ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԱՌԱՎԵԼ ԳՆԱՀԱՏԵԼԻ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ Հ. Հ. Նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ Մասիսում հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիներին երկրի կարեւորագույն խնդիրներից մեկը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցն է: Սարգսյանի խոսքերովՙ իր համար առավել գնահատելի կլինի, եթե Ադրբեջանն առաջինը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, քանզի դա կնշանակի խնդրի լուծում խաղաղ ճանապարհով: «Մեր նպատակն է, որ այս խնդիրը լուծվի խաղաղ ճանապահով եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` արդար: Դրա համար ամեն ինչ պետք է անել», ասել է նախագահի թեկնածուն` խոստովանելով, որ աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինի, եթե իմանա, թե երբ միջազգայնորեն կճանաչվի Արցախի անկախությունը: «Դժվար է ասել, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում աշխարհում պետությունների մի մաս կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», ասել է Սարգսյանը` միաժամանակ չբացառելով, որ կլինեն դեպքեր, երբ մի շարք երկրների խորհրդարաններ, կառավարություններ համապատասխան որոշում կկայացնեն»: Արտաքին քաղաքականության հաջորդ կարեւորագույն կետը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է: Սարգսյանը նշել է, որ չի ցանկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ առանձնակի հույսեր կապել: Նա հստակեցրել է, որ տարելիցը հանգրվան է` այն էլ շատ կարեւոր, անգամ թուրքերն այն անվանել են «հայկական ցունամի», սակայն դա չի նշանակում, որ եթե 2015-ին չճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ապա հայ ժողովուրդը պետք է թեւաթափ լինի: «Ընդհակառակըՙ պետք է շարունակել պայքարը եւ չթուլանալ»: |