ՏՆՏԵՍԱԳԵՏԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀՈՂ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Մ. Բ. Ինչպես տեղեկանում ենք ՀԱՀ-ից, փետրվարի 7-ին համալսարանի Բաց դռների օրվա շրջանակներում նորանշանակ դեկանի պաշտոնակատար` Կալիֆոռնիայի համալսարանի Մերջ կառավարման դպրոցի նախկին դեկան եւ պատվավոր պրոֆեսոր Դեյվիդ Հ. Բլեյքի, կենտրոնական բանկից` Ներսես Երիցյանի, ֆինանսների նախարարությունից ներկայացուցիչների, ինչպես նաեւ համալսարանի փոխնախագահների, պրովոստի եւ նախագահի մասնակցությամբ ներկայացվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման եւ տնտեսագիտության ֆակուլտետի նոր` տնտեսագիտության մագիստրոսի կոչում շնորհող ծրագիրը: Ծրագիրը ՀԱՀ-ն առաջարկում է առաջին անգամ: Դասընթացների որոշ մաս կանցկացվի ԿԲ -ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Ծրագրում ներգրավված կլինեն միջազգային համբավ ունեցող լավագույն դասախոսներ: Ծրագրի նորընտիր դեկանի պաշտոնակատար պրոֆեսոր Բլեյքը Գործարարության ու տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավարությունը ստանձնում է գիտական մեծ փորձառությամբ եւ դեկանի պաշտոնում կառավարման 22 տարվա մեծ փորձով: Նա երկու տասնամյակից ավել փորձառություն ունի որպես դեկան Նորսիսթերն, Ռութգերս, Հարավային Մեթոդիսթ եւ բոլորովին վերջերս Կալիֆոռնիայի, Իրվին համալսարաններում: Ավելի քան 16 հասարակական եւ մասնավոր ընկերություններում եւ մի շարք շահույթ չհետապնդող կազմակերպություններում եղել է խորհրդական եւ խորհրդի անդամ: Դիմումների վերաբերյալՙ Ծրագրի տեւողությունը 15 ամիս է: Դիմորդները պետք է ունենան 4-5 տարվա կրթությունՙ բարձրագույն ուսումնական հավատարմագրված կամ լիցենզավորված հաստատությունում, բավարարեն անգլերենի իմացության պահանջըՙ TOEFL կամ IELTS, հանձնեն ստանդարտացված ավարտական քննությունՙ GRE կամ GMAT: Անհրաժեշտ է հանձնել ընդունելության ամբողջական դիմում, գնահատականների քաղվածք, երաշխավորագիր-նամակներ: Ընդունելությունը մրցութային է: Դիմումի հանձնման վերջնաժամկետներն ենՙ վաղ ընդունելություն 2013 թ.-ի փետրվարի 1, սովորական ընդունելություն 2013-ի ապրիլի 22: Դասերի սկիզբը 2013-ի հունիսից: Ուսման վարձի վերաբերյալՙ Հայաստանի քաղաքացիների եւ հատուկ կացության (10 տարվա) կարգավիճակ ունեցողների համար սահմանված տարեկան ուսման վարձն է 1.200.000 դրամ« ամբողջ ծրագրի համարՙ 1.800.000 դրամ: Արտասահմանցի ուսանողների համար 3.300.000 ՀՀ դրամ եւ 15 ամսվա համարՙ 4.950.000 դրամ: ՀԱՀ-ը առաջարկում է ֆինանսական օժանդակության ծրագրեր, որովհետեւ համալսարանի որդեգրած քաղաքականությունն էՙ ֆինանսական պատճառներով ոչ մի ուսանողի չզրկել կրթություն ստանալու հնարավորությունից: Հայաստանի քաղաքացի եւ Հայաստանում երկարաժամկետ կարգավիճակ ունեցող ազգությամբ հայ ուսանողները կարող են ստանալ դրամաշնորհ, որը կկազմի ուսման վարձի 90 տոկոսը: Առաջարկվում է աշխատանք համալսարանումՙ սեփական աշխատավարձով ուսման մի մասը հոգալու, նաեւ տրվում է ուսումնավարձի աստիճանական վճարման հնարավորություն: Առաջադիմության եւ կարիքավորների համար նախատեսված կրթաթոշակները կարող են լինել կրթության նախարարությունից կամ մասնավոր նվիրատուներից, գործում է նաեւ ՀԱՀ արտասահմանյան կրթաթոշակ: Շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հասարակական եւ մասնավոր բանկային, ֆինանսական հաստատություններում, ապահովագրական, անշարժ գույքի, շուկայագիտության, ղեկավարման, շրջակա միջավայրի, խորհրդատվական եւ նմանատիպ այլ ոլորտներում: |