ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԵՆ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ի թիվս 2013-ին արտահանմանն ուղղված արդյունաբերության աջակցության այլ միջոցառումների Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ 2013-ին նախատեսված միջոցառումների ծրագիրը երեկ հաստատվեց կառավարությունում: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ձեւավորեց աշխատանքային խումբ` «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ստեղծելու համար: Այս կազմակերպության նպատակն է ապահովագրել արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին չվճարման ռիսկերից, ստեղծել բանկերի համար ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները: Էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբՙ այդ կառույցը կձեւավորվի մինչեւ տարեվերջ: Խոսելով այս որոշումների մասինՙ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց. «Առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետությունը պետական բյուջեից ֆինանսական միջոցներ է հատկացնելու արդյունաբերությունը խթանելու համար: Վարչապետի հավաստիացմամբՙ կառավարությունը պատրաստ է «առարկայորեն օժանդակել այն ձեռնարկություններին, որոնք ի վիճակի են էապես ավելացնել իրենց արտադրանքի ֆիզիկական եւ արտահանման ծավալները»: Նա տեղեկացրեց, որ այդ ձեռնարկություններին կարող է տրամադրվել նաեւ լրացուցիչ օժանդակություն, որը դուրս կգա 545 մլն դրամի շրջանակից, «եթե մենք վստահ լինենք, որ մեր ձեռնարկություններն էապես ավելացնելու են արտահանման ծավալը»: Տիգրան Սարգսյանն ասաց, որ նման կարողություններ ունեցող ձեռնարկություններն այս հարցով կարող են դիմել էկոնոմիկայի նախարարություն: Լրագրողներին ներկայացնելով կառավարության ընդունած որոշումներըՙ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտնեց, որ արդյունաբերության աջակցության հիմնադրամին հատկացված 545 մլն դրամից մոտ 328 մլն դրամը կուղղվի հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավմանը, արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորմանը, արտաքին շուկայում հայկական ապրանքների առաջմղմանը եւ ներկայացմանը, միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորմանը, միջազգային ցուցահանդեսների մասնակցության ապահովմանը եւ այլ նպատակներին, ավելի քան 30 մլն դրամը` հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի ինովացիոն համակարգի ձեւավորմանը, 105 մլն դրամը` արդյունաբերության զարգացման աջակցության ծրագրերի կառավարմանը եւ համակարգմանը:: Արդյունաբերական ձեռնարկութուններին տրվող վարկերի տոկոսների սուբսիդավորումն արվելու է շատ շրջահայաց եւ սահմանափակ: 7-8 արդյունաբերական խոշոր նախագծեր այս տարի կստանան վարկերի տոկոսների սուբիսդավորումը: Ըստ էկոնոմիկայի նախարարիՙ անցած տարի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկերից օգտվել են մոտ 80 ձեռնարկություններ, իսկ այս տարի կօգտվեն եւս 50-60-ը: Նրա հավաստմամբՙ պահանջարկն ավելի մեծ է: Նախարարը շեշտեց, որ, օրինակ` այս ծրագրից առեւտրի ֆինանսավորում չի իրականացվում: Արտաքին շուկայում մեր արդյունաբերական արտադրանքի ներկայացումը պետությունը պատրաստ է համաֆինանսավորել 50 տոկոսի չափով, եթե մասնավորն իր կողմից իրականացնում է մյուս 50 տոկոսի ներդրումը: Միջոցները ծախսվելու են մասնավորի հետ համատեղ: Նախատեսվում է նաեւ արտերկրում ներդրումային ֆորումների եւ այլ միջոցառումների միջոցով ընտրված անդրազգային ընկերությունների, ազատ տնտեսական գոտու հնարավորությունների 3 շնորհանդեսների կազմակերպում, ինչպես նաեւ մինչեւ 20 անդրազգային կորպորացիաների ներկայացուցիչների այցելություն Հայաստան, որոնց կներկայացվեն ազատ տնտեսական գոտու հնարավորությունները: Տիգրան Դավթյանի տեղեկացմամբՙ վերոնշյալ նպատակով կհատկացվի մոտ 40 մլն դրամ: Կարեւորելով օտարերկրյա ներդնողների ներգրավումը, հայկական արտադրանքի առաջմղման եւ արտահանման խթանման, հայկական ընկերությունների ներկայացուցիչների համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով, օտարերկրյա տարբեր ընկերությունների մինչեւ 60 ներկայացուցիչներ կհրավիրվեն Հայաստան: Ամփոփելովՙ էկոնոմիկայի նախարարը նշեց, թե հիմնական նպատակն է, որ Հայաստանը դառնա արտադրող եւ արտահանող երկիր, ոչ թե` ներմուծող եւ սպառող: Այն հարցին, թե ինչո՞ւ միայն հիմա սկսվեց իրագործվել այս ծրագիրը, Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ նախապատրաստական ժամանակաշրջան էր անհրաժեշտ, որպեսզի ստեղծվեն նախադրյալներ նման ծրագրի իրականացման համար: Միաժամանակ, նա հիշեցրեց, որ այս ծրագիրն արդեն 1-1,5 տարի իրականացման փուլում է: Հայաստանը կշահի «Կարֆուրի» ներկայությունից «Մենք չափազանց շահագրգռված ենք, որ «Կարֆուրի» նման ընկերություն ներգրավված լինի Հայաստանում», պատասխանելով լրագրողների հարցերինՙ նշեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարն ասաց, որ կառավարությունն աշխատում է գտնել ձեւեր եւ հնարավորություններ, որ «Կարֆուրը» եւ այլ անդրազգային ընկերություններ գործեն մեր երկրում, որից մենք միայն կշահենք: «Ի՞նչն է խոչընդոտում դրան» հարցին նախարարը պատասխանեց, որ խնդիրը միայն երկու սուբյեկտների միջեւ ճշտումներն են, որոնք բնական երեւույթ են բիզնեսում: «Ջանքեր ենք գործադում, որ «Կարֆուրը» հնարավորինս շուտ ներգրավված լինի Հայաստանում», հավաստիացրեց էկոնոմիկայի նախարարը: Մայիսի 5-ին Կառավարության երեկ ընդունած որոշմամբ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին: |