«ԱԶԳ»-ԱԿԱՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ Հ. Հ. Ինչպես նախորդ ընտրություններին, փետրվարի 18-ին «Ազգ» օրաթերթի խմբագրությունում էլ կատարեցինք ներքին քվեարկությունՙ պարզելու, թե մեր աշխատակիցները որ թեկնածուներին են նախապատվություն տալիս: Արդյունքները հետաքրքրական էին: Պարզվեց, որ խմբագրության վեց աշխատակիցներ գոհ են ներկա իշխանությունների վարած քաղաքականությունից եւ հաջորդ հինգ տարիներին պետության ղեկավարի պաշտոնում կրկին ցանկանում են տեսնել Սերժ Սարգսյանին: Չորսը կողմ էին Սարգսյանի գլխավոր մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ազգ»-ում մեկական համակիր ունեին նաեւ Պարույր Հայրիկյանն ու Արման Մելիքյանը: Հետաքրքրական է, որ խմբագրությունից 11 հոգի կամ չէին ցանկացել գնալ ընտրությունների, կամ էլ գնացել էին ընտրատեղամաս եւ դեմ էին քվեարկել բոլորինՙ քվեաթերթիկը դարձնելով անվավեր: Վստահաբար, այս զանգվածին կարելի է անվանել ոչ թե չկողմնորոշված, այլ մարդիկ, ովքեր հիասթափված են ամեն ինչից, չեն համակրում որեւէ թեկնածուի կամ ուժի եւ որեւէ ակնկալիք չունեն: Ընտրության արդյունքների ամփոփումից հետո պարզվեց, որ նման զանգված առկա է ոչ միայն «Ազգ»-ի խմբագրությունում, այլեւ հանրապետությունում: ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայնՙ անվավեր քվեաթերթիկների թիվը 50.988 է: Սերժ Սարգսյանից եւ Րաֆֆի Հովհաննիսյանից բացիՙ մյուս 5 թեկնածուների ձայները զիջում են անվավեր քվեաթերթիկներին: |