RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 29-01-2013



Տեղադրվել է` 2013-01-28 23:51:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1368, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ԱՊՕՐԻՆԻ ՏԱՔՍԻՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԽԱԲՈՂ ՀԱՇՎԻՉՆԵՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տաքսիների կատարյալ խառնաշփոթ` պայմանավորված պետական մարմինների անգործությամբ

Երեւանում տաքսիները հանդիպում են ամեն քայլափոխի, անցնող յուրաքանչյուր 3 մեքենայից առնվազն 1-ը տաքսի է: Վթարների մեջ եւս տաքսիները «պատվավոր» տեղ ունեն: Անհատ տաքսիստներ, տաքսի ծառայությունների տաքսիներ, դեղին համարանիշներով, սպիտակ համարանիշներով, հաշվիչներով եւ առանց հաշվիչների, խաբող հաշվիչներով եւ չխաբող հաշվիչներով` կատարյալ խայտաբղետություն: Մի կողմից վատ չէ, երբ առանց երկար ժամանակ կորցնելու կարող ես տաքսի նստել, մյուս կողմից` կարգ ու կանոնի բացակայությունն այստեղ բազմաթիվ լուրջ խնդիրներ է ստեղծում, այդ թվումՙ մարդու կյանքի եւ առողջության համար լուրջ սպառնալիք համարվող:

Այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ եթե մարդ չունի որեւէ մասնագիտություն կամ աշխատանք, ապա սկսում է տաքսի վարել: Ինչպես կատակում էր ծանոթներիցս մեկը` այս երկրում ամենաշատը տաքսիստներն ու երգիչներն են:

Տաքսիների հետ կապված կանոնակարգում մտցնելու փորձը 2008-ին բուռն դժգոհություն առաջ բերեց, քանի որ այն սահմափակում էր որպես տաքսի գործածելու մեքենայի ժամկետը: Այսինքն, 10 տարուց ավելի երկար շահագործվող մեքենան չէր կարող տաքսի լինել: Դրա դեմ բողոքն արդարացի էր, ինչին անդրադարձանք մեր թերթում` տաքսիստների տեսակետը արդարացած համարելով: Այդ սահմանափակումը վերացվեց, բայց դրա հետ վերացան սահմանափակումներն այն մարդկանց համար, ովքեր որոշել են տաքսի վարել: Դա գուցե պայմանավորված էր նրանով, որ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպեց տաքսիստների հետ եւ խոստացավ նրանց պահանջները հաշվի առնել նախագահ դառնալուց հետո: Սակայն դա ամենեւին էլ չպետք է նշանակեր, որ այս ոլորտում պետք է կատարյալ խառնաշփոթ լիներ: Եթե 5 տարի առաջ սոցիալական խնդիր էլ կար, պայմանվորված ճգնաժամով, ապա հիմա արդեն ժամանակն է կարգուկանոն սահմանելու տաքսիների հարցում:

Առաջինը անհավասար հարկային դաշտն է օրինական գործող` դեղին համարներով տաքսիների եւ ապօրինի գործող` սպիտակ համարներով տաքսիների միջեւ: Եթե առաջինները` անհատ տաքսիստ թե տաքսի ծառայություն, գործում են հարկման դաշտում, վճարում են սոցվճար եւ հարկեր, ապա երկրորդները բացարձակապես ազատ են այդ ամենից, դրանով իսկ չարդարացված առավելություն ստանալով օրինական գործողների նկատմամբ եւ առաջացնելով վերջիններիս արդարացի դժգոհությունը: Միաժամանակ, սպիտակ համարներով կամ «փափախ» կոչվող տաքսիները չունեն հաշվիչներ կամ եթե ունեն էլ, ապա պետք է շատ երկար փնտրել, թե որտեղ են նրանք գտնվում: Հիմնականում այս տաքսիներն են գրավել Երեւանի կանգառները եւ երբ ցանկանում, տեղաշարժվում են` ընդհուպ վրաերթի աստիճան գրոհելով հասարակական տրանսպորտին սպասող մարդկանց: Տպավորությունն այնպիսին է, որ գոյություն չունեն ճանապարհային ոստիկանություն, տրանսպորտի եւ կապի նախարարության համապատասխան տեսչություն ու Երեւանի քաղաքապետարանի տրանսպոտի վարչություն կամ էլ քնած են ուղտի թե ավանակի ականջներում: Նրանց ոչ հեռացնում են տաքսիների կանգառներից, ոչ տուգանում են հաշվիչներ չունենալու եւ ընդհանապես ապօրինի գործելու համար:

Ի դեպ, հաշվիչների մասին: Եթե սպիտակ համարներով երթեւկողների մոտ դրանք կամ բացակայում են կամ գտնվում են անհայտ տեղում, ապա դեղին համարներով գործողների մոտ դրանք հիմնականում տեղադրված են տեսանելի վայրում: Սակայն այստեղ նույնպես տարօրինակություններն անպակաս են: Ամեն օր նույն երթուղով, նույն ճանապարհով, տաքսիով նույն վայրը հասնելու համար տարբեր մեքենաների հաշվիչները տարբեր թվեր են ցույց տալիս, օրինակ` 700-1000 դրամ: Այսինքն 300 դրամի կամ 3 կմ-ի տարբերություն: Անգամ նույն տաքսի ծառայության մեքենաներում են հաշվիչները նույն երթուղու համար տարբեր գին ցույց տալիս: Այսինքն, հաշվիչների հետ կապված տրանսպորտի եւ կապի նախարարությունը ոչ մի հսկողություն չի իրականացնում, այն թողնված է բացարձակապես վարորդների խղճին: Անգամ տաքսի ծառայությունների տերերը ցանկության դեպքում չեն կարող վերահսկել «խաբող» հաշվիչները:

Մյուս կողմից էլ դժվար է մեղադրել դեղին համարներով տաքսիստներին հաշվիչների խաբեության համար, քանի որ դա ինչ-որ տեղ պայմանավորված է նաեւ սպիտակ համարներով տաքսիների առկայությամբ: Ինչպես արդեն նշեցինք, վերջիններս չեն գործում հարկային դաշտում եւ բնականաբար ավելի մեծ գումարներ են վերցնում, ինչն էլ դրդում է օրինական գործողներին խաբող հաշվիչներով աշխատել` վճարելու համար հարկերն ու ծառայության սեփականատիրոջը: Հետեւաբար, հաշվիչների ճշտության հարցը կարգավորելուց առաջ նախ հարկ է ընդհանրապես բացառել ապօրինի գործող տաքսիների գոյությունը:

Թվարկված խնդիրները իհարկե ամբողջական չեն, տաքսիների հետ կապված կան բազմաթիվ այլ խնդիրներ եւս: Հետեւաբար այստեղ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, որը կբխի ե՛ւ սպառողների, ե՛ւ օրինական դաշտում գործող տաքսիստների շահերից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 29-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ