RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 29-01-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-01-28 23:51:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2823, Տպվել է` 163, Ուղարկվել է էլ.փոստով` 104

ՀԱՆՔԱՎԱՅՐ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈ՞ՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Բազմիցս քննարկվել է Երիտասարդական պալատի փոխարեն կառուցվող հյուրանոցային համալիրի հարցը, սակայն վերջնական նախագիծ դեռ չի հաստատվել: Ավելին, ինչպես ասաց Երիտասարդական պալատի համահեղինակ-ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը , այժմ Երիտասարդական պալատի տեղում բազալտի շահագործման հանքավայր են կառուցել. «4 հա տարածքը տասը մետր քանդեցին եւ բազալտի շահագործման հանքավայր կառուցեցին` բազալտը դարձնում են բազալտի խիճ: Քաղաքի կենտրոնում ստեղծվել է հանքավայր, եթե դա Թռչկանում լիներ, ապա աղմուկ կբարձրացնեին: Ի՞նչ է, քաղաքը պաշտպանության կարիք չունի՞»:

Իհարկե, քաղաքը պաշտպանության կարիք ունի եւ կպաշտպանվի, եթե գործի օրենքը: Իսկ արդյոք գործո՞ւմ է օրենքը եւ որքանո՞վ, չենք էլ ցանկանում խոսել այդ մասին...

Հ. Պողոսյանը վրդովված ասում էր, եթե «Ավանգարդ մոտորս» ընկերության նախագահ Էդվարդ Ավետիսյանը ցանկանում էր բարձրակարգ հյուրանոց կառուցել եւ Երիտասարդական պալատը չէր բավարարում իր պահանջներին, ապա ինչո՞ւ գնեց մի բան, որն իրեն հարկավոր չէր, որին ի պատասխան Պողոսյանին սեփականատերն ասել է. «Դիմել եմ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին` 5-աստղանի հյուրանոց կառուցելու նպատակով, որն էլ ասել է, եթե ավելի լավն ես կառուցելու, ապա կարող ես քանդել»: Հ. Պողոսյանի փոխանցմամբ, այդ ժամանակ քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի կողմից ստեղծվեց փաստաթուղթ, ըստ որի վթարային վիճակում է գտնվում երիտասարդական պալատը եւ պետք է քանդվի, սակայն ըստ նրա շենքը վթարային վիճակում չէր գտնվում. «Եթե նույնիսկ վթարային վիճակում լիներ, պետք է քանդեի՞ն վերականգնելու փոխարեն»:

Այս հարցի շուրջ «Ազգը» զրուցեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ, որն էլ ի տարբերություն Պողոսյանի ասաց, որ շենքը վթարային վիճակում էր. «Շենքը միաձույլ երկաթից կառուցված չէր, այլեւ հավաքովի կառուցվածք էր եւ ուներ վթարային խնդիրներ: Սակայն մինչ քանդելը պետք է քննարկվեր, որից հետո որոշվեր շենքի հետագա ճակատագիրը»: Ճարտարապետների միության նախագահն ընդգծեց, որ Երիտասարդական պալատը սեփականաշնորհվել է առանց պայմանագրի. «Երբ վաճառում են, պայմանագիր են կնքում` ինչ կարելի է անել, ինչ` ոչ, որը ներառված է մեր օրենքում, սակայն ոչ ոք այդ օրենքին չի հետեւում, այդ պատճառով էլ թե՛ Երիտասարդական պալատը, թե՛ Սեւան հյուրանոցը կորցնում ենք, այսօր էլ` Փակ շուկան»:

Արդյոք ճիշտ էր քանդելն ու նորը կառուցելը, թե՞ պետք է վերականգնեին: Ի պատասխան Մ. Մինասյանն ասաց. «Ըստ իս, շենքը նույնությամբ վերականգնելն ուղղակի անմտություն է»:

Վերջին շրջանում համացանցում շրջանառվում էին Երիտասարդական պալատի տեղում կառուցվող հյուրանոցային համալիրի լուսանկարները, սակայն Հրաչիկ Պողոսյանն ասաց, որ դա նախագծերից մեկն է եւ դեռ հստակեցված չէ, թե ի՞նչպիսի հյուրանոցային համալիր է կառուցվելու այդտեղ:

«Ազգը» հետաքրքվեց, եթե հաստատվի ինտերնետում շրջանառվող նախագիծը, ապա այն որքան էլ համապատասխանում է միջազգային ճարտարապետության միտումներին, որքանո՞վ է հոգեհարազատ երեւանյան ճարտարապետության դիմագծին հարցին ի պատասխան Հ. Պողոսյանն ասաց. «Միանշանակ ասեմ, որ դա հոգեհարազատ չէ երեւանյան ճարտարապետական դիմագծին, քանի որ ճարտարապետը ճապոնացի է, նրա հոգեբանությունն ուրիշ է, նա չի կարող ստեղծել այնպիսի բան, ինչը հոգեհարազատ է մեզ: Նախագիծը, որը ներկայացվել է, միջին եվրոպական ժամանակակից ճարտարապետական ոճի է, որի նմանները Եվրոպայում շատ կան»:

Նշենք, որ նոր հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով հայտարարված միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել ճապոնացի ճարտարապետ Արայ Յոկազայը:

Իսկ հայերի սիրելի Երիտասարդական պալատի` «Կուկուռուզնիկի» ճարտարապետներն էին Հրաչիկ Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը եւ Արթուր Թարխանյանը, որոնց նախագծով 1976 թվականին Երեւանում կառուցվեց այն:

Սկզբից կառուցվեց հյուրանոցը, հետո ակումբային մասը, լողավազանը, ավելի ուշ` էստրադային դահլիճըՙ 1 000 նստատեղով: Ակումբային մասում կառուցվեց մեկ այլ դահլիճՙ նախատեսված 300 հոգու համար: Հետո բացվեցին ակումբային հատվածը, լողավազանը, դահլիճը: 1980-ականների կեսերին համալիրն արդեն ամբողջությամբ պատրաստ էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 29-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ