RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 15-02-2013



Տեղադրվել է` 2013-02-15 00:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2079, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 114

ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԸՄԲՇԱՄԱՐՏԸ ԿՄՆԱ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ

Ինչպես տեղեկացրել ենք, ՄՕԿ-ի գործկոմի որոշմամբ ըմբշամարտը հավանաբար կհանվի 2020-ի ամառային օլիմպիադայի ծրագրից: Դրան անմիջապես արձագանքեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը , որը «Նովոստի» մամուլի ակումբում երեկ կայացած հանդիպման ժամանակ հայտնեց իր տեսակետը:

Նա նախ շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին արագ արձագանքելու եւ իրենց մտահոգություններն ու վրդովմունքն արտահայտելու համար: ՄՕԿ-ի գործկոմի որոշումը Ջուլֆալակյանը որակեց որպես դավադրություն մի մարզաձեւի դեմ, որն ընդգրկված է եղել ժամանակակից ամառային 1-ին օլիմպիական խաղերում: Նա նաեւ նշեց, որ դա դեմ է օլիմպիական խարտիային, որի սկզբունքներից մեկն ազնիվ մրցակցությունն է: Ընդհանրապես, Լեւոն Ջուլֆալակյանը դեմ է օլիմպիական խաղերում մարզաձեւերի թվի սահմանափակմանը, մի մարզաձեւը մյուսով փոխարինելուն: Ընդհակառակը, օլիմպիական չեմպիոնի կարծիքով, հարկավոր է ավելացնել մարզաձեւերի քանակը:

Ըստ Ջուլֆալակյանի, ՄՕԿ-ի գործկոմում նման առաջարկ արած անձնավորությունը տղամարդկային մարզաձեւ չի սիրում: Նա նույնիսկ կասկած հայտնեց, թե այդ անձը հնարավոր է, որ միասեռական է:

Սակայն Լեւոն Ջուլֆալակյանը լավատես է: Նա հուսով է, որ սեպտեմբերին կայանալիք ՄՕԿ-ի նստաշրջանում մասնակիցները դեմ կքվեարկեն գործկոմի որոշմանը եւ ըմբշամարտը կշարունակի օլիմպիական մարզաձեւ լինել: Ջուլֆալակյանը նաեւ չի կարծում, թե նման որոշումը քաղաքական երանգ ունի եւ ուղղված է այն պետություններին, որոնցում ըմբշամարտը մեծ զարգացում ունի եւ որոնց մարզիկները մեծ նվաճումների են հասել մարզաձեւի օլիմպիական մրցաշարերում:

Անվանի նախկին ըմբիշն ընդունում է, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայիս նախագահ Մարտինետիի օրոք մարզաձեւի կանոններում կատարված փոփոխությունները բացասաբար են անդրադարձել գոտեմարտերի դիտարժանության վրա: Նրա կարծիքով, Մարտինետին պետք է լրջորեն խորհի այդ մասին, մանավանդ ՄՕԿ-ի գործկոմի որոշումից հետո: Սակայն նույնիսկ այդ պարագայում նման որոշում չպետք է կայացվեր:

Լեւոն Ջուլֆալակյանը գտնում է, որ եթե ըմբշամարտը հանվի օլիմպիական խաղերի ծրագրից, ապա դա մեծ հարված կհասցնի մարզաձեւի հեղինակությանն ու մասսայականությանը: Չի բացառվում, որ նվազի մարզաձեւով զբաղվողների թիվը, մասնագետների եւ պետական կառույցների վերաբերմունքն էլ կարող է փոխվել ըմբշամարտի հանդեպ:

Լեւոն Ջուլֆալակյանի համոզմամբ հարկավոր է միավորել բոլոր շահագրգիռ կողմերին ՄՕԿ-ի գործկոմի որոշմանը հակահարված տալու համար: Նա համոզված է, որ ինչպես մարզաձեւի միջազգային եւ ազգային ֆեդերացիաները, այնպես էլ սպորտային մյուս կառույցներըՙ ներառյալ ազգային օլիմպիական կոմիտեները, պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն ՄՕԿ-ի գործկոմի որոշման դեմ:

Շուտով Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնելու է աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու: Լեւոն Ջուլֆալակյանը մտադիր է մասնակիցների հետ բողոքի ակցիա կազմակերպել, համատեղ դիմում-բողոք գրել ՄՕԿ-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 15-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ