ՊՈԵՏՆ ՈՒ ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿԸ Նաիր ՅԱՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է պոեզիայի համաշխարհային օր: Ինչպես գիրք նվիրելու օրն է մեզանում տարեցտարի ավելի ու ավելի սիրվում, այնպես էլ պոեզիայի օրն է հավակնում ավելի մեծ հնչեղություն ստանալ: Գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում մշակութային տարբեր հաստատություններումՙ գրադարաններում, գրախանութներում, արվեստի կենտրոններում, այգիներում ու պուրակներում, անգամ հրապարակներում, ցերեկույթներ ու հանդիպումներ եղան, նաեւ գրքերով ֆլեշմոբՙ Հյուսիսային պողոտայում: Հետաքրքրական էր տեսնել ժամանակակից գրողներինՙ իրենց գրքերը թերթով խնամքով փաթաթած, բերել էինՙ նվիրեն երիտասարդներին, որոնք բավականին ակտիվորեն մասնակցում էին պոեզիայի օրվան նվիրված միջոցառումներին: Գրողների միության հարակից պուրակում տարբեր դպրոցներից աշակերտներ էին հավաքվելՙ իրենց սիրելի պոետների բանաստեղծությունները բեմից հնչեցնելու: Նրանցից քիչ հեռու կանգնած էին մեր ժամանակների պոետներըՙ գրքերը թեւների տակ դրած: Ոչ աշակերտները փորձեցին ծանոթանալ պոետների հետ, ոչ պոետներնՙ աշակերտների: Ամեն մեկը եկել էր իր ստանձնած դերը կատարելու. աշակերտները կարդացին Սեւակ, Չարենց, Տերյան, Մուշեղ Իշխան, իսկ պոետներըՙ իրենց բանաստեղծություններից: Ակամայից հիշեցի Շիրազին: Նրան մեկ անգամ եմ տեսել, երբ մայրիկիս հետ գնացել էինք հանրախանութՙ ինձ համար կոշիկ գնելու: 5-6 տարեկան էի, բայց մինչեւ հիմա պարզ հիշում եմ Վարպետինՙ շրջապատված մարդկանց հոծ բազմությամբ: Հանպատրաստից հանդիպում էր. անցորդները հարցեր էին տալիս Շիրազին, որպեսզի նրա խոսքը լսեն: Դեռ դպրոց չէի գնում, բայց մայրս Շիրազից ահագին բանաստեղծություններ էր սովորեցրել ինձ: Միգուցե չէի էլ հասկանում, թե ինչ եմ արտասանում, բայց հիշում եմ, որ մանկական հոգիս հուզվում էր, փոթորկվում: Տարիներ անց նույնիսկ մտքովս անցավ մեղադրել մորս, որ «Գայլն ու գառից», «Ճպուռն ու մրջյունից» բացի, այդքան ծանր թեմաներով բանաստեղծություններ էլ է սովորեցրել ինձՙ 5-6 տարեկան աղջնակիս: Բայց հետադարձ հայացքով գնահատելով այն դաստիարակությունն ու արժեհամակարգը, որ սերմանում էին իմ մեջ ծնողներս, հասկանում եմ, թե ինչու էին նրանք դեռ մանկուց ինձ Սեւակ ու Թումանյան, Շիրազ ու Իսահակյան սովորեցնում: Անշուշտ, գիտեին, որ երբ մեծանամ, ինքս եմ ընտրելու իմ ճանապարհը, իմ գրողին, իմ մասնագիտությունն ու նախասիրություները, բայց քանի դեռ կարող էին, ի զորու էին կավի պես ինձ իրենց ձեռքերի մեջ առնել ու հունցել, ձեւ տալ, դա անում էին մեծ վայելքով ու պատասխանատվությամբ: Նրանք փորձում էին ինձանից նախ մարդ ստանալ, հետոՙ արմատներին կառչած, իր ինքնությունը, անցյալն ու արժեքները սրբադասող հայ կերտել: Տարիներ հետո, իհարկե, հասկացա, որ երբեմն մեր գրողներին ֆետիշացրել ենք, ու իդեոլոգիան ավելի շատ է գերակշռել, քան գեղարվեստական արժեքը, պաթոսը խժռել է բնական միտքն ու պարզ, մարդկային խոսքը: Ես իմ երեխաներին Շիրազ չսովորեցրիՙ համարելով, որ չարժե նրանց մանկական ներաշխարհը հուզել ու տխրեցնել: Հիմիկվա երեխաներն իրենց մայրիկ-հայրիկների ձեռքները բռնածՙ ինքնամոռաց չեն վազումՙ իրենց ծնողների պոետ-կուռքի հետեւից: Հիմա երիտասարդները կանգնում են ժամանակակից պոետների կողքին ու ո՛չ դեմքով, ո՛չ անուն-ազգանունով ու առավել եւս գրվածքներով չեն ճանաչում նրանց: Հիմա չկան իդեալներ ու մեր ժամանակի հերոսներ, չկան պոետ-առաջնորդներ, չկան գրական հեղինակություններ ու մի քանի տասնյակ հազար տպաքանակով հրատարակվող գրողներ: Երիտասարդներն էլ կարդում են դպրոցական ծրագրով նախատեսված պոետներին, նրանց, ում իրենց գրականության ուսուցչուհին է սիրում ու սիրուց տոգորվածՙ ջանում լավ մատուցել: Իսկ ինքնատիպ, հետաքրքրական ներաշխարհով աշակերտները գտնում են իրե՛նց հոգեհարազատ պոետին: Բայց մեծ մասմաբ նա կա՛մ Սեւակն է, կա՛մ Չարենցը: Նրանց փիլիսոփայական, հախուռն բնույթը գրավում է կյանքի պոետական կողմերը նոր-նոր ճանաչող պատանիներին: Կարճ հարցախույզի արդյունքում պարզվեց, որ մայրաքաղաքի դպրոցների բարձր դասարանցիների շրջանում մեծ համարում ունեցող պոետներից առաջին հորիզոնականը կիսում են Չարենցն ու Սեւակը: Երկրորդ հորիզոնականում Տերյանն ու Սահյանն են, երրորդումՙ արեւմտահայ պոետները: Հովհաննես Թումանյանը չի գրավում պատանիներին, նրան ավելի շատ ընթերցում են միջին դասարաններում ու վերջ: Մի աշակերտ էլՙ Գեւորգ Էմինի անվան դպրոցից, իր սիրած պոետներից նշեց Միքայել Նալբանդյանին. տղային դուր են գալիս հեղափոխական հայացքներով բանաստեղծները: Հարցումներից պարզվեց, որ պոեզիայի նկատմամբ սերն ու հետաքրքրությունն ավելի հաճախ առաջանում է ասմունքի մրցույթների շնորհիվ: Լավ արտասանող աշակերտները մասնակցում են այդ մրցույթներին ու մտնում գրական ռիթմի մեջ, իսկ հաջողություններ արձանագրելովՙ նրանց ավելի ու ավելի են սկսում գրավել մեր դասական պոետները: Այստեղից պարզ հետեւություն. հարկավոր է զարկ տալ ասմունքի մշակույթին: Հատկապես պատանիներին շատ են ոգեւորում բեմն ու հանդիսատեսի ուշադրությունը, ծափերը, պատվոգրերն ու մրցանակները: Դրանից մեր պոեզիան միայն ու միայն կշահի. չէ՞ որ ասմունքի միջոցով մեր բանաստեղծները դուրս են գալիս գրքերից ու նոր կյանք ստանում, հանրահռչակվում: Եթե դահլիճում նստածներից թեկուզ 10-20 հոգու հուզեն ընթերցվող ստեղծագործությունները, ուրեմն պոետների կյանքը կերկարի: (*) Դպրոցահասակների մեջ չգտնվեց մեկը, ով կճանաչեր ժամանակակից գոնե մեկ բանաստեղծի: Նրանք խելացի, զարգացած, կիրթ պատանիներ ու աղջիկներ էին, բայց հետաքրքրված միմիյան դասականներով: Ի դեպ, պոեզիայի սիրահար դեռահասները, որ տասնյակ բանաստեղծություներ գիտեին Սեւակից ու Չարենցից, հրաշալի վերլուծում ու զգում էին նրանց պոեզիան, պարզվեց, որ տեխնիկական կրթություն են ստանում ու ընտրելու են տնտեսագետի, բժշկի, ծրագրավորողի մասնագիտությունները: Սա զարմանալի չէ. որպես կանոնՙ տեխնիկական մասնագետներն իրականում պոետիկ խառնվածք ու նույնքան պոետիկ հակումներ են ունենում, քան բանասերները: Հարցախույզը երիտասարդների շրջանում նույնպես արդյունք չտվեց. դասական պոետները ոչ մի կերպ իրենց տեղը չէին զիջում ժամանակակիցներին: Ամենաընթերցվողներն այս տարիքային խմբում դարձյալ Սեւակն ու Չարենցն են: Բանաստեղծ Հուսիկ Արան բնական է համարում անջրպետն իրենց ու ընթերցողների միջեւ: «Խզվել է կապը ոչ միայն պոեզիայում, այլեւ արվեստի բոլոր ճյուղերում: Ո՞վ է ճանաչում այսօրվա երաժշտին, կոմպոզիտորին, նկարչին, պոետին: Շատերին թվում է, թե նախորդ դարի 80-ականներից հետո այլեւս գրող ու արվեստագետ չի ծնվել մեր երկրում: Այսօրվա պոետի գիրքը տպագրվում է 400-500 օրինակով. դա է ընդունված սահմանը: Ավելին, եթե մեկ շաբաթում վաճառվում է մեկ-երկու գիրք, ուրեմն այն բեսթսելեր է... Այս իրավիճակը զարմանալի չէ. նա, ով ուզում է կարդալ, գիրք գնելու հնարավորություն չունի: Գիրքն այսօր էժան չէ ու գրքասերի գրպանին հասանելի չէ: Հաճախ մի հոգի գիքը գնում է, հետո փոխանցում մյուսներին, որովհետեւ ոչ բոլորն են ի վիճակի իրենց ուզած գիրքը գնել»,- մեկնաբանում է Հուսիկ Արան: Վահե Արսենը , որը բանաստեղծություններ է թարգմանում անգլերենից հայերեն, հանրության սառը վերաբերմունքը ժամանակակից պոետների նկատմամաբ բնական է համարում: «Թող լինի մեկ կաթիլ, իսկ մի՞թե ծովն էլ կաթիլներից չի կազմված: Թող քչերը կարդան, քչերին հետաքրքրի այսօրվա պոեզիան, իսկ ո՞վ է ասել, որ ճշմարիտ արվեստը պետք է հասարակական լայն հնչեղություն ունենա անպայման: Արարչագործությունը փոքր դետալների մեջ է , արարվում է, որովհետեւ չի կարող չարարվել: Բեթհովենը չէր լսում, բայց երաժշտություն էր գրում, չէ՞: Ի՞նչ է. եթե չէր լսում, պիտի չգրե՞ր: Իհարկե, ո՛չ: Նա երաժշտություն էր գրում, որովհետեւ չէր կարող չգրել: Արվեստը նրա համար չէ, որ իր հետեւից տանի հասարակությանը: Հասարակությունը միշտ մնում է իր տեղում, նա չի շարժվում: Եթե արվեստը ստեղծվում է հասարակությանը փոխելու նպատակով, ապա վերածվում է իդեոլոգիայի: Իսկ դրա վատ օրինակը մենք ունենքՙ սովետական ժամանակները: Արվեստն, անկախ ամեն ինչից, պիտի ստեղծվի»,- կարծում է Վահե Արսենը: Տարբեր բեմերում ու ոչ բեմերում պոեզիայի համաշխարհային օրը ընթերցվեցին դասականների ու ժամանակակիցների ստեղծագործությունները: Ժամանակակից պոետները կարդում էին իրենց գործերըՙ օգտվելով ընձեռված հնարավորությունից: Ի վերջո, ամեն օր նման առիթ չեն ունենում, չէ՞: (*) Շարունակելով մեր աշխատակցուհու այս միտքը ավելացնենք, որ տվյալ հարցում առավել աշխույժ պետք է լինեն մեր պոետները. նրանք կարող են ասմունքի երեկոներ կազմակերպելՙ համագործակցելով մեր օժտյալ դերասանների եւ ասմունքի վարպետների հետ: Վերջապես, տարին մի քանի անգամ 200 հոգանոց դահլիճ հավաքելը դժվար բան չէ, հատկապես երաժշտության ընկերակցությամբ: Այդպիսով իրենց ստեղծագործությունները եթե ոչ ընթերցող, գոնե ունկնդրող կունենան, ավելի մեծաթիվՙ քան 300-500 տպաքանակով գիրքը: Այնինչ ասմունքի արվեստը, մյուս կողմից, մահանում կամ արդեն մահացել է մեր երկրում: |