RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 4049, Տպվել է` 112, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԵՎ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԵԿԵԼ ԷԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Ազգային ժողովում քննարկվող օրենքների նախագծերից մեկով բանակում ներդրվելու է հոգեբան-սպայի ինստիտուտը, որը, խոստովանենք, մեր բանակում ստեպ-ստեպ տեղի ունեցող դժբախտ դեպքերի եւ մահերի պարագայում իսկապես օգտակար կառույց կարող է լինել: Մի ուրիշ` կառավարության օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ քննարկմանը միջամտեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ու իր անհամաձայնությունը հայտնեց. «Սա հարցի լուծում չէ, ազնիվ չէ, պետք է մտածել լուծում տալ հարցին, պետք չէ քաղաքացուն ուղարկել մասնավոր բանկ, իսկ պետությունը մնա դիտողի դերում», այս բովանդակության դիտարկումը վերաբերում էր բռնադատվածների մասին օրենքում առաջարկված փոփոխությանը` առաջարկելով մի լավ քննարկել, լուծումները գտնել, հետո որոշում կայացնել: Փոփոխությամբ առաջարկվում է բռնադատվածներին եւ նրանց զավակներին տրամադրվող արտոնյալ վարկերը այնուհետեւ բռնադատվածներին տրամադրել առեւտրային բանկերից, գրավադրումով, քանի որ նախորդ ստացված վարկերը վերադարձնելու խնդիր է ծագել:

Սակայն չենք պատմի այնքան երեկ գումարված հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին օրվա օրենսդրական գործունեության մասին, որքան աշնանային նստաշրջանի մեկնարկի արտաքին նկարագրությամբ կզբաղվենք այս անգամ, քանի որ նկարագրելու բան, իրոք, կա:

Նախորդ նստաշրջանում բացակայած պատգամավորներից լրագրողների ուշադրության կենտրոնում էին այս նիստին գոնե սկզբում ներկա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Առաջինի հետ լրագրողներն այդպես էլ չկարողացան շփվել, քանի որ նա դահլիճ մտավ շատ արագ, իսկ դահլիճից դուրս եկավ առաջին նիստը սկսվելուց մի փոքր անց, այն էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետՙ ԱԺ նախագահի համար նախատեսված մուտքից, այնպես որ լրագրողներն այդպես էլ նրան չտեսան: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը ոչ միայն ԱԺ նիստերին երկար ժամանակ չի մասնակցել, այլեւ ԲՀԿ-ի` նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու որոշումից հետո այդպես էլ հրապարակավ եւ անձամբ բացատրություններ չի ներկայացրել եւ երբեւէ չի պատասխանել լրագրողների հարցերին:

Առողջական խնդիրների պատճառով տեւաբար Ազգային ժողովից բացակայողՙ ՀԱԿ-ի խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ 4 լրագրողները ուզում էին տեսակետներ լսել քաղաքական ներկա զարգացումների վերաբերյալ: Լրագրողների հարցերին պատասխանելով` նա նշեց, թե ՀԺԿ-ն ՀԱԿ-ից դուրս գալու մտադրություն չունի, հակառակը, քանի որ ՀԺԿ-ն միշտ համախմբող ուժ է եղել, ջանալու է, որ ՀԱԿ-ի գործունեությունն ավելի արդյունավետ դառնա, ինչպես, նրա կարծիքով, ՀԱԿ-ի մյուս անդամ կուսակցությունները պետք է անեն: Նախագահական թեկնաածուներից ոչ մեկին, փաստորեն, ՀԺԿ-ն չի սատարելու, այդ թվում` Հրանտ Բագրատյանին: Այդպիսի որոշման պատճառ է, ըստ Դեմիրճյանի, այն, որ պատժված չեն նախորդող ընտրությունների ընտրակեղծարարները, մարտի մեկի սպանդի մեղավորները: Իսկ ընդհանրապես` Դեմիրճյանը կարծում է, թե այս ընտրություններով կյանքը չի ավարտվում, ՀԺԿ-ն էլ շարունակելու է իր քաղաքական գործունեությունը: Պարույր Հայրիկյանի հանդեպ իրականացված մահափորձից հետո ստեղծված իրավիճակը Դեմիրճյանի կարծիքով պետք է հանգուցալուծվի Սահմանադրության շրջանակում: Հայրիկյանին առողջություն ցանկացավ, ենթադրություններ էլ չարեց` ո՞ւմ էր ձեռնտու տեղի ունեցածը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցության կազմից պաշտոնապես դուրս է եկել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեմ լինելով ձեւական գործողություններին եւ օրենքի պահանջը կատարելով` ընդամենն օրինական տեսք է տվել առկա իրողությանը, եւ իր քայլը ոչ ընտրությունների, ոչ էլ որեւէ այլ քաղաքական գործընթացի հետ կապ չունի եւ ԱԴ-ի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու հանգամանքով է պայմանավորված: Մյուս ազատդեմոկրատական Ալեքսանդր Արզումանյանը ֆորմալ առումով չի կարող դուրս գալ խմբակցությունից, օրենքը դա թուլ չի տալիս, իսկ ինքն արդեն անկախ պատգամավոր է եւ այլ խմբակցություն չի մտնելու: Րաֆֆի Հովհաննիսյանին էլ ընտրարշավում հաջողություն ցանկացավ:

Ի դեպ նշենքՙ երեկ հայտնի դարձավ, որ մի խումբ պատգամավորներ, ուսումնասիրելով մանր բիզնեսով զբաղվողների բողոքները, նախաձեռնել են փոփոխություններ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում, որն անցած տարեվերջին ընդունվեց եւ նոր հարկերով նեղացրեց մանր ու միջին բիզնեսով զբաղվողների տեղը (նրանցից ատամնաբույժները հատկապես բողոքում էին): Նախաձեռնողներից ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի կարծիքով այս փուլում սոցիալական նոր լարվածություն ոչ մեկին հարկավոր չէ: Նախաձեռնողներն առաջարկում են ողջամիտ հարկային նշաձողեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ