ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է» Վերջերս Ռուսաստանի հայերի միության` Հայաստանում կազմակերպած «Երգը բարեկամության կամուրջ է» փառատոնի եզրափակիչ միջոցառմանը մասնակցելու համար կարճատեւ այցով Երեւանում էր ՌՀՄ եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, որն օրերս հեռախոսով պատասխանեց «Ազգի» մի քանի հարցերին: - Պարոն Աբրահամյան, այցի նպատակի եւ այցի ընթացքում Հայաստանի նախագահի հետ ունեցած Ձեր հանդիպման մասին խոսենք նախ (փառատոնն «Ազգը» համակողմանի լուսաբանել է): - Այո, իմ վերջին այցը Երեւան պայմանավորված էր Ռուսաստանի հայերի միության` Հայաստանում կազմակերպած «Երգը բարեկամության կամուրջ է» խորագրով ռուսական երգի երկրորդ փառատոնով: Այդպիսի միջոցառումները մեր միության գործունեության հիմնարար մասն են` ուղղված Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական մշակութային եւ հոգեւոր կապերի ամրապնդմանը: Հատկապես ուշադրություն ենք դարձնում Հայաստանի աճող սերնդի կրթությանը, հայ-ռուսական ավանդական բարեկամության խորացմանը: Փառատոնը գերազանցեց մեր սպասելիքները նախ մարդկանց լայն մասնակցության առումով: Այն միավորեց հայ դպրոցականներին, պատանի կատարողներից շատերը հաղթեցին փառատոնում` ստանալով արժեքավոր նվերներ եւ դիպլոմներ: Փառատոնը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն դպրոցականների, մանկավարժական կոկեկտիվների, այլեւ նրանց ծնողների, մշակութային եւ հասարակական կազմակերպությունների, հանրության լայն շերտերի, ներկայացուցիչների մեջ: Փառատոնի դափնեկիրների ուժերով փետրվարի 7-ին Երեւանում կայացած գալա-համերգին նրանք ցուցադրեցին ռուսական երգի 5 ժանրում իրենց կատարողական վարպետությունը: «Երգը բարեկամության կամուրջ է» փառատոնը մեկնարկել էր 2012-ի սեպտեմբերին, որին մասնակցեց 1300 դպրոցների մոտ 400 հազար աշակերտ: Փառատոնի շրջանակում երկրի բոլոր մարզերում շատ միջոցառումներ կազմակերպվեցին, որոնց ընթացքում 7 հազար հաղթողներ դարձան մարզային փուլերի մասնակից: Շնորհակալ ենք Հայաստանի իշխանություններին` փառատոնի կազմակերպմանն աջակցելու համար: Աշխատանքների կազմակերպման ընթացքոււմ Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները շահագրգիռ նախարարությունների, գերատեսչութունների (սփյուռքի, կրթության, մշակույթի նախարարություններ ) եւ հասարակական միավորումների (Գրողների, Կոմպոզիտորների միություններ), մարզային եւ քաղաքային իշխանությունների ղեկավարների լիակատար ըմբռնմանն ու աջակցությանն արժանացան` համագործակցելով նրանց հետ: Եվ, իհարկե, հատուկ գոհունակություն եմ հայտնում նախագահ Սերժ Սարգսյանին, որն անձամբ ուշադրության էր արժանացրել եւ այդպիսով նպաստել մեր փառատոնի հաջող կազմակերպմանը: Ավելին` նա Հայաստան երկրի համար այս կարեւոր եւ պատասխանատու ժամանակահատվածում կարողացավ ժամանակ գտնել եւ տիկնոջ հետ պատվել գալա-համերգի մասնակիցներին եւ հյուրերին իր ներկայությամբ: Ինձ հետ զրույցում Հայաստանի ղեկավարը կարեւորեց այս կարգի միջոցառումները` հայ դպրոցականներին բարեկամ ռուս ժողովրդի մշակութային եւ հոգեւոր արժեքներին հաղորդակցելու առումով: Փառատոնն, իմ կարծիքով, նպաստում է Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության եւ ռազմավարական գործընկերության պահպանմանն ու հետագա ամրապնդմանը: Այն չի կրում կոնյունկտուրային բնույթ եւ շարունակական է: Իմ այցի ժամանակ տեղի ունեցավ նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հերթական հանդիպումը, քննարկեցինք ՌՀՄ-Հայաստան համագործակցության ընթացիկ եւ հեռանկարային, ինչպես նաեւ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության հարցեր: - Հայաստանում ավարտին է մոտենում նախագահի թեկնածուների քարոզարշավը, Ձեր հայացքովՙ ինչպե՞ս է ընթանում, թեկնածուների մասին ի՞նչ կասեք, պրոբլեմներ նկատե՞լ եք քարոզարշավում: - Նախագահի ընտրությունը Հայաստանի քաղաքական կյանքում կարեւոր իրադարձություն է, որից կախված են Հայաստանի ապագան, տնտեսական եւ քաղաքական զարգացման, պաշտպանության եւ անվտանգության խնդիրները, սոցիալական փոփոխությունները: Հայաստանի ժողովուրդը ընտրություններից եւ երկրի ապագա ղեկավարից սպասում է իր կյանքի բարելավում, պետության եւ քաղաքացիական հասարակության հիմքերի ամրապնդում, ԼՂ բարդ հարցի խաղաղ եւ հայանպաստ լուծում, սփյուռքի եւ բարեկամ երկրների հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացում: Այս բոլորը նաեւ սփյուռքի հայերի սպասումների մեջ է, թեեւ, մյուս կողմից, պետք է նշեմ, որ իրավական առումով Հայաստանի ընտրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գործն է: Բայցեւայնպես` այս ընտրություններից է կախված ե՛ւ բոլորիս հայրենիքի ապագան, ե՛ւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացումը, ու այդ պատճառով է նաեւ, որ Ռուսաստանում բնակվող հայերը չեն կարող անտարբեր լինել Հայաստանի քաղաքական ապագայի հանդեպ: Մենք ուշադրությամբ հետեւում ենք նախընտրական արշավին եւ հաջողություն ենք մաղթում հայկական պետության նոր լիդերին, որի ուսերին ընկնելու է ապագա հինգ տարվա քաղաքական պատասխանատվության բեռը: Հիշեցնեմ, որ Հայաստանի նոր նախագահի վրա է ընկնելու նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստության ժամանակահատվածում Հայաստանի ղեկավար լինելու պատմական պատասխանատվությունը, որը կպահանջի ուժերի առավելագույն լարում, ակտիվ արտաքին քաղաքականություն` ողջ աշխարհի հայության դիրքորոշումն արտացոլելու համար, միաժամանակ` հայ-թուրքական բարդ հարաբերությունների կարգավորման նոր ուղիներ գտնելը եւս չբացառելով, որոնք կհամապատասխանեն միջազգային նորմերին եւ չեն անտեսի ողջ աշխարհի հայության կամքը: Բավական լարված է մնում իրավիճակը ԼՂ հարցի շուրջը` տարածաշրջանում փխրուն խաղաղության պահպանման առումով: Տարածաշրջանի վրա պակաս ազդեցություն չունի նաեւ պատերազմական վիճակը Սիրիայում, իսկ Հայաստանի համար լրացուցիչ մտահոգություն է նաեւ այդ երկրից սփյուռքահայերի հարկադրական արտագաղթը: Նոր առաջնորդի ծանր պարտականուններից են լինելու նաեւ Հայաստանի ներքին կյանքի արդիականացման պատասխանատվությունը, տնտեսության ճգնաժամային երեւույթների հաղթահարումը, սոցիալական արդարության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքական կայունության ամրապնդումը, քաղաքակիրթ երկխոսության շարունակումն ընդդիմության հետ: Նախագահ Սարգսյանի հետ զրույցի ընթացքում նշված հիմնահարցերից բացի` քննարկեցինք նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ, մասնավորապես ժողովրդավարության զարգացման, քաղաքակիրթ, սահմանադրական նորմերին համապատասխան ընտրությունների անցկացման հարցեր: Եթե Հայաստանում իմ տեսածով եւ հեռուստատեսությամբ ու ԶԼՄ-ներով հետեւելու արդյունքում փորձեմ գնահատել` ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ քարոզարշավն անցնում է պատշաճ եւ իրավական նորմերին համապատասխան: Բոլոր յոթ թեկնածուները հասարակության տարբեր շրջանակներ են ներկայացնում, նրանց մի մասը բավական ակտիվ քարոզարշավ է տանում, սակայն, իմ կարծիքով, նախագահական ընտրարշավի անկասկած ֆավորիտը գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է: Այստեղ դեր ունի եւ նրա քաղաքական ու ռազմական ոլորտի փորձառությունը, անցած կյանքի ուղին: Նա մեր ժամանակի առաջնորդ է` թիկունքում ունենալով ղարաբաղյան շարժման եւ Արցախի ազատագրման գործում նշանակալից ավանդ, պետական եւ ռազմական գործի փորձ: Նա անցել է պետական գործչի բոլոր աստիճաններով, իսկ նախագահական գործունեության ընթացքում ապահովել է պետության զարգացումը, ղարաբաղյան հարցում հայանպաստ եւ խաղաղ բանակցություններով հարցի լուծման դիրքորոշման կողմնակից է եղել, իր գործունեությամբ հարստացրել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության բովանդակությունը, աշխարհի ու տարածաշրջանային առաջատար երկրների հետ կարողացել է պահել փոխշահավետ գործընկերություն, ընդլայնել է կապերը սփյուռքի հետ: Կարեւորում եմ Հայաստանի նախագահի որոշումը սփյուռքի նախարարություն ստեղծելու մասին, ինչը հնարավորութուն տվեց սփյուռքի կառույցների եւ Հայաստանի արդյունավետ համագործակցության: Հայաստանի ընդդիմությունն այս ընտրություններում շատ թույլ է ներկայացված եւ չի առաջադրել նախագահ Սարգսյանի թեկնածությանը համարժեք թեկնածուի: Միասնական թեկնածուի եւ Ս. Սարգսյանին իրատեսական մրցակից առաջադրելու հարցը եւս իշխանության ընդդիմախոսները չկարողացան լուծել, իսկ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին սատարեցին եւս հինգ ուրիշ կուսակցություններ: Իմ կարծիքովՙ Հայաստանի նախագահական ընտրությունները կանցնեն մեկ փուլով եւ Սերժ Սարգսյանի հաղթանակով: - Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավում առկա աննախադեպ երեւույթները` թեկնածուներից մեկի` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, մյուսի` Անդրիաս Ղուկասյանի հացադուլը: - Իմ կարծիքովՙ մահափորձ իրականացնող հանցագործների նպատակը ընտրություններն ընդհատելն էր: Հուսով եմ` իրավապահները, որ արդեն երկու մարդու են ձերբակալել, կբացահայտեն պատվիրատուներին: Այդ հանցագործությունը այնքան իշխանությունների եւ Սերժ Սարգսյանի դեմ չէր, որքան Հայաստանի պետականության, այնպես որ հանցագործության բացահայտումը հրամայական է եւ շատ հարցերի կպատախանի: Սակայն գնահատելի է, որ ողջամտությունը հաղթանակեց, եւ ընտրությունները չհետաձգվեցին: Անդրիաս Ղուկասյանի հացադուլի առումով կարող եմ ասել, որ ամեն թեկնածու եւ նրա քարոզչական շտաբն իրենք են ընտրում իրենց ընտրարշավի ձեւը` ոմանք բանավիճում են, ոմանք ծրագրեր հրապարակում, ոմանք ուղղակի շփվում ընտրողների հետ, հացադուլ անողն էլ այդ ձեւն է ընտրել` իր սկզբունքներն ուշադրության արժանացնելու: Միակ նկատառումն այստեղ այն պետք է լինի, որ ամեն ինչ լինի քաղաքական եւ բարոյական հարթության մեջ, եւ հացադուլավորի առողջությունը չտուժի: - Ինչպիսի՞ ընտրություններ եք կանխատեսում` մանավանդ մեր հասարակությունն ավանդաբար դժգոհ է մնում հերթական ընտրություններից, միշտ խոսվում է ընտրակեղծարարությունների մասին: - Իհարկե, նախագահի ընտրությունը միշտ թեստ է` երկրում ժողովրդավարության եւ քաղաքական համակարգի զարգացման աստիճանի, պետականության կայացվածության եւ արդեն իսկ ստեղծված ավանդույթների պահպանման վերաբերյալ: Հայաստանի ընտրողները պետք է արժանապատվությամբ անցնեն ընտրությունների միջով, չպետք է անտարբերություն դրսեւորեն երկրի ճակատագրի հանդեպ, կարեւոր է, որ ընտրություններում ընտրողների մասնակցությունը բարձր լինի: Հայաստանի ժողովուրդը արժանի է լավ կյանքի: Այսօր կուտակվել են շատ խնդիրներ, արտաքին եւ ներքին շատ մարտահրավերներ, դրանք լուծել հնարավոր է միայն հանրային ջանքով, միավորվելով պետության խորհրդանիշի, երկրի նախագահի շուրջը: Հայաստանի նախագահը, անկախ նրանից, թե ո՞վ է նա, կախարդական փայտիկ չունի, որ միանգամից եւ բոլոր խնդիրները լուծի` կուտակված տասնամյակների, իսկ միգուցե եւ դարերի ընթացքում, ազգային հասարակության եւ պետության ձեւավորման ճանապարհին: Միասին եւ համակարգված աշխատանքով միայն մենք ընդունակ կլինենք լուծելու մեր առջեւ դրված խնդիրները եւ Հայաստանի բարօրությանն ուղղված հաջողություններ կգրանցենք: Հայաստանի ճանապարհը քաղաքական, տնտեսական, հարկային եւ դատական բարեփոխումների արդյունավետ իրականացման շարունակումն է, որ ամեն քաղաքացի վստահություն ունենա վաղվա օրվա հանդեպ: Հենց սա է ըմբռնում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, եւ հուսով եմ` ընտրողը դա նկատել է, կգնա ընտրության, ընտրություններն էլ քաղաքակիրթ կանցնեն: - Ձեր կարծիքովՙ հայ-ռուսական միջպետական հարաբերությունների ներկա հանգրվանն ինչպիսի՞ն է, եւ հեռանկարում ի՞նչ զարգացումներ են սպասվում, մանավանդ` Եվրասիական միությանը կամ Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարի մասին խոսակցություններն այնքան էլ միանշանակ չեն ընդունվում: - Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը բավական կայուն միջպետական հարաբերությունների դինամիկա ունեն համարյա բոլոր ուղղություններով: Շատ արդյունավետ զարգանում են քաղաքական եւ մշակութային, ռազմաքաղաքական հարաբերությունները: Մենք ակտիվ համագործակցում ենք միջազգային` ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ կազմակերպությունների շրջանակում: Հետագա զարգացման հատուկ ուղղություն որպես պետք է դիտարկել տնտեսական գործընկերությունն ու ինտեգրումը: Այս ուղղությամբ, ցավոք, դեռ դժվարություններ կան` կապված Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ընդհանուր սահմանի բացակայության, ռուս-վրացական բարդ հարաբերությունների եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների բացակայության հետ: Տրանսպորտային շրջափակումը ծանր է նստում Հայաստանի վրա եւ դնում նոր խնդիրներ Հարավային Կովկասում մեր հուսալի գործընկերոջ հետ ապաշրջափակման ուղղությամբ: Եվ այս առումով որոշակի հույսեր կան: Մասնավորապես` Վրաստանի նոր վարչապետ Բ. Իվանիշվիլու հայտարարությունը Երեւան այցի ժամանակ, որը Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու եւ Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղին բացելու` պաշտոնական Թբիլիսիի հետաքրքրվածությանն էր վերաբերում: Հնարավոր է` Մեղրիից մինչեւ Իրանի կասպիական նավահանգիստ Էնզելի երկաթուղու կառուցման տարածաշրջանային համագործակցության նախագիծ եւ այլն: Տարբեր նախագծեր կան, որոնց արդյունքում հնարավոր կդառնա բոլոր տրանսպորտային այն խնդիրների լուծումը, որոնք խոչընդոտ են Հայաստանի մուտքին Մաքսային միություն: Հայ-ռուսական հարաբերություններն ունեն մեծ պոտենցիալ եվրասիական նախագծերում Հայաստանի առանցքային ակտիվ մասնակցության առումով` Ազատ առետրի գոտու շրջանակներում: Եվ, իհարկե, հիմքը, ինչպես նշել է նախագահ Սարգսյանը, «հարաբերությունների առանձնահատուկ քիմիան» է, մեր պատմական ավանդույթները, մշակութային եւ հոգեւոր հարազատությունը, հումանիտար եւ գիտական հարուստ կապերը: - Նորից վերադառնանք նախագահական ընտրություններին. Ձեր կարծիքովՙ հայկական սփյուռքը, այդ թվումՙ Ռուսաստանի, այդ թվում` Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը, ի՞նչ սպասելիքներ ունի նախագահական ընտրություններից: - Ողջ աշխարհի, այդ թվում` Ռուսաստանի հայերը ժողովրդավարական ընտրություններում ընտրված նախագահից սպասում են Հայաստանի ջանքերի բազմապատկում` երկրի անվտանգության եւ պաշտպանության ուղղությամբ, տնտեսության զարգացում եւ շարքային քաղաքացու կյանքի բարելավում: Անցած երկու տասնամյակներում, Հայաստանի անկախության հռչակումից հետո հայ ժողովուրդը նոր պատմական դերակատարում ստանձնեց` կարողանալով իրականություն դարձնել ազգային պետության վերածնման բազմադարյան երազանքն ու նպատակը: Մենք իրավունք ունենք սպասելու, որ Հայաստանի նոր առաջնորդը կշարունակի զարգացնել հայկական սփյուռքի հետ բազմավեկտոր եւ փոխշահավետ կապերը, կօժանդակի ողջ աշխարհով սփռված հայության համախմբմանը` հումանիզմի եւ հայության հրատապ խնդիրների լուծման հիմքով: Մեծ նշանակություն ունի Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ տնտեսական, ներդրումային եւ տեխնոլոգիական համագործակցությունը, այս ուղղություններով քիչ բան չի արել ներկայումս գործող նախագահը, որի հետ վերջին զրույցի ժամանակ մենք քննարկեցինք տնտեսական եւ ներդրումային կոնկրետ ծրագրեր: Համաշխարհային հայկական բիզնես-շրջանակները հետաքրքրված են Հայաստանում ներդրումների ընդլայնմամբ, Հայաստանի պետության խնդիրն այդ ներդրումների անվտանգության եւ լեգիտիմության երաշխավորումն է: Ռուսաստանի հայերը ոչ միայն ամենաստվար հայկական համայնքն են աշխարհում, այլեւ վերջին տասնամյակում մեր կազմակերպվածությունն է բավական աճել, որը թույլ է տվել արդյունավետ հումանիտար եւ տնտեսական օգնություն ցուցաբերել Հայաստանին եւ Արցախին, դառնալ գործող կամուրջ հայ-ռուսական միջպետական հարաբերություններում: Եվ այստեղ քիչ չեն երկու երկրների առաջնորդների, իշխանության մարմինների ներդրումը, ինչպես նաեւ` թափ հավաքող քաղաքացիական հասարակության (այդ թվում` Ռուսաստանի հայերի միության) ջանքերը: Մենք նպատակադրված ենք շարունակել Հայաստանի նոր նախագահի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, սա է մեր սպասելիքն ընտրություններից եւ նոր նախագահից: Գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի ապագա նախագահի միակ ռեալ թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Հաջողություն եմ ցանկանում նրան ընտրություններում եւ հետագա գործունեության մեջ` ի շահ Հայաստանի եւ հայ ժողովրդի: |