ՀՈՎԻԿ ԽԱԼԻԿՅԱՆ. «ԲՈԼՈՐԻՍ ԵՐԱԶԱՆՔՆ Է ԲԱՔՎՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՀՌՉԱԿՎԵԼ» Շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող Հայաստանի տղամարդկանց հավաքականին այս տարի էլ լուրջ փորձություններ են սպասում: Նոյեմբերին Լեհաստանում կայանալու է Եվրոպայի թիմային առաջնությունը, իսկ դեկտեմբերին Թուրքիայում տեղի է ունենալու աշխարհի թիմային առաջնությունը: Կարեւորագույն այդ մրցաշարերին մեր հավաքականի նախապատրաստությանն էր նվիրված «Ազդակ» ակումբում երեկ կայացած մամուլի ասուլիսը, որին ներկա էին շախմատի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը եւ շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Հովիկ Խալիկյանը տեղեկացրեց, որ 2 մրցաշարերին էլ պատշաճ ձեւով կնախապատրաստվեն հավաքականի անդամներըՙ ձգտելով բարձր պահել հայկական շախմատի հեղինակությունը, քանի որ հայ շախմատասերները շատ խստապահանջ են եւ միայն հաղթանակներ են ակնկալում մեր շախմատիստներից: Ներկա պահին բոլորի ուժերը կենտրոնացված են Լեւոն Արոնյանի նախապատրաստությանը մարտին Լոնդոնում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լեւոնը ներկայումս Ջերմուկում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Նրան օգնում են Հունգարիայից ժամանած Պետեր Լեկոն, Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Անդրադառնալով 2016-ին Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային Հայաստանի մասնակցության հարցին, Հովիկ Խալիկյանը հետեւյալը նշեց. «Բոլորիս երազանքն է Բաքվում նվաճել օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Եթե ունենք հնարավորություն, ինչո՞ւ չօգտագործենք, ինչպես դա արեցինք Թուրքիայում: Մեր ներկայիս հավաքականի պես ուժեղ թիմ գուցե հետագայում չունենանք, թեեւ կան հեռանկարային մի շարք երիտասարդ շախմատիստներ: Հավաքականում ներկայումս այնպիսի շախմատիստներ են հանդես գալիս, որոնք երկար ու դժվարին ճանապարհ են անցել: Նրանցից մեկն էլ մեր ամենափորձառու շախմատիստ Վլադիմիր Հակոբյանն է, որը նաեւ սիրով շախմատային խաղի գաղտնիքներն է հաղորդում պատանի շախմատիստներին»: Վլադիմիր Հակոբյանը նշեց, որ գուցե Եվրոպայի թիմային առաջնությանը չմասնակցիՙ տեղը զիջելով երիտասարդներին, քանի որ քիչ ժամանակ է մնում աշխարհի թիմային առաջնությանը նախապատրաստվելու համար: Հակոբյանն ավելի է կարեւորում աշխարհի թիմային առաջնությունը: Սակայն հավաքականի վերջնական կազմը որոշում է մարզիչը եւ դեռ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի այն: Մինչեւ հավաքականում խաղալը, ապրիլին Հակոբյանը կմասնակցի Դուբայում կայանալիք Շեյխի գավաթի մրցաշարին, մայիսին հանդես կգա Եվրոպայի անհատական առաջնությունում, իսկ օգոստոսին ուժերը կչափի աշխարհի գավաթի խաղարկությունում: |