RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 20-02-2013



Տեղադրվել է` 2013-02-20 00:27:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2379, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 97

ԵՐԿՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ` ՍԵՐԺԻ ՈՒ ՐԱՖՖՈՒ

ԱՐՏԵՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մինչ հացադուլավոր նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ հավաքեց իր վրանը եւ գնաց տուն, մյուս թեկնածու Վարդան Սեդրակյանը գնաց հիվանդանոց` հետազոտվելու, Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց «Ազատության» հրապարակ եւ ասաց, թե 80-տոկոսանոց հաղթանակ է տարել ու կյանքի գնով պաշտպանելու է ժողովրդի քվեն: Ու դեռ համազգային հանրահավաք նշանակեց` եթե Սերժ Սարգսյանը չհանդիպի իրեն եւ չփոխանցի իշխանությունը ժողովրդին:

Այս առթիվ մեկ անգամ եւս արժե հիշեցնել փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների: 7 թեկնածուներից առավել ձայներ են ստացել Սերժ Սարգսյանը` քվեարկության մասնակցած 1 521 931 ընտրողների 60,18 տոկոս, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը` 36,75 տոկոս: Հրանտ Բագրատյանը ստացել է 2,15 տոկոս քվե, Պարույր Հայրիկյանը` 1,23 տոկոս, Անդրիաս Ղուկասյանը` 0,57 տոկոս, Վարդան Սեդրակյանը` 0,42, Արման Մելիքյանը` 0,24:

Րաֆֆի Հովհաննիսյանը 539 674 ձայն է ստացել` հաղթելով Գյումրիում եւ մի շարք քաղաքներում: Սերժ Սարգսյանը ստացել է 861 378 ձայն: Մոտ 60 հազար քվեաթերթիկ անվավեր է եղել` դրանց մեծ մասը հավանաբար քվեաթերթիկը փչացնելով ընտրությունները բոյկոտողների բաժինն է (ասենք` ՀՅԴ-ի եւ այլ ուժերի):

Սակայն Ր. Հովհաննիսյանի կողմնակիցները համաձայն չեն պաշտոնական տվյալներին եւ ասում են, որ իրենց թեկնածուն հաղթել է, իսկ ընտրությունների արդյունքները կեղծվել են, ինչն, ի դեպ, սովորույթ է դարձել Հայաստանում: Ընտրությունների գիշերվա առաջին ասուլիսում իր հաղթանակի մասին էր խոսում նաեւ Ր. Հովհաննիսյանը: Մինչդեռ Սերժ Սարգսյանը խոսում էր Հայաստանը բաժան-բաժան չանելու, միավորման ու հանդուրժողականության ճանապարհով գնալու մասին:

Ու հիմա Րաֆֆին, փաստորեն, պետք է որոշի, թե ինչպես է պահում իրեն հետընտրական փուլում: Շատ տարբերակներ նա չունի` կամ պետք է ընդունի ընտրությունների արդյունքները եւ շնորհավորի ԿԸՀ-ի տվյալներով հաղթած Սերժ Սարգսյանին, կամ հայտարարի, որ չի ընդունում արդյունքները եւ շուրջօրյա հանրահավաքներ սկսի, ինչպես ժամանակին Տեր-Պետրոսյանը, որին, ի դեպ, ոչ մի տեղ չտարավ այդ գործելակերպը: Իսկ ներկա դեպքում, երբ Րաֆֆու կողմնակիցներն իրականում այնքան ստվար չեն, համենայն դեպս` իր ստացած ձայների թվի չափ չեն, քանի որ իր ձայները ստացել է ընդդիմադիր մյուս ուժերի համակիր ընտրազանգվածից, անհասկանալի է, թե ի՞նչ արդյունքի կբերի հանրահավաքների գործելակերպը: Թե այս բոլորում որքա՞ն բան է պայմանավորված արտաքին ազդակներով, դեռեւս հայտնի չէ, սակայն որ դրանք տեղ ունեն Հայաստանում` հազիվ թե որեւէ մեկը կասկածի: Համենայն դեպս` երեկվա բացօթյա հանրահավաք-ասուլիսից երեւաց, որ Ր. Հովհաննիսյանն այնքան էլ չգիտե իր անելիքը, միայն խոսում է ժողովրդի քվեն պաշտպանելու պատրաստակամությունից` «ինչպեսի» մասին դեռ չնշելով կամ չիմանալով: Հավանաբար Ր. Հովհաննիսյանը, հիշելով խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած ուժի նվազ քվեները, ինքն էլ չէր սպասում այդպիսի բարձր տոկոսի, տարբեր հարցումներն էլ նրան 25 տոկոսից ավելի չէին տալիս: Հիմա կարեւոր է, որ նրա գլուխը չպտտվի էյֆորիայից, ու նա կարողանա ճիշտ որոշում կայացնել:

Փաստորեն` Ր. Հովհաննիսյանի հետընտրական պահվածքին սպասում էին եւ ընդդիմադիրները, որպեսզի որոշեն` իրենք ինչպե՞ս պահեն իրենց` միանան Րաֆֆուն, թե՞ անտարբեր հետեւեն կատարվողին, ե՛ւ իշխանական շրջանակները, որոնք այդ որոշումից հետո նոր իրենց գործելակերպը կընտրեն` կոշտ հակազդեցությա՞ն, թե՞ ընդհակառակը, մեղմի տալու: Րաֆֆու որոշումը կարող է մի շարք խնդիրներ լուծել` նախ ամրապնդել ընդդիմադիր առաջնորդի դերը, որն ակամա նրան բաժին հասավ այս նախագահական ընտրությունների ժամանակ, բացի դրանից` եթե Սերժ Սարգսյանը որոշի նկատի առնել Րաֆֆու քվեները ու նրան առաջարկել կառավարության մեջ դերակատարում, այդ դերակատարման չափը եւս կախված կլինի նրա պահվածքից:

Րաֆֆին ստացավ այն ձայները, որոնք ի վերջո մեծավ մասամբ ոչ թե նրանն էին, այլՙ քաղաքական առաջադրում չարած ՀԱԿ-ինը, ԲՀԿ-ինը, ՀՅԴ-ինը, ընդհանրապես` ընդդիմությանը: Եվ, իհարկե, ինչ-որ մաս ստացավ անձամբ` նախընտրական ակտիվ քարոզարշավի ընթացքում: Սակայն ընդդիմադիր ընտրազանգվածը, ինչպես որ կարճ ժամանակում ստիպված էր կողմնորոշվել եւ ընտրել նրան, նույն արագությամբ կարող է հիասթափվել, եթե նա շուրջօրյա հանրահավաքներ սկսի ու այդպես էլ հստակ չկարողանա քայլեր առաջարկել: Արդեն այսօր պարզ կլինի, թե քանի մարդ է համաձայն մասնակցել նրա հանրահավաքներին: Իհարկե, չենք ժխտում, որ մարդիկ դժգոհ են իրենց կյանքից եւ կուզենային փոխել իրականությունը, սակայն նրանք շատ արագ կհասկանան` արդյոք դա կարո՞ղ են անել Րաֆֆու հետ: Դե իսկ նախապես Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրելն ու հետո դա ասուլիսի վերափոխելը արդեն իսկ նշանակում է, որ Ր. Հովհաննիսյանը դեռ չի կողմնորոշվում, հասկանալով, որ հանրահավաքի արդեն միայն իր համակիրները կարող են գալ, իսկ նրանք շատ չեն` ուղիղ այնքան, որքան գալիս էին նրա հացադուլի ժամանակ, գումարած քարոզարշավի արդյունքում ավելացած որոշ նոր շերտեր:

Դե իսկ մենք չենք ասում, որ իշխանական մեքենան 100-տոկոսանոց մաքուր ընտրություն է արել. ով էլ ունենա վարչական ռեսուրս այս երկրում, ցավով ենք ասում, հաստատ օգտագործելու է. մենք ասում ենք` համեմատական լավ ընտրություններ են եղել, իսկ թե իրոք, Րաֆֆու ձայները պակասել են, լցոնումներ են եղել, թող նրա կողմնակիցները կարողանան դա փաստերով ապացուցել:

Փաստն այն է, որ ե՛ւ եվրոպացի, ե՛ւ ԱՊՀ դիտորդները երեկ խոսել են լավ կազմակերպված, սահուն անցած եւ լեգիտիմ ընտրությունների մասին, ու անգամ խոչընդոտ չեն համարել Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը, ինքը` Ս. Սարգսյանը իրեն թույլ չի տալիս ընդդիմադիրների հասցեին կոշտ արտահայտություններ: Մանավանդ` նախագահ Սարգսյանի փափուկության մասին հենց Ր. Հովհաննիսյանն էր նշել, այնպես որ նախագահ Սարգսյանը կարող է չկրկնել նախորդ ընտրություններից հետոյի անդուր հակամարտության իրավիճակը, քանի որ նրա ձեռքերը լիուլի ազատ են այլ գործելակերպ ընտրելու, որի մեջ կարող է լինել եւ ընդդիմության ու նրա նոր լիդերին սիրաշահելու տարր, եւ օլիգարխիային իր տեղը ցույց տալու կամք, եւ իրական փոփոխությունների նախաձեռնում: Քանի որ ընտրողների տված այս անգամվա քվեն Ս. Սարգսյանին հենց այն ավանսն է, որի շարժառիթը գիտակցվում է շատերի կողմից. այժմ Սերժ Սարգսյանը առավել վստահ է զգում իրեն եւ կարող է ձերբազատվել բոլոր նրանցից, ովքեր նրա նախագահության բնութագրին խառնում են մթին գույներ:

Աստված ազատի Հայաստանը հետընտրական ցնցումներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 20-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ