«ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆԵՐ» Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Ռոբերտ Էլիբեկյանի հոբելյանական ցուցահանդեսում «Ես ուզում եմ անիրական իրականություն ստեղծել: Ես փախչում եմ իրականությունից»- ինքնախոստովանքի պես են հնչում Ռոբերտ Էլիբեկյանի այս խոսքերը, նույնքան բնորոշ արվեստագետի բուն էությանըՙ ստեղծելու այնպիսի երեւույթ, որ իրականության համար նոր է, գեղեցիկ է, անսովոր, ուստի եւՙ գրավիչ: Երբ արվեստագետը իր իդեալները փնտրում է ռեալությունից դուրս մեկ այլ տարածքում, նա անցնում է ինքնահայեցողական, ինքաճանաչման տեւական ճանապարհ, որտեղ որոնում է սեփական եսը, մերձենում ինքն իրեն, այստեղից է արտածում նա ձեւեր ու պատկերներ, գույներ ու մեղեդիներ: Ռ. Էլիբեկյանի նկարչությունը ռեալ եւ իռեալ իրականության սահմանային հատվածներում է, որտեղ տեսանելի, ծանոթ ֆիգուրներն ու ձեւերը նկարչի երեւակայության ազդեցությամբ վերափոխում են իրենց ներքին էությունը, որովհետեւ այն իմպուլսները, որ նա ստանում է կյանքից, ներքին իռացիոնալ աշխարհում վերածվում են այլ զգայությունների: Մենք տեսնում ենք, թե ինչպես է նա խաղում կերպարների հետ, թատերայնացնելով շարժումներ ու դեմքեր: Կյանքի թանձր պատկերները նոսրանում, վրձնի թեթեւ հարվածներով ստանում են լուսավոր գույներ: Գույնի մեջ է նա տարրալուծում, բացահայտում, վերագտնում իր հույզերը, ապրումներն ու խոհերը: Նրա արվեստանոցը լեցուն է թրթռացող գույներով, այստեղ մի աներեւույթ ուժ է իշխում գեղեցկության, մի անսովոր լռություն, որն իր մեջ կլանում է թարմ ներկի բույրը, կիսատ նկարի գաղտնիքի հմայքը վրանՙ այս ու այն կողմում թափառող լուսագծերով: Քիչ ավելի երկար մնալուց նկարները սկսում են զրուցել հետդ: Բնավ ճիգ պետք չէ գործադրել, այդ զրույցը նրանք են սկսում, նրանք պատմում են այն կյանքի մասին, որում ապրում են արդեն վաղուցՙ իրենց սիրելի, մտերմիկ անկյունում...Ինչը չես ասի ցուցահանդեսների մասին, որտեղ մարդկային հոսքը կլանում է գույնի էներգիան, որտեղ խոսքը փոխարինում է լույսին, տարանջատում, խզում խորհուրդը նկարի ու հայացքի միջեւ: Հասկանում ես, թե որքան են նրանքՙ նկարները, սիրում լռության մեջ ապրել, լռության մեջ կիսվել: Էլիբեկյանի նկարներն իռացիոնալ աշխարհի արտածումներ են, այստեղ պետք չէ փնտրել որոշակիություն, առավելեւս թեմատիկ գծեր: Նկարչի իդեաները ծավալներ առնում կամ ձեւ ու կերպարանքներ ստանում են ներաշխարհի ջրերում, լողում անտարածք միջավայրերում, որտեղ գոյության առաջին պայմանը ազատությունն է: Ներքին ազատությունից է ծնվում այս լուսավոր էլեգիան, բանաստեղծական այս թախիծը, այս մեղեդին գույնի, որին հանդիպելիս ամեն անգամ ակամա ես հայտնվում երազների աշխարհում: Գեղեցիկ էՙ հույզ է ծնում, մտերմիկ էՙ սեր արթնացնող... Կան նկարներ, որոնց հմայքը զգում ես նայելուց բավական հետո. դա տեւական զգացողություն է առաջացնում, որ մնում է հիշողության մեջ, դառնում ներքին կյանքիդ մի մաս, մնում հոգու անկյունում, որ ամեն պահիՙ անկախ առիթից, կարող է զգացնել տալ իր գոյության, իր գեղեցկության մասին. նա հարստացնում է հոգեկան աշխարհը, անկախ արվեստագետի կամքիցՙ դառնում քոնը: Այդ պատճառով է, որ նկարիչն ասում է, թե գործն ավարտելուց հետո նրանք այլեւս իրենը չեն: Այդ պատճառով թերեւս Պողոս Հայթայանն ասաց, թեՙ նկարիչը կարոտել է ինքն իրեն... Էլիբեկյանի արվեստի ձգողականությունն անվիճելի է, այն տեւական է, փոխանցվելով վերածվում է հուզական վիճակների, կարոտի նոտաներ արձակում: Նա որքան եաժշտական, նույնքան պոետիկ է, ե՛ւ կյանք է, ե՛ւ երազ, ե՛ւ խաղ, ե՛ւ սեթեւեթանք, ու դառնություն նաեւ, երբ դրամատիկ խտացումներ են հայտնվում կտավին... Ամիսներ առաջ նա ցույց տվեց Տիրամոր իր նկարըՙ վերջին գործերից մեկը: Ասացՙ ամեն նկարիչ ազգային երանգ է հաղորդում Տիրամոր սրբապատկերին, իրենը հայկական էՙ գույների առավել արտահայտչականությամբՙ կապույտի ու դեղնի զրնգացող մաքրությամբ, որ կարոտ է հանգրվանելու այն եկեղեցում, որտեղ նրան սպասում են... Նկարչի ստեղծագործության տարածքի ու մեր միջեւ ընկած ժամանակի խորհուրդը բացվում է ենթագիտակցությանդ մեջ, նա հանելուկներ է առաջադրում, նրա գունային խաղերն ու նյութի լողացող պատկերները, որ մերթ այսկերպ, մերթ այլկերպ են հայտնվում, ստեղծելով իլյուզիա, հենց այն է, ինչին ձգտում է նկարիչըՙ ստեղծել անիրական իրականություն: Դրա համար է խաղը շատ այստեղՙ բեմական վիճակները, շարժերը, սեթեւեթանքները, անորսալի դիմային արտահայտությունները մերթ մերձեցնում, մերթ հեռացնում են պատկերը.- իրական է, թե՞ խաբուսիկ, կա, թե՞ չկա: Նկարիչը պարտադրանք չունի, այստեղ ամեն բան հոսում է, ինչպես ժամանակը, ամեն բան բնական է, որտեղ սպասում կա, ընդգծված սպասումՙ ինչ-որ անակնկալ գեղեցկության: Առհասարակ Էլիբեկյանը էսթետ է, կյանքի ոչ թե գեղեցկությունը միայն տեսնող, այլՙ կյանքի բնեէությունը ըմբռնողՙ տեսնելու եւ զգայելու տեսածը: Այս հատկությունն է նրա նկարները խորհրդավորության քողով պատումՙ պատկերը, նյութը նոսրացնելով, վերացարկում իրականությունը, հեռացնում ժամանակը: Մաս առ մաս դրանքՙ այդ ռեալությունները վերցնելով կյանքից, հավաքում է իր մեջ, տարրալուծում մտքերին, ապրումներին, հետո բաց տարածք հանումՙ հանձնում գույնի մերկ քմայքին, որն էլ արտացոլում է արվեստագետի ներքին ժամանակը, այն եզակի անհատականը, որ նա անցել է, ապրել է, զգացել է բացառապես մեկուսի: «Մենակությունը Աստծո տված ամենահրաշալի նվերն է: Մարդը մենակ է ծնվում ու միշտ միայնակ է», կարդում ենք իր գրառումներում: Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործական հարուստ կենսագրականում ցուցահանդեսների աշխարհագրությունը լայն կորագծումներ ունի, բայց երբ նրան հարցրինՙ որն է ամենալավ ցուցահանդեսը, ասացՙ այս վերջինըՙ «Գաֆեսճեան արվեստ կենտրոնի»ՙ «Արտացոլումները», որովհետեւՙ անակնկալ է եղել: Նկարներն ընտրել են կենտրոնի աշխատակիցներըՙ նկարչի արվեստանոցներում մի քանի օր պեղելով գտել այնպիսիք, որ շատ վաղուց են բանտարկված արվեստանոցային լռության մեջ... 26 կտավՙ այս օրերին կենտրոնի «Արծիվ» սրահում հյուրընկալված, մի ողջ ժամանակաշրջանիՙ ավելի քան կեսդարյա ստեղծագործական կյանքի պատմություն են ներկայացնումՙ լեցուն հարուստ, երեւակայական ելեւէջումներովՙ 60-ականների գեղագիտական շարժման ընթացքի պատմություն նաեւ, դրա ամենահեղինակավոր կրողներից մեկիՙ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան 75 -ամյակը նշանավորելով: «Լինելով 1960-1970-ականների «թիֆլիսյան դպրոցի» առաջատար ներկայացուցիչներից մեկըՙ Էլիբեկյանը գեղեցիկի եւ ազատության նոր գեղագիտություն բերեց երեւանյան մշակութային համայնապատկեր: Իր կտավներում Էլիբեկյանը ստեղծում է ֆանտասմագորիկ իրականություն, որտեղ նա կարող էր հասնել զգացմունքների եւ ոգու կատարյալ ազատությանՙ արվեստագետի ստեղծագործական հիմնական մղիչ ուժը»- այսպիսի կարծիք է հայտնել ԳԱԿ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը ցուցահանդեսի առիթով: ...Հայացքիդ առջեւ ծավալվող, տարածվող, թրթռացող գույնն էՙ նկարչի հոգեկան աշխարհի արտացոլանք որպես, շուրջըՙ աղմուկ մարդկային հոսքի: Ձայնի ու գույնի միջեւ կանգնածՙ փնտրում ես կապը ռեալ եւ իռեալ իրականությունների միջեւ, փորձում ես որսալ այն, ինչ սովորականը վերածում է արվեստի, նյութականը դարձնում հոգեւոր: Լքում ես դուրսը, մտնում նկարի տարածք, որտեղ խաղաղ է, լռությունըՙ միայնակ... Նկար 1. Վարպետը` արվեստանոցում Նկար 2. Ձախից աջ` Տ. Մանսուրյան, Ռ. Էլիբեկյան եւ Ա. Փելեշյան |