2,5 ՄԼՆ ՔՄ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունից տեղեկացանք, որ 2013-ին մայրաքաղաքում կիրականացվեն 2,5 մլն քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ: «Ծավալները մեծ են, եւ ծրագրում ներառված են մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջանները: Արդեն իսկ հստակ է նաեւ հիմնանորոգման ենթակա փողոցների ցանկը: Ուստի այդ ցանկը տրամադրեք նաեւ «Երեւանջուր», «Երեւանգազ» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին, որպեսզի նրանք այդ փողոցներում այս տարվա ընթացքում իրականացվելիք իրենց աշխատանքները պլանավորեն այնպես, որ հիմնանորոգումից հետո այլեւս քանդման անհրաժեշտություն չառաջանա», քաղաքապետանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ծառատունկը բացառապես ոռոգելի տարածքներում Կանաչ տարածքների պահպանման եւ ընդլայնման նպատակով 2013-ին մայրաքաղաքում կանցկացվի եւս 20 կմ ոռոգման նոր ցանց: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքների իրականացման ժամանակացույցն այնպես պլանավորել, որ այս տարի նախատեսվող ծառատունկը կազմակերպվի բացառապես ոռոգելի տարածքներում: Ճանապարհաշինությունը սահմանված ժամանակացույցո՞վ Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության, սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2,5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավտոճանապարհի, ինչպես նաեւ Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը: Նախկինում ասվել էր, որ Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները պետք է ավարտվեն փետրվարին, սակայն, ակնհայտ է, որ այս մայրուղու կառուցումը փետրվարին չի ավարտվի: Մեր թերթում մի քանի անգամ անդրադարձել էինք ամառային ամիսներին այս ճանապարհի շինարարության անհասկանալի դադարին, ինչի պատճառով էլ, հակառակ ճանապարհի կառուցման համար պատասխանատու չինովնիկների հավաստիացումների, սահմանված ժամկետներում անհնար է այն ավարտելը: Եվս 80 ավտոբուս, բայց ... Քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ եւս մեկ միկրոավտոբուսային երթուղի փոխարինվել է ավտոբուսայինով: Զեկուցվել է նաեւ, որ փետրվար ամսին քաղաքային տրանսպորտի երթուղիները կհամալրվեն մասնավորի ներկրած եւս 80 ավտոբուսով: Այս առթիվ եւս մեկ անգամ կցանանայինք նշել, որ ավտոբուսների ներմուծումն ու ավտոբուսային երթուղիների ավելացումը դեռ չեն նշանակում հասարարակական տրանսպորտի աշխատանքների բարելավում: Բազմաթիվ երթուղիներում ավտոբուսները չվերթի են դուրս գալիս 30 րոպեից շատ ավելի երկար տարբերությամբ, հարկադրելով ուղեւորներին այլեւս հույս չկապել դրանց հետ: Այսինքն, ավտոբուսների ներմուծումը հարկ է զուգակցել դրանց կանոնավոր աշխատանքով, այլապես տեսանելի փոփոխություններ, որ խոստացել էր քաղաքապետարանը արդեն այս գարնանը, Երեւանի հասարարակական տրանսպորտում չեն լինի: |