ՀԱԶԱՐ ԲԱՌ ԱՐԺՈՂ ԵՐԳԻԾԱՆԿԱՐՆԵՐ Հ. Ծ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների թվում հատկանշական էր Ուեստոնի (Մասաչուսեթս) Քեյմբրիջ վարժարանում վերջերս բացված երգիծանկարների «երկրպագություն» ընդհանուր խորագիրը կրող ցուցահանդեսը, որին մասնակցել էին 15 ամերիկահայ արվեստագետներ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի փետրվարի 13-ի համարը: Իսկ ցուցահանդեսի ամենավառ երեւույթը եղել է ճանաչված երգիծանկարչուհի Լուսինե Գասպարյանի գործերը, որոնցից մեկը հատկապես գրավել է ներկաների ուշադրությունը: «Սպառնալիքՙ պապին» վերնագրված նկարում Էրդողանն է Հռոմի պապի ճակատագրի մասին խորհրդածելիս: «Պատմությունը կրկնվելու է» արտահայտությունը ակնարկ է Հովհաննես Պողոս Բ-ի վրա կատարված մահափորձին: Մյուս կարեւոր իրադարձությունը Գասպարյանի 110 էջանոց նկարազարդ ալբոմն է եղել «Պատկերներ աքսորից» խորագրով, որտեղ նկարներից բացի հոդվածներ են տպագրվել այն մասին, թե ինչպես անփոփոխ է մնացել թուրքի մտածելակերպը Օսմանյան ժամանակաշրջանից ի վեր: Ալբոմի նախաբանը գրել է կուրատոր Թոդ Բարտելըՙ Քեյմբրիջ վարժարանի Թոմպսոն պատկերասրահի տնօրենը: Լուսինե Գասպարյանը հայտնի քաղաքական երգիծանկարիչ է: Նրա գծագրությունները տպագրվել են հայկական «Զարթօնք», «Մասիս» թերթերից բացի, նաեւ ամերիկյան «Ֆորին Պոլիսի Ջոռնըլ», «Ուիմենզ ինտերնեշնըլ պերսպեկտիվ» եւ «Վետերանզ Թուդեյ» պարբերականներում: |