ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՎԵՐԱԶԱՐԹՈՆՔԻ ՀՈՒՅՍՈՎ «Օրեր» եվրոպական ամսագիր, Orer.eu 500-ամյա գրատպությունից մինչեւ նորօրյա թարգմանիչներ Հունվարի 24-ի երեկոյան Չեխիայում Հայաստանի դեսպանատանը ՀՀ դեսպանության հովանավորությամբ տեղի ունեցավ հայ-չեխական գրական կապերին ու Հայ առաջին տպագիր գրքի 500-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո: Բացելով երեկոնՙ ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան նշեց, որ հայերի կյանքում գիրքը միշտ առանձնահատուկ տեղ է ունեցել: Եվ դա ամենեւին պատահական չէ, քանի որ հայ գրի ու գրական-մշակութային կոթողների ստեղծման պատմությունը անցնում է 1500-ամյա ճանապարհ, եւ պետականության կորստի պայմաններում գիրքն ու մշակութային մյուս արժեքները պահպանել են մեր ինքնությունը: Միջոցառման կազմակերպման մյուս առիթն էլ Պարույր Սեւակի ծննդյան օրն էր: Այնպես որ, երեկոն լի էր ոչ միայն հայ-չեխական գրական կապերին նվիրված ելույթներով, այլեւ Պարույր Սեւակի պոեզիայի անդրադարձով: Երեկոն վարող, «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը նշեց, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2012-ին հրատարակվել է «Օրեր» ամսագրի բացառիկ համարՙ նվիրված հայ առաջին գրքիՙ «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակին, իսկ անցած տարիների ընթացքում ամսագրում մեծ տեղ է տրվել հայ-չեխական թարգմանական գրականությանն ու գրական կապերին: Այդ կապերի պատմությանն էր նվիրված նաեւ Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանի ելույթը: Բանախոսն անդրադարձավ այն չեխ թարգմանիչներին, որոնք հայ գրականությունը ներկայացրել են չեխ հասարակությանը: Այդ իմաստով տիկին Լարիսան կարեւորեց Լուդմիլա Մոտալովայի աշխատանքը, նշելով, որ նա մեծ հետք է թողել հայ ժողովրդի պատմության մեջ: Իսկ Վացլավ Չեռնիի միայն մի հոդվածը ցույց է տվել, թե նա որքան լավ է տիրապետել թե՛ արեւելահայ եւ թե՛ արեւմտահայ գրականությանը: Մոտալովայի անցած ուղուն եւ Հայաստանի հետ կապերին անդրադարձավ նաեւ «Օրերի» խմբագիր Հակոբ Ասատրյանը, մեջբերելով ոչ միայն ժամանակակիցների հուշերից հատվածներ, այլեւ արվեստաբան Գրացիա Բաղդասարյանի գրքից հատվածներ: «Լուդմիլա Մոտալովա հայագետի անունը, ավաղ, մոռացության է մատնվել թե՛ Հայաստանում եւ թե՛ Չեխիայում: Սակայն 20-րդ դարի 60-70-ական թվականներին ոչ ոք այդպիսի մեծ հետք չի թողել հայ-չեխական գրական ու մշակութային կապերի զարգացման վրա, ինչպես գրականագետ ու թարգմանիչ Լուդմիլա Մոտալովան»,- ասաց բանախոսը: Ինչպես նկարիչ Յիրժի Նոսեկն է ասել, նա հայկական հանրագիտարան էր, իսկ նրա տունըՙ հայկական մշակույթի յուրատեսակ կենտրոն: Չեխ երիտասարդ հայագետ Միլադա Կիլիանովան չեխերենով ներկայացրեց Մոտալովային, նաեւ մի հատված կարդալով նրա թարգմանած Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր» վիպակից: Այնուհետեւ հայ անվանի չեխագետ Հովհաննես Հարությունյանի մասին իր հուշերը հայտնեց չեխ բանաստեղծ եւ նրա մտերիմ ընկեր Յարոսլավ Հոլուբեկը , որը պատմեց, թե ինչպիսի բոհեմային կերպար էր Չեխ Հովիկըՙ այդպես էին նրան կոչում ընկերները: Իսկ Միլադա Կիլիանովան ներկայացրեց Հովիկ Հարությունյանի չեխ ընկերների հուշերից հատվածներ: Հակոբ Ասատրյանը նույնպես կարեւորելով չեխ գրականությունը հայ ընթերցողին ներկայացնելու Հովհաննես Հարությունյանի կատարած հսկայական աշխատանքըՙ ընթերցեց Յարոսլավ Հաշեկի «Ընտրությունների նախօրյակին» պատմվածքի հայերեն թարգմանությունը, որն, ի դեպ, կարծես գրված լինի մեր օրերի նախագահական ընտրությունների համար: Դեռ 100 տարի առաջ էլ ընտրակաշառքը մեծ դեր է ունեցել ընտրությունների անցկացման ընթացքում: Հայ-չեխական գրական կապերին էր նվիրված նաեւ հրապարակախոս եւ «Գարուն» ամսագրի հատուկ թղթակից Շուշան Ղազարյանի ելույթը, ում ջանքերով 1999 թվակաին լույս տեսավ ամսագրի գրական հավելվածը` նվիրված հայ-չեխական գրական կապերին: Նա թվարկեց այն չեխ գրողներին, որոնց գործերը տարիներ շարունակ թարգմանվել են ու առաջին անգամ տպագրվել «Գարուն» ամսագրում: Չեխերենով գրված իր առաջին պատմվածքներն ու բանաստեղծությունները նեկայացրեց երիտասարդ շնորհալի գրող Թամարա Քառյանը : Նա էլ չեխերենով ընթերցեց Վացլավ Չեռնիի թարգմանությամբ մի հատված Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Նույն պոեմից մի հատված արտասանեց նաեւ Մանե Սեյրանյանը , իսկ Լարիսա Գրիգորյանը հակիրճ անդրադարձ կատարեց Սեւակի պոեզիային: Երեկոն իր սքանչելի ձայնով գեղեցկացրեց երիտասարդ երգչուհի Վարինե Մկրտչյանը ` կատարելով Կոմիտասի ստեղծագործությունները եւ չեխական ժողովրդական երգ: Փակելով երեկոնՙ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան հույս հայտնեց, որ նման ձեռնարկումները կունենան շարունակություն եւ կխթանեն հայ-չեխական գրական կապերի զարգացումը: Միջոցառմանը ներկա էին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը: Լուսանկարներըՙ Մարտին Մահդալի եւ Հակոբ Ասատրյանի |