Ի՞ՆՉԸ ՓՈԽՎԵՑ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ինչո՞վ առանձնացան եւ կհիշվեն 2013-ի նախագահական ընտրությունները Հայաստանում: Հիմա, երբ հայտնի են ընտրությունների արդյունքները, կարելի է խոսել այդ ամենի մասին: Հիմնական արդյունքն այն էր, որ այս ընտրություններն իսկապես մրցակցային էին, հակառակ ՀԱԿ-ի եւ ՀՀՇ-ի «կարկառուն» դեմքերի այն տեսակետին, թե դրանք մրցակցային չեն` որպես ենթատեքստ ունենալով այն միտքը, որ եթե դրան չի մասնակցում Լեւոն Տեր-Պետրոսյանը, ուրեմն այդ ընտրությունները մրցակցային չեն կարող լինել: Ի դեպ, հիմա գոնե ակնհայտ է նաեւ այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ ընտրություններին չմասնակցելը պայմանավորված էր ոչ թե նրա տարիքով, որի մասին առաջին նախագահը «հիշեց» ընտրությունների անմիջապես նախաշեմին, այլ նրա խիստ ցածր վարկանիշով: Այն, որ ի տարբերություն 2008-ի ընտրությունների, երբ երկրորդ տեղը գրաված Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացավ 350 հազար ձայն կամ 21 տոկոս, իսկ 2013-ին երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ 540 հազար ձայն կամ 37 տոկոս, պարզապես հարված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ինքնասիրահարվածությանը: Ինչը, ի դեպ, ոչ նա, ոչ նրա համակիրներն ու նրան սպասարկող լրատվամիջոցները չեն ներելու Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերոնշյալ ցուցանիշները վկայում են նաեւ, որ 2008-ին էլ առաջին նախագահի վարկանիշն առանձնապես բարձր չէր, պարզապես անկարգություններ հրահրելու ու սադրելու գծով է Լեւոն Տեր-Պետրոսյանն անգերազանցելի: Ի դեպ, թեեւ հայտնի չէ, թե ինչպես կփոխի իր վերաբերմունքը Րաֆֆի Հովհաննիսյանը ապագայում, առավել եւս, որ մոտեցումների կտրուկ փոփոխությունները նրա մոտ հաճախ են լինում, բայց անհավանական է, որ նա գնա նույնՙ երկիրն ապակայունացնող քայլերին: Սա էլ 2008-ի ընտրություններից տարբերվող մյուս կարեւոր առանձնահատկությունն է: Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները փոխում են նաեւ քաղաքական դաշտի պատկերը: ՀԱԿ-ն ու ՀՀՇ-ն վերջնականապես մղվում են դեպի լուսանցք, իսկ «Ժառանգությունն» ավելի լիարժեք իրավունք է ունենում հանդես գալու որպես իրական ընդդիմություն, թեեւ հարկ է ընդգծել, որ Րաֆֆի Հովհաննիսյանին տրված ձայները պայմանավորված են նրա անձով, այլ ոչ թե կուսակցությամբ: Հիշեցնենք, որ նրա ղեկավարած կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ դժվարությամբ հաղթահարեց 5 տոկոսի արգելքը, այն էլ «Ազատ դեմոկրատների» հետ համատեղ հանդես գալուց հետո: Մյուս կողմից էլ դժվար է ասել, թե ով 2-րդ տեղը կգրավեր, եթե ընտրություններին մասնակցեին ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը` ընտրակաշառքի իրենց այլազան ռեսուրսներով: Ավելի ճիշտ, առավել հավանական է, որ այդ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը 2-րդը չէր լինի, քանի որ իշխող Հանրապետականը` իր վարչական ռեսուրսով եւ «այլընտրանք» ԲՀԿ-ն` իր ֆինանսական ռեսուրսներով հնարավորություն չէին տա նրան 2-րդ եւ առավել եւս 1-ին տեղը զբաղեցնելու: Այսինքն, Րաֆֆի Հովհաննիսյանի 2-րդ տեղը, այնուամենայնիվ, կայուն չէ, եւ ԲՀԿ-ի ազդեցությունը չի անհետացել: Վերադառնալով ընտրությունների մրցակցային լինելուն, նշենք, որ դրա վկայությունն է նաեւ այն, որ մի շարք բնակավայրերում հաղթել է երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը: Դա նաեւ խոսում է այն մասին, որ այս ընտրություններն իսկապես դրականորեն առանձնացել են նախորդներից, քանի որ ընդդիմության թեկնածուի հաղթանակի դեպքում տվյալ ընտրատեղամասերի կամ ընտրատարածքների հանձնաժողովների նախագահները նախկինում անպայման «մի բան կանեին», որ այդպես չլիներ: Ինչն, իհարկե, չի նշանակում, որ այլեւս ունենք իդեալական ընտրություններ: Մեր ընտրություններն իդեալականին մոտ կլինեն միայն այն դեպքում, երբ մեր հավաքական իրավագիտակցության մակարդակը լինի այդպիսին: Միեւնույն ժամանակ, այս ընտրություններում եւս չկարողացանք զերծ մնալ ընտրողներին սեւ ու սպիտակի, լավ ու վատի բաժանելու տհաճ երեւույթից: Ասենք` Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրողները լավն են ու սպիտակ, իսկ Սերժ Սարգսյանին ընտրողները` վատը եւ սեւ, առաջինները «թասիբով» են, երկրորդները` «անթասիբ»: Ժամանակն է, որ պիտակավորման այս գավառական մոտեցումը վերանա եւ յուրաքանչյուրը հարգի դիմացինի ընտրությունը: Ժամանակն է գիտակցելու, որ եթե ընտրում ես այս կամ այն թեկնածուին, ամենեւին էլ չի նշանակում, որ նրա թիմից կամ կուսակցությունից ես կամ նեղ անձնական շահ ունես: Ընտրությունները, հատկապես երկրի նախագահի ընտրությունները, որն ի պաշտոնե նաեւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, կատարվում են առաջադրված թեկնածուներից, երկրի ղեկավար լինելու նրանց հնարավորությունները հաշվի առնելով: Մարդկանց հետ ձեռքսեղմումները կամ «եկել ես, որ ինչ անես» տիպի արտահայտությունները տվյալ դեպքում ընդհանրապես որպես գործոն չի կարելի դիտարկել: |