ՓԱՓԱԶՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՕՊԵՐԱՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ Միչիգանի Օպերային թատրոնում 1981-ին «Անուշի», իսկ 2001-ին Սան Ֆրանցիսկոյի Օպերային թատրոնում «Արշակ երկրորդի» պրեմիերաների արձանագրած աննախադեպ հաջողություններից ոգեշնչված Ժիրայր Փափազյանը (Ժերար Բաբազյան) այժմ փորձում է Չուխաջյանի «Կարինեն» (Լեբլեբիջի Հորհոր աղան) իր ամբողջական տարբերակով ներկայացնել միջազգային հանրությանը: Նա դրա համար բոլոր հիմքերն ունի: Անցյալ տարի լոնդոնյան «Արկոլա» (ARCOLA) թատրոնի ամենամյա ամառային «Գրայմբոռն օպերային փառատոնին» նա հրավիրված էր բեմադրելու «Կարինեի» պարզեցված (նվագախմբի փոխարեն միայն դաշնամուրի ընկերակցությամբ) եւ կրճատված տարբերակը: «Օպերա օպերայի մեջ» սկզբունքով կատարված Փափազյանի ներկայացումը «Ինդիփենդենտ» թերթի կողմից դասվել էր «շաբաթվա ընտրյալ բեմականացումների շարքին, որն անպայման պետք է դիտել»: Ներկայիս, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր Ալին Գրիգորյանի հոդվածիՙ «Փափազյանը երկու ամսով գտնվում է Մ. Նահանգներում, ավելի կոնկրետՙ Միչիգանի «Էն Արբոր» համալսարանում, որտեղ դասախոսություններ է կարդում 19-րդ դարի հայկական օպերայի եւ մասնավորապես Չուխաջյանի ստեղծագործությունների թեմաներով: Նրա նպատակն է օտար հանրությանը ներկայացնել հայկական օպերաները իրենց հարազատ, ամբողջական տարբերակներով: Այդ ուղղությամբ նա հսկայական ուսումնասիրություններ է կատարել Փարիզում, որտեղ տնօրենն է իր հիմնած «Տիգրան Չուխաջյան միջազգային ինստիտուտի», եւ այլուր: Երեւան է հանել ցարդ կորսված համարված «Կարինեի» մի շարք հատվածներ, դերերգեր: Նա այդ բոլորի մասին մարտի 6-ին Ութերթաունի ՀԲԸՄ-ի կենտրոնում խոսել է եւ ցուցադրել Փարիզում կայացած «Կարինե» բեմադրության էկրանային տարբերակըՙ ֆրանսերեն լեզվով, բայց նաեւ անգլերեն ենթախորագրերով: Նա հավատացած է, որ Չուխաջյանի օպերաների երաժշտությունը համաշխարհային մակարդակի ստեղծագործություն է եւ ցավ է հայտնում, որ ցարդ հնարավորություն չի եղել այն ամբողջությամբ ներկայացնելու օտարներին: Այդ բացն է նա փորձում լրացնել իր տքնաջան աշխատանքով: |