RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 29-01-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-01-28 23:51:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1247, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԻՆՔՆ Է ԱՊԱՑՈՒՑՈՒՄ ՉԱԽԱԼՅԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԼԻՆԵԼԸ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Այլապես ինչո՞ւ է խուլիգանության համար դատապարտվել «անջատողական, ռուսական գործակալ, պետականության թշնամի» հայ ակտիվիստը

Վահագն Չախալյանի` ազատության մեջ հայտնվելու հանգամանքը մի լավ տակնուվրա է արել վրացական իրականությունը, ավելի շուտ` հերթական անգամ հայերին առնչվող փաստը մեկնաբանվում ու ներկայացվում է սեփական շահերի համատեքստում:

Տվյալ դեպքում ակնհայտ է, որ Չախալյանի` որտեղ ու ինչպես լինելը չի հուզում ոչ իշխանական բուրգի գագաթնակետին հայտնված վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլուն, ոչ էլ նախկին իշխանության հեռանկարի առաջ կանգնած նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն. նրանցից յուրաքանչյուրն իր շահերին է ծառայեցնում ու ծառայեցնելու ինչպես Չախալյանի համաներմամբ ազատ արձակվելը, այնպես էլ մինչ այդ նրա բանտարկությունը:

Ասվածի ապացույցները սպասել չտվեցին. արդեն իսկ ինչպես Իվանիշվիլին, այնպես էլ Սաակաշվիլին արտահայտվել են Չախալյանի ազատ արձակվելու առնչությամբ, բնականաբար, յուրաքանչյուրը` յուրովի: Բայց մինչ այդ մի փոքր անդրադարձ վրացական մամուլի հրապարակումներին, որոնք սաակաշվիլիական հովերով դեռ շարունակում են պիտակել մարդկանց այնպես, ինչպես նախընտրում էր ինքը` Սաակաշվիլին: Մասնավորապես, վրացական մամուլը Չախալյանի ազատ արձակվելու առնչությամբ տեղեկությունը մատուցել է որպես «հայ անջատողականի» համաներում:

Տվյալ դեպքում սա ուղղակի սեփական երկրի «անկախ ու արդար» դատարանների հանդեպ վիրավորանք է, քանի որ նման որեւէ դրույթ չկա Չախալյանին ժամանակին ներկայացված մեղադրանքներում, որոնց «Ազգը» ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է ինչպես մինչեւ դատավարությունը, այնպես էլ դատավարության ընթացքում ու հետո: Եթե Չախալյանն իսկապես «անջատողական» է, ապա ինչպես է ստացվել, որ վրացական «արդարադատ» դատարանները այդպես էլ խուլիգանությունից ու զենք պահելու մեղադրանքներից չանցան անջատողական լինելու ձեւակերպումներին:

Սեփական երկրի իրողությունները չիմանալու առաջին օրինակը բերել է ժամանակին Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ եղած Գոգա Խաչիձեն, որն իբր լավ գիտեր Չախալյանին ու ըստ այդմ էլ անհիմն հայտարարություններ էր արել: Մի ցցուն օրինակ էլ ներկայացրել է Սաակաշվիլու իշխանության օրոք Վրաստանում երկրորդ մարդ ընկալվող, վերջին շրջանում վարչապետի պաշտոնում հայտնված ու այդպես էլ երկար այն չզբաղեցրած Վանո Մերաբիշվիլին: Նրա խոսքերով արդեն, վրացական բանտից համաներմամբ ազատ է արձակվել «Վրաստանի թշնամին»:

Իհարկե, տվյալ դեպքում կարեւոր է, որ, Մերաբիշվիլու մատուցմամբ, նրան «ազատ է արձակել» Իվանիշվիլին, սակայն բնութագրականների ընտրությունը բավականին խոսուն է, հատկապես որ նախկին կարճաժամկետ վարչապետը հայտարարել է, թե «նոր իշխանությունները գաղտնի ազատ են արձակել Վրաստանի պետականության դեմ պայքարի խորհրդանիշին»:

Մերաբիշվիլու` բնավ էլ ոչ առողջ դատողությունները Չախալյանի առումով հեռուն են գնացել` գործի դնելով նախկինում ներքին գործերը ղեկավարած մարդու ունեցած-չունեցած գիտելիքները, թե իբր Չախալյանը ռուսական ռազմական հետախուզության բացահայտ էմիսարն է եղել, Ջավախքում Վրաստանի գլխավոր թշնամին: Չախալյանին ազատելու հանգամանքը «հակապետական» է որակել նախագահ Սաակաշվիլին` ջավախահայ ակտիվիստին ներկայացնելով որպես ռուսական հետախուզական վարչության «գործակալի»:

Ինչպես ասում են, համախոհները նույն ցավով են տառապում, սակայն առնվազն տարօրինակ է, որ սեփական պատրիարքից գրեթե վախեցող վրացի իշխանավորի, տվյալ դեպքում` Սաակաշվիլու համար հայոց կաթողիկոսը մեկն է, որ կարող է խնդրանք ներկայացնել «հանցագործի, հակապետական գործչի» համար: Սա էլ, իր հերթին, ցույց է տալիս, որ վրաց պատրիարքի անձից վախեցող վրացի չինովնիկների համար հավատը չէ էականը, այլ անհատը:

Տարօրինակ չէ, որ Մերաբիշվիլու ընկեր Սաակաշվիլին նրանից տեղեկացվածությամբ առանձնակի չի տարբերվում, եթե չասենք` հակված է ստելու, քանի որ Վրաստանի նախագահը Չախալյանի առնչությամբ նաեւ հայտարարել է, թե վերջինս «վրացական եկեղեցի է ավերել, նաեւ Ախալքալաքի թանգարանը», իբր Չախալյանը չի ճանաչում Ջավախքը որպես Վրաստանի մաս, ավելին, Չախալյանը համադրելի է աբխազական «անջատողականների առաջնորդ Վլադիսլավ Արձինբայի» հետ:

Այս ամենն ակնհայտորեն եւ ուղղակիորեն ապացուցում են, որ Չախալյանը ոչ այլ ոք, քան քաղբանտարկյալ է, քանի որ այսպիսի կարծիք է ներկայացվում նրա մասին, մինչդեռ մարդուն դատում էին խուլիգանության ու նման հոդվածների մի փնջով:

Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին այս ամենի առնչությամբ հայտարարել է, թե որեւէ կերպ չի միջամտել Չախալյանին ազատ արձակելու հարցին: «Հավատացեք, ինձ չվերաբերող հարցերին ես չեմ միջամտում: Բանտարկյալների ազատ արձակումը ես չեմ որոշում: Ավարտվել են ժամանակները, երբ որոշումները մեկ մարդ էր կայացնում», նշել է միլիարդատեր վարչապետն ու ավելացրել, որ Ամենայն հայոց կաթողիկոսի` Չախալյանի առնչությամբ հարցադրումը ինքը վերահասցեավորել է Սոզար Սուբարիին:

Հենց վերջինս էլ` Սոզար Սուբարին, որ ներկայումս պատիժների իրականացման նախարարն է Վրաստանում, իսկ նախկինում մարդու իրավունքների պաշտպանն էր, Վրաստանի նախագահ Սաակաշվիլուն ստի մեջ է մեղադրել, եւ ինչպես տեսնում ենք` շատ հիմնավոր: Սուբարին պարզաբանել է, որ համաներումը վերաբերել է բոլոր այն հոդվածներին, որոնցով դատապարտվել էր Չախալյանը` խուլիգանություն, զենքի անօրինական պահպանում, հանրային կարգի խախտում: Այսինքն` Վրաստանի նախագահից մինչեւ Խաչիձե` արանքում Մերաբիշվիլիով խոսում են հանցագործություններից, որոնք տեղի չեն ունեցել, պարզ ասած` ստում են, հատկապես, որ Սուբարին էլ է հետաքրքրվել, թե այդ բարձրաստիճան պարոնների նշած հանցանքներն ինչպես է, որ չեն հայտնվել մեղադրականում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 29-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ