RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 15-02-2013



Տեղադրվել է` 2013-02-15 00:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2350, Տպվել է` 115, Ուղարկվել է էլ.փոստով` 134

ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ՞Ն ԷԼ ԿԶՐԿԵՆ ԿՈՉՈՒՄԻՑ

Վ. Ա.

Ինչքան էլ փորձենք անտեսել հարեւան երկրի իրադարձությունները, որքան էլ աշխատենք անտարբեր մնալ, Բաքվից մեզ գրեթե ամեն ժամ հերթական անակնկալն են մատուցում: News.az-ին հղում անելովՙ «Պոլիգոն» տեղակատվական-վերլուծական կայքը մասնավորապես գրում է, որ Աքրամ Այլիսլիին ժողովրդական գրողի կոչումից զրկելու «նախագահ Իլհամ Ալիեւի կարգադրությունը հետաքրքրական զարգացումների տեղիք է տվել»:

Խնդրին տեղյակ մարդիկ պնդում են, որ Ադրբեջանում ժողովրդական գրողի կոչման առաջինն արժանացել է Ալեքսանդր Շիրվանզադեն: Իհարկե, դա եղել է անցյալ դարում, բայց ի՞նչ նշանակություն ունի. Շիրվանզադեն էլ հայ է, չէ՞: News.az-ը երկու կարծիք է հարցրել: Գրող Իլյաս Թափտըղի գնահատմամբՙ «Շիրվանզադեն արդեն մոռացված մարդ է: Նրա «Նամուս» պիեսը երկար ժամանակ խաղացվել է: Ճիշտ է, ես անձամբ չեմ դիտել, բայց դիտողներ կան: Նա Շամախիում է ապրել (ծնվել եւ տարրական կրթություն է ստացել-Վ. Ա.), մեզնից շատ առաջ է ապրել, մեռել-գնացել: Այդ հարցին ուշադրություն դարձնելու կարիք չկա»:

Իսկ ահա բանաստեղծ Մուսա Յաղուբը գտնում է, որ «Շիրվանզադեի ձեռքից (այդպես էլ ասել է- Վ. Ա.) ժողովրդական գրողի կոչումը խլելու համար պետք է բերել հիմնավորումներ, ինչի՞ համար, հանուն ինչի՞ ենք խլում: Այո, նա հայ է, բայց եթե այդպես է (այսինքն` հայը չի կարող լինել Ադրբեջանի ժողովրդական գրող- Վ. Ա.), ապա Գրիգորյանին էլ ենք ժողովրդական գրողի կոչում տվել»:

Խոսքը Սամվել Գրիգորյանի մասին է, որը երկար տարիներ եղել է «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագիր, ադրբեջանական պոեզիայից կատարել թարգմանություններ: Կարծիք կա, որ Սամվել Գրիգորյանը ստեղծագործել է նաեւ ադրբեջաներեն: Մշտապես գտնվել է խորհրդային Ադրբեջանի ղեկավարության հովանու տակ, եղել Ադր. ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Ժողովրդական բանաստեղծի կոչման արժանացել է 1984-ին, մինչ այդ նրան շնորհվել էր Ադրբեջանի մշակույթի վաստակավոր գործչի կոչում: Վախճանվել է 1987թ.-ին, թաղված է Բաքվում:

Չենք կարծում, թե Իլհամ Ալիեւի շիզոֆրենիան այնքան է խորացել, որ նա «հասարակական կարծիքի ճնշման տակ» հրամանագիր կստորագրի եւ Ալեքսանդր Շիրվանզադեին կզրկի Ադրբեջանի ժողովրդական գրողի կոչումից: Ոչ էլ Սամվել Գրիգորյանի «ձեռքից կխլի» ժողովրդական բանաստեղծի տիտղոսը: Վերջինիս գրական ժառանգության մեջ Հեյդար Ալիեւին ձոնած բանաստեղծություններ հաստատ կգտնվեն, դե իսկ Շիրվանզադեն բախտ է ունեցել մեռնելու 1935-ին, երբ ապագա «համազգային առաջնորդը» դեռ 12-ամյա տղեկ էր:

Բայց` լուրջ. ո՞ւմ է պետք եղել, որ մամուլ են «նետել» Ադրբեջանում ժողովրդական գրողի կամ բանաստեղծի կոչման արժանացած հայերի թեման: Ի՞նչ են ցանկացել դրանով ասել: Որ կարող են նաեւ այդ քայլի՞ն դիմել` Շիրվանզադեին եւ Սամվել Գրիգորյանին հայտարարել կոչումազո՞ւրկ: Բայց ի՞նչ կտա դա ադրբեջանական հասարակությանը: Կբավարարվե՞ն նրա կրքերը:

Թե՞ իշխող վարչախմբին պետք է հիստերիայի նոր առիթ, որպեսզի մարդկանց ուշադրությունը հնարավորինս շեղվի իրականությունից, մնա սեւեռված «ատելի հայերի» եւ «նրանց հովանավորների» վրա: Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն գրող Աքրամ Այլիսլիին հռչակել է «մուրտառ», այսինքն` «պիղծ»: Այդ ֆոնին ինչ-որ մեկը մամուլին գաղափար է մատուցել, որ, «բանից պարզվում է, Ադրբեջանի առաջին ժողովրդական գրողը հայ Շիրվանզադե՜ն է եղել»:

Ակամա հիշվում է Աղդամի մոլլայի «հայ եղած լինելու» մասին Ղարաբաղով մեկ տարածված խոսակցությունը` դեռեւս խորհրդային լճացման տարիներին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 15-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ