RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 20-02-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-02-20 00:27:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2000, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 114

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՉԷ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Մրցաշարի բյուջեն կկազմի 1 մլրդ դոլար

Ռուսաստանի եւ Ուկրաինայի ակումբների մասնակցությամբ ֆուտբոլի համատեղ առաջնության մրցանակային ընդհանուր հիմնադրամը կկազմի 1 մլրդ դոլար: Առաջնության հաղթողը կպարգեւատրվի 92,1 մլն դոլարով, արծաթե մեդալակիրըՙ 74,3 մլն-ով, բրոնզե մրցանակակիրըՙ 61,2 մլն-ով, իսկ վերջին տեղը գրաված թիմը կստանա 25,6 մլն դոլար: Ստացվում է, որ համատեղ առաջնության հաղթողի պարգեւավճարը կգերազանցի չեմպիոնների լիգայի գավաթակրի վաստակից: Համեմատության համար նշենք, որ չեմպիոնների լիգայի անցյալ տարվա գավաթակիր Լոնդոնի «Չելսին» մոտ 80 մլն դոլար պարգեւավճար էր ստացել:

Այսպիսի տպավորիչ փաստեր են ներկայացվել Մոսկվայում կայացած համատեղ առաջնության կազմկոմիտեի նիստում: Ենթադրվում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ակումբների մասնակցությամբ ֆուտբոլի համատեղ առաջնության մեկնարկը կտրվի 2014-ի աշնանը: Կազմկոմիտեն արդեն ներկայացրել է առաջնության կանոնակարգը: Բարձրագույն խմբւմ նախատեսվում է 18 թիմի մասնակցությունՙ 9-ական Ռուսաստանից եւ Ուկրաինայից: 18 թիմ է հանդես գալու նաեւ առաջին խմբում: Կլինի նաեւ 2-րդ խումբ, որը կունենա 4-ական գոտի Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Բարձրագույն խմբում 17-րդ եւ 18-րդ տեղերը զբաղեցրած թիմերն իրենց տեղը կզիջեն 1-ին խմբում ուժեղագույնը ճանաչված 2 ակումբներին, իսկ 16-րդ եւ 15-րդ տեղերը գրաված ակումբներն անցումային խաղերում բարձրագույն խմբի 2 ուղեգրերը կվիճարկեն առաջին խմբում 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում հանգրվանած կոլեկտիվների հետ:

Առաջին հայացքից հաշվի առնելով պարգեւավճարների չափը, համատեղ առաջնությունը գրավիչ է թվում մասնակիցների համար: Սակայն մի շարք հարցեր են ծագում, որոնք կարող են խոչընդոտել ծրագրի իրականացմանը: Նախ, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է համատեղ առաջնության անցկացմանը, ինչի մասին հայտարարել է այդ կազմակերպության նախագահ Անատոլի Կոնկովը: Դա է վկայում այն փաստը, որ Մոսկվայում կայացած կազմկոմիտեի նիստում Ուկրաինան ընդամենը 2 ներկայացուցիչ ուներ: Ավելի վաղ ծրագրին դեմ էին արտահայտվել նաեւ Կիեւի «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսն ու «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը, ուկրաինական ֆուտբոլի այլ ներկայացուցիչներ:

Հետաքրքրական է, որ երբ ամիսներ առաջ «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլերն առաջ էր քաշել ԱՊՀ երկրների ֆուտբոլի առաջնություն անցկացնելու գաղափարը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն իր պատրաստակամությունն էր հայտնել, որ հայկական ակումբները կմասնակցեն մրցաշարին: Սակայն ինչպես տեսնում ենք, առաջնության կազմակերպիչներն անտեսեցին Հայաստանին, ինչպես նաեւ Բելառուսին եւ այլ երկրներինՙ հրավիրելով միայն ուկրաինական ակումբներին:

Կհաջողվի՞ արդյոք կազմկոմիտեին իրագործելու մտահղացումը, դժվար է կանխագուշակել: Անորոշությունները շատ են: Բացի այդ էլ, ՖԻՖԱ-ն դեմ է համատեղ առաջնությունների կազմակերպմանը, որի մասին հայտարարել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Զեպ Բլատերը: ՈւԵՖԱ-ն էլ առայժմ իր դիրքորոշումը չի հայտնել այս հարցի շուրջը: Բացի այդ, նախագծի մասին դեռ պետք է իր կարծիքն արտահայտի Ռուսաստանի ֆուտբոլային միությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 20-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ