«ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ, ԷԹՆԻԿ ՈՐԵՎԷ ՆՊԱՏԱԿ ՉԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ» ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ Այս խոսքերով Ստամբուլի նահանգապետը Սամաթիայի հայությանը հորդորում է անհոգ լինել Հունվարի 26-ի համարում «Հայատյացության պոռթկում Ստամբուլի հայաշատ թաղամասերում» վերնագրով անդրադարձել էինք զառամյալ հայ կանանց դեմ դեկտեմբեր-հունվար ամիսներին իրականացված հարձակումներին: Վերջին երկու ամիսներին հարձակումների հետեւանքով տուժել էր միայնակ ապրող հինգ հայ կին: Տուժածներից մեկը սեփական բնակարանում սպանվել էր, մյուսըՙ տեսողությունն էր կորցրել, երրորդիՙ աչքի մեկը կուրացել, եւ բոլորն էլ դաժան ծեծի էին ենթարկվել: Ընդ որումՙ բացառությամբ դաշույնի յոթ հարված ստանալուց հետո, կոկորդը կտրելով սպանված 85-ամյա Մարիցա Քյուչուքի, մյուս տուժածների նաեւ անուններն են թուրքական: Հիմք ընդունելով այս հանգամանքը, հարձակման թիրախների հայկական ինքնության մասին հարձակվողի իրազեկվածության ենթադրություն էինք արել: Միաժամանակ մատնանշել էինք, որ իրազեկվածությունը հարձակումներին կազմակերպվածության բնույթ է հաղորդում, իսկ դա մեծացնում է պետական կառույցների մասնակցության հավանականությունը: Հատկանշական է, որ զառամյալ հայ կանանց բնակարանում կամ բնակարանամուտքի մոտ բռնության ենթարկող թուրք հրոսակը բնակարանից հեռացել է առանց որեւէ իրի դիպչելու: Այսինքնՙ հարձակումները գողության նպատակ չեն հետապնդել, եւ այդ մասին ոստիկանության «Ֆաթիհի» թաղային բաժանմունքին գրավոր զգուշացրել էր Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը, ընդգծելով. «Հարձակումները համակարգված բնույթ ունեն: Մտահոգված ենք, որ դրանք լինեն ատելության, ռասիզմի դրսեւորում, որովհետեւ հարձակումների ժամանակ գողության դեպքեր չեն գրանցվել»: Ըստ երեւույթին, այս հիմնավորված դիտարկումը նահանգապետարան չի հասել, որ Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն, «Timeturk» լրատվական գործակալության վկայությամբ, հունվարի 26-ին նահանգապետարանի պաշտոնական կայքէջում տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հարձակման միջադեպերը պայմանավորված են գողության նկատառումներով: Էթնիկ որեւէ նպատակ չեն հետապնդում: Համոզված եղեք, մենք հայտնաբերելու ենք հանցագործներին»: Մինչ Ստամբուլի նահանգապետ Մութլուն հարձակվողների հայտնաբերման խոստում էր տալիս Սամաթիայի հայությանը, «Թարաֆի» հեղինակ Օնուր Շահինը ճշգրտել է հարձակումների որոշ մանրամասները: Ըստ ճշգրտման, դեկտեմբերի 28-ին սեփական բնակարանում սպանված 85-ամյա Մարիցա Քուչուքի կոկորդն են կտրել, դեկտեմբերի սկզբին տեսողությունը կորցրած Թ. Ա.-ն դաժան ծեծի է ենթարկվել փողոցի մեջտեղում եւ հարձակման թիրախները ընտրվել են Սամաթիայի Սբ Գեւորգ եկեղեցի հաճախողների շարքերից: Խնդիրը, սակայն, սոսկ հարձակման թիրախները չեն, այլ հարձակվողներին հայտնաբերելու մասին Ստամբուլի նահանգապետ Մութլուի առատաձեռն խոստումը, որը ցինիզմ է հիշեցնում: Եթե Սամաթիայում օրը ցերեկով փողոցի մեջտեղում մինչեւ տեսողությունից զրկելը ծեծում են տարեց կնոջ, ապա ծեծողին հավանաբար պատահական անցորդներից զատ, տեսել են նաեւ շրջակա խանութպանները, արհեստավորները եւ այլն: Էլ ի՞նչ հայտնաբերելու մասին է խոսքը: Մի պահ կարելի է մտածել, որ նահանգապետին հայտնաբերելու հնարավորություն տալու համար աչք են փակել հանցագործին, որ անարգել հեռանա դեպքի վայրից, սակայն միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին: Թվում է, թե հայտնաբերողը անցած 1,5 ամսվա ընթացքում գոնե կդիմեր 1-2 ականատեսի վկայությանը: Եթե դա չի արվել, կնշանակի նահանգապետին անհրաժեշտ է եղել, որ հանցագործին հայտնաբերելու համար հարձակման թիրախների թիվը հասնի 5-ի, նրանցից մեկը սպանվի, իսկ երկուսի առնվազն աչքը կուրանա: Ինչպես երեւում է, երբ խոսքը հայերի վրա իրագործված հարձակմանն է վերաբերում, թուրքական շատ ավանդական հանդուրժողականությունը տարածվում է միմիայն խուժանի կամ հանցագործի վրա: Այլապես հանցագործին կձերբակալեին, այլ ոչ թե ընդամենը հայտնաբերելու խոստում կտային, այն էլՙ 1,5 ամիս ուշացումով, ինչպես նահանգապետն է անում: Ի տարբերություն նահանգապետի, հունվարի 27-ին Սամաթիա է այցելել «Ֆաթիհի» քաղաքապետ Մուստաֆա Դեմիրը: Ի դեպ, Սամաթիան «Ֆաթիհի» վարչական շրջանի մաս է կազմում: Քաղաքապետն այնտեղ եղել է Սամթիայի Սբ Գեւորգ եկեղեցում, «Սահակյան վարժարանում» եւ հայկական «Բալըքլը» գերեզմանոցի հիմնադրամում: Այնուհետեւ հենց եկեղեցուն կից դահլիճում տեղի է ունեցել նրա հանդիպումը Սամաթիայի հայության հետ: Sondakika.com-ի վկայությամբ, քաղաքապետ ասել է, որ անհանգստանալու կարիք չկա, կարող են իրեն զանգահարել օրվա 24 ժամերին, ո՛չ իրենք, ո՛չ էլ անվտանգության ուժերը թույլ չեն տա, որ Սամաթիայում խախտվի հայերի անդորրը: «Հայկական գերեզմանոց» հիմնադրամի նախագահ Եսայի Դեմիրը հավելել է «Ֆաթիհի» քաղաքապետին. «Ոստիկանության հետ շարունակվում է մեր համագործակցությունը: Ոստիկանությունը հետամուտ է գործի բացահայտմանը: Առիթ չենք տալու անհիմն բամբասանքներին, քաղաքապետը մեզ հետ է: Ներկա պահին ճիշտ չի լինի հարձակումների հայության դեմ նպատակամղվածության վարկածներին տուրք տալը: Այդպիսի հետեւության համար դեռ վաղ է: Կապրենք, կտեսնենք»: Նույն օրը Սամաթիայում «Ազատություն եւ համերաշխություն» կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվել է բողոքի ցույց: Մասնակիցները «Կեցցե՛ ժողովուրդների եղբայրությունը», «Ուս ուսի ընդդեմ ֆաշիզմի» կարգախոսներով դատապարտել են տարեց կանանց դեմ հարձակումները: Ցույցը ավարտվել է Սբ Գեւորգ եկեղեցուն հարող հրապարակում, որտեղ տարածվող հաղորդագրությունը ընթերցել է «Ազատություն եւ համերաշխություն» կուսակցության Ստամբուլի վարչության քարտուղար տկն Չիչեք Չաթալքայան : Նա մասնավորապես ասել է. «Գիտենք, որ այս ռասիստական, ֆաշիստական հարձակումները ամենեւին էլ առանձին դեպքեր չեն: Գիտենք, որ այս երկրում դեռ չի չորացել 100 տարի առաջ թափված անմեղ արյունը: Գիտենք նաեւ այս երկրում առկա վախ սերմանելու, սաստելու միջոցով մարդկանց տեղահանության ենթարկելու ավանդույթի մասին, որը միշտ հանգեցրել է արյունահեղության եւ սպանության: Գիտենք, որ այս երկիրը մշտապես Օգյուն Սամասթներ է ծնում: Այս ամենով հանդերձ, մենք թույլ չենք տալու 1915-ի կրկնությունը»: |