ԱՄԱՐԱՆ «ՆՎԱԳԵՑ ՄԵՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ԼԱՐԵՐԻ ՎՐԱ» Հ. Ծ. Նյու Յորքում նշվել է Լուսին Ամարայի 90-ամյակը Նյու Յորքում մարտի 2-ին պատշաճ մակարդակով նշվել է Մետրոպոլիտեն օպերայի հայազգի երկարամյա երգչուհի (սոպրանո) Լուսին Ամարայի ծննդյան 90-ամյակը: Հանդիսությանը բացի անվանի երաժշտագետներից, ներկա է եղել նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը (92 տարեկան): Ամարան, որ աշխարհում միակ երգչուհին է, որ միեւնույն օպերային թատրոնում ավելի քան 40 տարիներ է ելույթ ունենում, Մետրոպոլիտենում հանդես է եկել 882 բեմականացումներումՙ կատարելով 56 դերերգեր, որոնք բազմիցս հեռասփռվել են ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Գլխավոր դերեր է ստանձնել Ժ. Բիզեի «Կարմեն», Ջ. Պուչչինիի «Մադամ Բաթերֆլայ» («Չիո Չիո սան») եւ «Բոհեմ», Պ. Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Ժ. Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները», Վ. Մոցարտի «Դոն Ժուան», Ռ. Լեոնկավալլոյի «Պայացներ», Ջ. Վերդիի «Աիդա» եւ այլ կոմպոզիտորների օպերաներում: Վերջին քսան տարիներին գեղարվեստական ղեկավարն է Նյու Ջերսիի «Վերիզմո ընկերակցության», որտեղ երիտասարդ վոկալիստները մարզում են իրենց ձայնը իր անմիջական հսկողության տակ: Լուսին (Թագուհի) Արմաղանյան-Ամարան Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Գեւորգ եւ Ադրինե Արմաղանյանների դուստրն է: Ծնվել է մարտի 1-ին Հարթֆորդում (Կոնեկտիկուտ): Տասը տարեկանից սովորել է ջութակ նվագել: Երգել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում (1940-41 թթ.): «Հրեշտակային ձայնը» մշակել է «Արեւմուտքի երաժշտական ակադեմիայում» (1947 թ.), Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում (1949-50 թթ.): Ձայնամարզության դասեր է առել նաեւ Ստելլա Այզներ-Այնից, որի խորհրդով էլ հետագայում մասնակցել Մետրոպոլիտեն օպերայի լսումների մրցույթին եւ արժանացել «Երիտասարդ երգչուհի» կարգավիճակի պայմանագրի ստորագրմանը: Հայտնի ջութակահար Իսահակ Ստեռնը մի առիթով նշել է, որ Ամարայի ձայնը «հնչում է ջութակի մեղեդու նման»: Ուրիշներ նրա փառապանծ ձայնը նմանեցրել են «հորդառատ գետի» եւ «հոսող մեղրի, որը երբեմն թանձր ու զորեղ է, երբեմն էլ թախծալի ու երկնային»: Իսկ Պարույր Սեւակը լսելով նրան Երեւանում (Ամարան 1965-ին եւ 1991-ին համերգներ է տվել Հայրենիքում), իր տպավորությունն է հայտնել ասելով. «Ամարան մեզ բոլորիս ջութակների վերածեց եւ սկսեց նվագել մեր զգացմունքների լարերի վրա»: Երկար տարիներ Մետրոպոլիտեն օպերայի զարդը համարվելուց (կոնտրալտո Լիլի Չուգասզյանի հետ միասին) հետո 1991-ին Լուսին Ամարան թողել է բեմը եւ նվիրվել կրթական աշխատանքիՙ մարզելով երիտասարդ երգիչ-երգչուհիների ձայները: Նա (ինչպես նաեւ իր դուստրըՙ Էվելինան, ով նույնպես օպերային երգչուհի է եւ բեմադրող) վարպետության դասեր է տվել Մ. Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում եւ Մեքսիկայում: Լուսին Ամարան մեր պարծանքն է ու հպարտությունը: Քաջառողջության մաղթանքներով «Ազգը» ջերմորեն շնորհավորում է նրա 90-ամյակը: |