ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆ ՈՒ ՄԵՆՔ Մ. Հ. Գրել լատինատա՞ռ, թե՞ հայատառ Ինչպես տեղեկացրին ԿԳ նախարարությունից, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել «Apple» ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին, որում մասնավորապես ասված է. «Apple» ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում: Մեր օրերում շարժական սարքավորումները` մասնավորապես պլանշետները, դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ, որոնք կիրառվում են կրթական հաստատություններում: Սակայն բարձր որակային լուծումներ ունեցող iPad-երը, որոնք ծառայում են ուսուցիչներին եւ աշակերտներին, չեն ապահովում հայերեն լեզվով աշխատելու, հաղորդակցվելու եւ շփվելու հնարավորությունը, քանի որ գործառնական համակարգը (iOS) չունի հայերեն ստեղնաշար»,- եւ ավելացրել է. «Վստահ եմ, որ «iOS» համակարգում հայերեն ստեղնաշարի կիրառումը բխում է մեր ընդհանուր շահերից: Մենք պատրաստակամ ենք ցուցաբերել մեր աջակցությունն այս հարցում»: Շատ կարեւոր խնդիր է բարձրացրել պրն Աշոտյանը, քանի որ նորագույն տեխնոլոգիաների զարգացումից հայերը հետ չեն մնում եւ Հայաստանում կան արդեն կրթական հաստատություններ, որտեղ ոուսումնական գործընացն ընթանում է համակարգչների կիրառությամբ: Սակայն այժմ կա եւս մի խնդիր, եթե պլանշետներում բացակայում է հայերեն տառաշարը, ապա համակարգիչներում առկա է, սակայն, ցավոք սրտի, շատ հաճախ հանրության կողմից չի կիրառվում: Այժմ հայերի շրջանում տարածված է տարբեր սոցիալական կայքերում լատինատառ գրառումներ թողնելը, որն էլ, բացի տարբեր անհարմարություններից, իր վատ ազդեցությունն է ունենում մարդկանց վրա, մասնավորապես` երիտասարդության: Ավելինՙ նախկինում Երեւանի պատերին կարող էինք տեսնել հայատառ գրառումներ` «Ես քեզ սիրում եմ», «Ներիր ինձ», այժմ` «es qez sirum em», «nerir indz» եւ այլն: Եթե զգացմունքային նման իրավիճակներում գտնվող մարդն այդ պահին գրում է լատինատառ, ապա դա արդեն լուրջ հոգեբանական խնդիր է: «Ազգը» զրուցեց հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ. «Պետք է գրել հայատառ հենց հոգեբանական տեսանկյունից` իրեն լիարժեք զգալու համար: Լատինատառ գրելն առաջացնում է ոչ լիարժեքության զգացողություն հանրության շրջանում, այսինքն քո լեզուն համացանցում կիրառելի չէ: Ըստ իս, դա ինքնության մեջ որոշ փոփոխությունների, գրագիտության պակասի, ինչպես նաեւ օտարամոլության արդյունք է»: Հուսանքՙ կգա ժամանակ, որ հայ մարդը հնարավորություն կունենա օգտագործելու եւ կհարգի իր մայրենի լեզուն: |