ՔԱՂՑԿԵՂԻ ՑՈՒՑԱՆԻՇՆ ԱՃՈՒՄ Է ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Երեկ, փետրվարի 4-ը, քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն էր: 2005-ից ի վեր` ամեն տարի այս միջոցառումը կազմակերպում է Համաշխարհային հակաքաղցկեղային միությունը, իսկ նպատակն է հիշեցնել, թե որքան վտանգավոր ու տարածված են օնկոլոգիական հիվանդությունները: Մանավանդ վերջին տասնամյակներին չարորակ նորագոյացություններով հիվանդացության ու դրանցից մահացածության ցուցանիշը գնալով ավելանում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2020 թվականին չարորակ նորագոյացություններից մահացողների թիվն ամբողջ աշխարհում կկազմի 10 միլիոն: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ չարորակ նորագոյացություններով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում առաջին տեղերում են թոքի, կրծքագեղձի, արգանդի վզիկի քաղցկեղը, իսկ միայն կանանց մեջ ամենատարածվածը հենց կրծքագեղձի քաղցկեղն է: Ինչպես շատ երկրներում, Հայաստանում եւս նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշների աճ: Այստեղ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվում է 41-60 տարեկան տարիքային խմբում: Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալներով` մեր երկրում 100 հազար մարդուց օնկոլոգիկ հիվանդ է 245-ը, իսկ վերջին 20 տարիներին գրանցվել է քաղցկեղով հիվանդների թվի կրկնակի աճ: Ու անգամ նման բարձր ցուցանիշի դեպքում` կանխարգելիչ միջոցներն ու ֆինանսավորումը բավարար չեն: Եվ մարդիկ հիվանդանոց դիմում են միայն այն ժամանակ, երբ արդեն ունեն օնկոլոգիկ հիվանդություն, որն էլ գտնվում է բավականին բարդացած փուլում, մինչդեռ ուռուցքները վաղ փուլերում հայտնաբերելիս հնարավոր է հաջողությամբ բուժել հիվանդությունը: Հատկապես կրծքագեղձի քաղցկեղին բնորոշ է նախակլինիկական երկարատեւ փուլը, եւ որքան վաղ հայտնաբերվի այն, այնքան բարձր կլինի բուժման արդյունավետությունը: Հետեւաբար, հարկավոր է տարեկան 2 անգամ գնալ պրոֆիլակտիկ ստուգումների: Ընտանիքի պլանավորման ու սեռական առողջության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանը հավաստիացնում է բոլոր կանանց, որ կոնկրետ մամոգրաֆիկ ստուգումներն անվտանգ են ու չեն վնասում կրծքագեղձին, եւ անհրաժեշտ է, որ կանայք 6 ամիսը մեկ անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն: Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը հավելում է` կրծքագեղձի քաղցկեղը եթե հայտնաբերվում է նախնական շրջանում, ապա 80 տոկոսը դեպքերի լինում է բուժելի: Գագիկ Բեգլարյանը կանանց զգուշացնում է, որ շատ դեպքերում բարորակ ու չարորակ ուռուցքների կարող են հանգեցնել նաեւ աբորտները (արհեստական վիժումները): Հարցին` իսկ հայերը հաճա՞խ են դիմում աբորտների աղջիկ պտղից ազատվելու համար, քանի որ գերադասում են տղա ունենալ, Գագիկ Բեգլարյանը պատասխանում է, որ մեզանում երեխայի սեռը խնդիր չէ, հատկապես երբ ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, սակայն միտում կա, որ գերադասում են տղա ունենալ: Հ.Գ. Երեկ «Ազդակ» ակումբում «Իրավունք» թերթն իր կողմից պատվոգրեր հանձնեց Գագիկ Բեգլարյանին ու Ռաֆայել Մելիք-Օհանջանյանին` ճանաչելով նրանց լավագույն գործիչներ գիտության ու առողջապահության բնագավառներում: |