RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 25-03-2016



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2016-03-24 21:30:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1594, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՏԵՐԵՎԱԹԱՓԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ

Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

2015-2016 ձմեռային թատերաշրջանը չավարտված, Բեյրութից ստացված աղետալի լուրերը հայտնեցին մեր հայ թատրոնի ժամանակակից, անգերազանցելի երկու թատերական նորարար գործիչներիՙ Վարուժան Խտըշյանի եւ Պերճ Ֆազլյանի ստեղծագործական եւ ֆիզիկական կյանքի վարագույրները փակվելու մասին. առաջինըՙ դեկտեմբերի 28-ին, երկրորդըՙ փետրվարի 15-ին:

Կորուստը շատ մեծ է բովանդակ հայ թատրոնի համար:

Այս տխուր առիթով մեր սրտագին ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներինՙ մեր վաղեմի բարեկամների անդառնալի բաժանման առթիվ, խորապես ցավակցում նրա արվեստակից ընկերներին, հանդիսատեսներին, ամենքին:

Խմբ.

ՎԱՐՈՒԺԱՆ ԽՏԸՇՅԱՆ

Մեծ արվեստագետ էր Վարուժան Խտըշյանը. բազմակողմանի զարգացած, բազմապիսի հետաքրքրությունների տեր, ժամանակակից եվրոպական դրամատուրգիայի եւ թատրոնի պատմությանը լավատեղյակ թատերական գործիչ: Նա ինքն արդեն, մեն-մենակ մի թատրոն էրՙ դերասան, բեմադրիչ, թարգմանիչ, վերլուծաբան-քննադատ, բեմահարդար, դիմահարդար, գեղարվեստական եւ երաժշտական ձեւավորող, տեխնիկական միջոցների կարգավորող, թատերական գործի կազմակերպիչ, որոնցով ապահովում էր ներկայացումների բարեհաջող ընթացքը: Ցավոք, վերջին տասնամյակներում, անդամահատված ոտքի պատճառով աստիճանաբար նվազում էր նրա ստեղծագործական հնարավորությունը եւ կտրվում սիրած աշխատանքից:

Խտըշյանը 20-րդ դարի երկրորդ կեսի արժանավոր թատերական գործիչներից մեկն էր, որն անմնացորդ նվիրվել էր իր արվեստին, սրբորեն ծառայել թատրոնինՙ որտեղ էլ որ լիներ: Նրա աշխատանքային գործունեությունը բարձր է գնահատվել ինչպես Լիբանանում, այնպես էլ մայր հայրենիքում, արժանացել է երկու երկրների բարձր պարգեւների. բարի հիշատակ թողել նրան ճանաչողների, հանդիսատեսների սրտերում:

Վարուժան Գեւորգի Խտըշյանը ծնվել է 1937-ի ապրիլի 7-ին, Լիբանանի Ալեյ գյուղաքաղաքում: Կրթությունն ստացել է Համազգայինի ճեմարանում եւ Բեյրութի Հայ ավետարանական քոլեջում, երաժշտական դասընթացների հետեւել: Նրա գեղագիտական հայացքների ձեւավորման վրա բարերար հետք է թողել գրականությունն ու արվեստը սիրող ընտանեկան մթնոլորտը, որն էլ որոշել է պատանու կյանքի հետագա ընթացքը:

Խտըշյան պատահականորեն է ոտք դրել թատրոն: Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբի ղեկավար Ժորժ Սարգիսյանը Լ. Շանթի «Շղթայվածը» պիեսի բեմադրությունը պատրաստելիս, կին դերակատարի համար դիմել է գրական հակումներով օժտված Սոնա Խտըշյանին (Ա. Ծառուկյանի կողակիցը)ՙ իր մասնակցությունը բերել: Վերջինս մերժել է այդ առաջարկը, բայց փոխարենը խորհուրդ է տվել մասնակից դարձնել եղբորըՙ ասելով. «Շնորհալի է ու շատ կփափաքի բեմ ելլել»: Սարգիսյանն ասել էՙ «Թող գա»:

Այսպես, 1955-ից Վարուժանը դարձել է «Գասպար Իփեկյան» թատերախմբի դերասան, մասնակցել մի շարք ներկայացումների, խմբի հետ հյուրախաղերի մեկնել Իրան եւ այլ վայրեր: Վարուժանի դերասանական տարերքն առավելապես դրսեւորվել է բնութագրական դերերի մարմնավորման մեջ, որոնցից մեկը եղել է Զիմզիմովը Սունդուկյանի «Պեպո»-ում (1959):

Աշխատանքի ընթացքում, մասնագիտական կրթության կարիք զգալով, Խտըշյանը 1963-ի հունվարին մեկնել է Լոնդոն: Նախապես կատարելագործել է անգլերենը, ապա ընդունվել եւ սովորել Լոնդոնի Դրամատիկական արվեստի ակադեմիայում (1963-1966): Ուսման տարիներին նա կապվել է տեղի Հայ Երիտասարդաց միության թատերասերների խմբի հետ եւ 1964-1965 թթ. բեմադրել Հ. Պարոնյանի «Երեք պատկերներ» (տեսարաններ) գործը, Լ. Շանթի «Եսի մարդը» եւ Գ. Սունդուկյանի «Պեպոն»: Վերջին երկաբեմադրությունները նա հյուրախաղերով տարել է Ֆրանսիա եւ ցուցադրել Փարիզում, Ալֆորվիլում, Մարսելում, Լիոնում, Վալանսում եւ այլ վայրերում: «Պեպո»-ում նրա Զիմզիմովի հետ Պեպոյի դերում հանդես է եկել նույնպես լիբանանցի եւ ակադեմիայի ուսանող, հետագայում նշանավոր դերասան ու բեմադրիչ Գրիգոր Սաթամյանը:

Ուսանողական տարիներին (1966), Խտըշյանը տարբեր ազգության ներկայացուցչների հետ առաջին ու վերջին անգամ Օթելլո է խաղացել անգլերեն:

1967-ին Խտըշյանը վերադառնալով Բեյրութ, իր հետ բերել է եվրոպական եւ ամերիկյան ժամանակակից արդիական թեմաներով լավագույն պիեսներ, թարգմանել ու բեմադրել ոչ միայն Լիբանանում, այլեւ Հայաստանում, գալով Բեյրութ, նա ստանձնել է Համազգայինի «Լեւոն Շանթ» թատերախմբի ղեկավարությունը, իսկ 1970-ին կազմակերպել է «Թատրոն-67» թատերախումբը եւ շարունակել իր նորարական գործունեությունը թատերական կյանքում:

1968-1974 թթ. նա թարգմանել ու բեմադրել է Ա. Միլլերի «Սալեմի վհուկները», Հ. Իբսենի «Մեծ վարպետ Սոլնես», Է. Լյաբիշի «Իտալական հարդե գլխարկը», Վ. Էլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից», Հ. Փինթըրի «Վերակացուն», Փ. Վայսի «Մարա Սատ», Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան», Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» եւ այլ պիեսներ, հանդես եկել բնութագրական առաջնակարգ դերերով:

Բեմադրական արվեստում նորամուծություններ մտցնելու առումով ամենահետաքրքրական աշխատանքը եղել է ռուս մեծ գրող-դրամատուրգ Անտոն Չեխովի չորս փոքրածավալ գործերի բեմադրությունը մի երեկոյում, որ տեղի է ունեցել 1968-ի նոյեմբերի 23-ին ՀԲԸՄ-ՀԵԸ-ի «Գ. Կյուլպենկյան» սրահում: Այդ գործերն են եղելՙ «Կարապի երգը», «Առաջարկությունը», «Արջը» եւ «Հոբելյանը», որոնք նա թարգմանել է Նիլ Սայսմոնի անգլերեն թարգմանությունից:

Խտըշյանի մտահղացմամբ «Չեխովյան ծիծաղներ» պիեսների գործողությունները կատարվել են միեւնույն տեղում, որպես կրկեսային ներկայացումներ, իրար հաջորդող պատկերներ հարթակների վրա: Իր այդ մտահղացմանը նա հետեւյալ բացատրությունն է տվել. «Երբ «Չորս պատկերներ դրած էի Անանուն կրկեսի մը մէջ, գլխաւոր նպատակս 4-րդ պատ կոչուածը վերացնելն էր: Աս այն պատն է, որ հանդիսատեսը կբաժնէ բեմին սահմաններէն»: Ավելի ստույգըՙ բեմական գործողությունը կապել հանդիսատեսների հետ:

«Չեխովյան ծիծաղներ»-ի բեմադրության առթիվ Բեյրութի «Զարթօնք» թերթի թատերախոս Գրիգոր Քեոսեյանը գրել է. «Դերակատարները տուին իրենց առաւելագոյնը, որ երբեմն աւելի էր քան գոհացուցիչ: Վ. Խտըշեան գիտէ կոփել եւ ղեկավարել ուժերը: Մանաւանդ սկսած է մեր երիտասարդ դերակատարները ձերբազատել ամօթի եւ ամօթխածութեան անտեղի սեղմումներէն»:

1990-1991 թթ. Խտըշյանը երկրորդ անգամ «Չեխովյան ծիծաղին» է անդրադարձել «Գասպար Իփեկյան» թատերախմբի ուժերի հետ: Կատարել է տեքստային նոր լրացումներ, հրաժարվել կրկեսային պայմանականությունից: Իր խաղացած դերերից առաջ նա հանդես է եկել Չեխովի կերպարով, որպես պատմիչ մեկնաբանել նրա հերոսների վարք ու բարքը, ինչպես հեղինակն է տեսել ու գրի առել:

1970-ական թթ. սկզբներին, լիբանանահայ թատրոնի ծաղկուն շրջանում, լավ գնահատականների հետ, մամուլում երեւացել են նաեւ ժամանակի լավագույն բեմադրիչների աշխատանքը թերագնահատողներՙ ի դեմս դրամատուրգ Արա Արծրունու: «Երիտասարդ հայ» պարբերականում ոչնչացրել է հայ դրամատուրգների եւ բեմադրիչների աշխատանքները: Խտըշյանի մասին, օրինակ, նա գրել է. «Մտաւորական չէ, ոչ ալ խոր ուսումնասիրութեան մարդ, այլ «կապկող-արկածախնդիր» մը միայն»: Ժ. Սարգիսյանին որակել է որպես «յավիտենական տեղաքայլի մէջ», Պ. Ֆազլյանինՙ «կար ու չկայ», Գ. Սաթամյանին «ուժերու սպառում»: Լիբանանահայ ժամանակակից թատերական գրականությունը համարել է «մէկ խոշոր ԶԵՐՕ մը»: Բարեբախտաբար, միայն նա է այս կարծիքին եղել:

1970-ական թթ. Լիբանանում սկսված պատերազմն իր բացասական հետքն է թողել նաեւ հայ գրականության եւ թատրոնի զարգացման ճանապարհին: Մի շարք մտավորականներ հեռացան երկրից, Վարուժանը մնաց, բայց գործունեությունը շարունակեց Հալեպում: 1979-ին հրավեր ստանալով Հայաստանից, եկավ Երեւան եւ Դրամատիկական թատրոնում բեմադրեց Նիլ Սայմոնի «Զբոսայգում ոտաբոբիկ», այնուհետեւՙ Գյումրիի Վ. ԱՃեմյանի անվան թատրոնում Հ. Պարոնյանի «Ալաֆրանկա» պիեսը, որի նյութերը Պարոնյանի հայատառ թուրքերենից հայերենի էր թարգմանել Գառնիկ Ստեփանյանը:

«Ալաֆրանկայի» բեմադրության առաջին օրերին, Նիկոդեմիոսի դերակատար Լեւոն Աբրահամյանը հիվանդ լինելով, նրա փոխարեն խաղաց Վարուժանը, ձուլվելով խաղընկերներին: Այս բեմադրության մեջ նա մի մտահղացում էլ ուներ, որ այդպես էլ անբացատրելի մնաց: Գործողությունները կատարվող սենյակում բազմաթիվ քառակուսի տուփեր կային, որոնք, ամեն տեսարանից հետո, մեկ-մեկ պակասում էին:

Խտըշյանը 1983-ին մի բեմադրություն էլ Երեւանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում է տվելՙ Է. Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» դրաման:

Վերոհիշյալ երեք բեմադրություններն էլ մի քանի տարի կայուն տեղ են գրավել թատրոնների խաղացանկում, նպաստել դերակատարների ստեղծագործական հնարավորությունների նորանոր բացահայտմանը: Ներկայացումների քննարկման ժամանակ բարձր են գնահատվել թե բեմադրիչի եւ թե դերակատարների աշխատանքները:

1984-ին Խտըշյանն իր «Թատրոն-67» թատերախմբով հյուրախաղերի է եկել Երեւան: Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացվել է «Պարտեզում ոտաբոբիկ» պիեսը, թատերական ընկերությունում կազմակերպվել է խմբի հանդիպումը թատերական գործիչների հետ: Ելույթներ են ունեցել ընկերության նախագահՙ Հրաչյա Ղափլանյանը եւ Վարուժան Խտըշյանը:

Երեւանյան այցելություններից մեկի ժամանակ, Խտըշյանը ռուս զինվորի դերով մասնակցել է Հ. Մալյանի նկարահանած «Ձորի Միրոն» կինոֆիլմում:

1988-ից Խտըշյանը ստանձնել է «Գասպար Իփեկյան» թատերախմբի ղեկավարությունը: Նրա առաջին բեմադրությունը եղել է Լ. Շանթի «Հին աստվածները», որը բոլորովին տարբերվել է նույն պիեսի նախորդ բեմադրություններից: 1991-ին Շանթի «Եսի մարդը» պիեսի մասին բեմադրիչի իր խոսքում (ներկայացման ծրագրում), վերհիշելով լոնդոնյան բեմադրությունը, գրել է. «Առաջինը, որտեղ ես իմ անհատականութիւնս գտայ ու իմ ոճս: Խօսքի արտահայտութիւն, կշռոյթի եւ մանաւանդ երաժշտութեան գործածումը, որ կը հետեւի Վակներյան լեյթմոթիվներու օգտագործման տեսակետէն: Այս հայտնութիւնը զիս գրաւեց, երբ առաջին անգամ զայն բեմադրեցի Լոնդոնՙ 1964-ի մարտ-ապրիլին»:

Հետագա տարիներին, ծանոթ ու անծանոթ հեղինակներից Խտըշյանը բեմադրել է Ք. Մունիեի «Օսկարը», Ն. Սայմոնի «2-րդ պողոտային բանտարկյալը», Հ. Օշականի «Երկինքի ճամբով», Ա. Միլլերի «Գինը», Ժ. Շըհատեի «Պրիզպանի գաղթականը», Ն. Սայմոնի «Ցանկահարույցներու վերջինը», Լ. Շանթի «Կայսրը» եւ այլ պիեսներ, որոնց մեջ ամենակարեւորը եղել են կերպարների հոգեբանության առանձնահատկությունների դրսեւորումները:

Վարուժանիՙ տեսական հարցերի պատրաստվածությունը դրսեւորվել են նրա բեմադրած պիեսների հեղինակների մասին գրված հոդվածներում ու «բեմադրիչի խոսքերում»: Հեղինակների կենսագրականներում, ստեղծագործությունների պատմական ակնարկներում, բեմական պատմության մեջ Խտըշյանը դրսեւորել է բազմակողմանի զարգացած թատերական գործչի խորը գիտելիքները: Այդպիսի աշխատանքներից են Հ. Պարոնյանի, Լ. Շանթի, Հ. Օշականի, Ն. Սայմոնի, Ա. Օլբիի, Հ. Իբսենի եւ ուրիշների մասին գրությունները, նրանց մասին եղած ասույթների մեջբերումները եւ տված գնահատականները: Եղել է Լիբանանի համալսարանի դասախոս:

Վարուժան Խտըշյանը կապված էր հայաստանյան մի շարք թատերական գործիչների հետ, որոնցից ամենամոտը համարել է Սոս Սարգսյանին, մասնակից դարձրել իր բեմադրություններից մեկում: Նոր թեւակոխած դարի սկզբնական տարիներին, երբ կտրվել էր բեմական կյանքից, մեկ-մեկ բուժելու էր գալիս Հայաստան: Մշտապես հաճելի էին նրա հետ զրույցները: Բարեկամների հետ երբեմն նյութեր էր ուղարկում Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան: Իր փոքրիկ արխիվը հետագայում նա համալրեց Սոս Սարգսյանի հետ ուղարկած նորանոր նյութերով:

Վարուժան Խտըշյան արվեստագետի հիշատակը ամուր է նստած մեր հիշողություններում:

Հաջորդիվ` Պերճ Ֆազլյանի մասին

Նկար 1. Վ. Խտըշյանը Չեխովի կերպարով

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 25-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ