ՆԱՀԱՆՋ 5 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ Երեկ հրապարակված ՖԻՖԱ-ի դասակարգման հերթական ցանկում Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ 5 հորիզոնականով նահանջել ու հանգրվանել է 80-րդ տեղում: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի առաջիկա մրցակից Չեխիայի ընտրանին 3 տեղով առաջադիմել էՙ հանգրվանելով 26-րդ տեղում: Իսկ ահա Լյուքսեմբուրգի հավաքականը, որը Վալանսում ոչ-ոքի էր խաղացել ՀՀ հավաքականի հետ, պահպանել է տեղը 148-րդ հորիզոնականում: Դասակարգման ցուցակի առաջատար եռյակի դիրքերը եւս անփոփոխ են մնացել: Ցուցակը գլխավորում է Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են Գերմանիայի եւ Արգենտինայի ընտրանիները: 4-րդ տեղում Անգլիայի հավաքականն է, որը 2 հորիզոնականով բարձրացել է: Լավագույն տասնյակում են նաեւ Իտալիայի, Կոլումբիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի, Խորվաթիայի եւ Ռուսաստանի հավաքականները: Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից ռուսներից հետո լավագույն արդյունքն ունի Ուկրաինայի ընտրանին: Մյուս երկրների ցուցանիշներն այսպիսին են. 57. Ուզբեկստան, 65. Բելառուս, 69. Վրաստան, 82. Էստոնիա, 109. Լատվիա, 117. Լիտվա, 118. Ադրբեջան, 121. Թուրքմենստան, 132. Տաջիկստան, 137. Մոլդովա, 142. Ղազախստան, 200. Ղրղզստան: |