ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ Ծանր հիվանդությունից հետո 65 տարեկանում վախճանվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական եւ Լիտվայի Հանրապետության վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանը: Վերջին ժամանակներում աշխարհահռչակ երգչին բժշկական օգնություն էին ցուցաբերում արտասահմանում, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց: Գեղամ Գրիգորյանն անցյալ տարի նորից նշանակվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար: 2000-2007 թվականներին եւս նա նույն պաշտոնն է ստանձնելՙ այդ տարիներին բեմ հանելով օպերային եւ բալետային 10-ից ավելի ներկայացումներ, այդ թվումՙ «Անուշ», «Արշակ Բ», «Ալկո», «Դոն Ժուան», «Նորմա» օպերաները: Գեղամ Գրիգորյանի բեմական գործունեությունը սկսվել է 1970-ականներից, երբ նա մեր օպերային թատրոնում ներկայացավ դեբյուտովՙ Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայումՙ Էդգարի դերերգով: Մինչ այդՙ ընդամենը 20 տարեկանում, նա մեներգով է հանդես եկել Բեռլինում: Մասնագիտական շրջանակներն ու հանդիսատեսը հիացած էին երիտասարդ տենորով, որը հետագայում երգել է 200-ից ավելի ներկայացումներում: Չկա տենորի համար գրված բարդագույն որեւէ դերերգ, որ Գեղամ Գրիգորյանը կատարած չլինի: Սովետական «երկաթե վարագույրի» տարիներին, երբ չէր խրախուսվում արտիստների արտասահմանյան ելույթներն ու դրսի հետ համագործակցությունը, Միլանի «Լա Սկալայից» Գեղամ Գրիգորյանն աշխատանքային հրավեր է ստանում: Շատ չանցածՙ եվրոպացի հանդիսատեսը հնարավորություն է ունենում ունկնդրելու երիտասարդ հայ տենորի դերեգերը «Բորիս Գոդունով», «Տոսկա» ներկայացումներում: Այդ տարիներին «Լա Սկալայի» գլխավոր դիրիժորը Կլաուդիո Աբբադոն էր: Գեղամ Գրիգորյանն աշխատել է նաեւ Լիտվայի օպերային թատրոնում: 1980-ականներին Վիլնյուսի բեմում նա կերտել է մի քանի կերպարներՙ «Տրավիատա», «Եվգենի Օնեգին», «Դոն Կարլոս», «Ռիգոլետո», «Բորիս Գոդունով» օպերաներում: 1990-ականներից հետո Գեղամ Գրիգորյանի համար ստեղծվեցին գործունեության ու արտասահմանյան ելույթների նոր հնարավորություններ. աշխարհի բոլոր մայրցամաքների ամենահեղինակավորՙ Նյու Յորքի, Վիեննայի, Մյունխենի, Փարիզի, Տոկիոյի բեմերում, Լոնդոնի Թագավորական օպերային թատրոնում, «Մետրոպոլիտեն» օպերայում է նա երգել: Վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր, մարտի 25-ին, ժ. 11-14-ին, Օպերայի եւ բալետի թատրոնում: Մարմինը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: |