությունը կերտողների մասին է, նրանց մասին, ովքեր որպես գաղթականներ հաստատվեցին այստեղ, ընտանիք կազմեցին եւ քաղաքը շենացրին», նշել է «Մերիմեկ հովտի հայերը» («Armenians of the Merrimack Valley») գրքի համահեղինակ Թոմ Վարդապետյանը Մասաչուսեթսում (ԱՄՆ) հրատարակվող «Հեյդրհիլ գազեթի» լրագրող Բրենա Էդելշտայնի հետ զրուցելիս: Վարդապետյանն ինքն էլ քառասուն երկար տարիներ աշխատել է այդ պարբերականում որպես լրագրող եւ լուսանկարիչ: Վերջերս լույս տեսած գրքի մյուս համահեղինակ Ֆիլիպ Բրաունը Հեյվրհիլի ավագ դպրոցի համաշխարհային պատմության դասատու է, ով տարիներ առաջ Վարդապետանին հանդիպել է իր դպրոցում մարդու իրավունքների եւ Հայոց ցեղասպանության մասին վերջինիս կարդացած դասախոսության ժամանակ: Նրանք մտերմացել են, եւ անցյալ տարի, Եղեռնի 100-ամյակի առիթով, սկսել են աշխատել վերոնշյալ հատորի վրա: Գիրքը քննարկում է 1,5 միլիոն հայերի կոտորածը, տեղահանությունը, վերապրողների ապաստան գտնելը տարբեր երկրներում, ընտանիք կազմելը եւ ստեղծագործ կյանքի լծվելը, ինչպես նաեւ հատկապես Մերիմեկ հովտի երեք (Հեյվրհիլ, Լոուրենս եւ Լոուել) քաղաքներում նրանց հաստատվելը: «Դպրոցի աշակերտները մեծ հետաքրքություն են ցուցաբերում թեմային: Դա նրանց համար նորություն է: Ես էլ եմ զարմանում, թե մինչեւ իմ հիսնամյակը ինչու ավելի շատ գրքեր չեմ կարդացել այդ թեմայի շուրջ: Երբ խորանում ես դրանում, զգում ես ահավորությունը եւ կապը այսօրվա իրադարձությունների հետ», խոստովանել է Բրաունը, ով Հայոց ցեղասպանության հարցը դարձրել է իր թեման մագիստրոսի գիտական աստիճան ստանալու համար: Գիրքը, որը նվիրված է երեք տարի առաջ Հեյվրհիլում մահացած Վարժապետյանի եղեռնից մազապուրծ մորըՙ Ջենիին, հրատարակվել է «Արկադիա» հրատարակչատան կողմից, «Ամերիկայի պատկերներ» մատենաշարքով: |