RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 20-02-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-02-20 00:27:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2055, Տպվել է` 104, Ուղարկվել է էլ.փոստով` 106

58/36 ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Միջազգային դիտորդների «ընտրանքայինի» ու մի քանի ՀԿ-ների «այլընտրանքայինի» տարբերությունը

Փետրվարի 18-ի ընտրություններում մի շարք ոլորտներում առաջընթաց է գրանցվել, թեեւ կարեւոր բարելավումներ դեռեւս անհրաժեշտ են: «Կարծում եմ` մրցակցություն կար: Առաջին եւ երկրորդ թեկնածուների` մոտ 58 եւ 30-ից ավելի տոկոս ձայների բաշխվածությունը մրցակցություն է կոչվում», երեկ ներկայացնելով միջազգային դիտորդական առաքելությունների նախնական զեկույցը` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հայտարարեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Քերին Ուոլդսեթը :

Եվրոխորհրդարանի դիտորդական առաքելությունը ներկայացնող Միլան Ցաբրնոխն էլ նշեց, թե քվեարկության օրը նշանակալի դժվարություններ չեն նկատվել, թեեւ ընտրությունները անցել են քաղաքական բանավեճերի եւ մրցակցության պակասով: ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Հայաստանում ներկայացնող Հայդի Թագլիավինին թեկնածուների` քարոզարշավ իրականացնելու հնարավորությունների ու համեմատաբար հավասարակշիռ լուսաբանման հետ մեկտեղ նշեց պետություն-իշխող կուսակցություն գործողությունների տարանջատման անհստակության առկայությունը եւ որոշ տեղամասերում էլ ընտրողներին վախեցնելու կամ սպառնալու դեպքերը:

Ու մինչ լրագրողներին հնարավորություն կտրվեր հարցեր ուղղելու ներկաներին, մեջքով դեպի բանախոսներըՙ ասուլիսի սրահի կենտրոնում հայտնվեց մի աղջիկ ու սկսեց ինչ-որ հայտարարություն ընթերցել: Իրարանցման մեջ առանց այդ էլ ցածր ընթերցող աղջկա ձայնը լսել հնարավոր չէր, մինչդեռ նրա համախոհներից մեկ-երկուսը բավականին լսելի բղավում էին, թե դիտորդները լեգիտիմացնում են իշխանություններին` հաշվի չառնելով խախտումները: Աղջկան հեռացնելու փորձերի կանխումից հետո «Բեկում. ժողովրդավարության աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ ներկայացող մի երիտասարդ պարզաբանեց, որ հայտարարությունն ընթերցող աղջիկը` «ԹԻ Հայաստան» հակակոռուպցիոն ՀԿ-ն ներկայացնող Լենա Նազարյանը մատուցում է «այլընտրանքային» հայտարարություն դիտորդների խոսքին:

Ու մինչ Լենան ընթերցում էր, միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարները հեռացան դահլիճից, ինչն ուղեկցվեց բողոքի ձայնարկություններով: Քիչ անց պարզաբանվեց, որ դիտորդները կվերադառնան, երբ իրավիճակը հանդարտվի: Իսկապես վերադարձան, մոտ կես ժամ անց ու ընդգծեցին, որ խոսքի ազատությունը թեեւ ազատություն է տալիս արտահայտվելու, բայց պետք է իրականացվի փոխադարձ հարգանքի հիման վրա:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը նկատեց, որ ողջ տեղի ունեցածը հայերեն էր, եւ իրենք չհասկացան: ԺՀՄԻԳ ներկայացուցիչն էլ ավելացրեց, որ հասկանալի չէր, թե ինչն էին դատապարտում երիտասարդները, երբ միջազգային դիտորդների հայտարարությունըՙ նախնական հանգամանքների եւ եզրակացությունների վերաբերյալ, դեռեւս չէր հրապարակվել: Տիկին Թագլիավինին, այդուհանդերձ, նշեց, որ ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդները Հայաստանում կլինեն եւս 10 օր, եւ թերեւս ժամանակ կլինի անդրադառնալու շատ այլ հարցերի եւս, այդ թվում` երիտասարդ ակտիվիստների հայտարարությանը, թեեւ արդեն իսկ արձանագրվել են որոշ խախտումներ. խմբակային քվեարկություններ, կրկնակի քվեարկություններ, լցոնման դեպքեր...

Ընտրախախտումներ ներկայացնող ինչ-որ տեսանյութեր տեսնելու-չտեսնելու առնչությամբ Եվրոխորհրդարանի պատվիրակությունը ներկայացնող Միլան Ցաբրնոխը բավականին հանգիստ արձագանքեց. «Հարցնում եք` տեսե՞լ եմ նման տեսանյութեր, ասում եմ` ոչ, չեմ տեսել»:

Այս ամենով հանդերձ` ասուլիսի ավարտին հրապարակված, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԽԽՎ եւ Եվրոխորհրդարանի դիտորդական առաքելությունների համատեղ հայտարարության համաձայնՙ «Հայաստանի նախագահի ընտրություններն ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված եւ բնութագրվել են հիմնարար ազատությունների, ներառյալ հանրահավաքների ու խոսքի ազատության հարգանքի դրսեւորմամբ»: «Միաժամանակ, հանրային կառավարման անկողմնակալության բացակայությունը, ինչպես նաեւ վարչական ռեսուրսի չարաշահումը հանգեցրին պետության եւ իշխող կուսակցության գործողությունների ոչ հստակ տարանջատմանը»:

Պատահածը թերեւս մտորելու տեղիք է տալիս. ժողովրդավարությունը ասուլիս ընդհատելն ու մեղադրանքներ հնչեցնե՞լն է` բղավոցներով ընտրախախտումների մասին, թե՞... Այս թե-ն դեռ մենք պիտի սովորենք, նկատի ունեմ` հայերս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 20-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ