RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-02-21 23:56:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1587, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՎԻԿԻԼԻՔՍ»-ԻՑ` ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Վ. Ա.

Բաքվիՙ գործունեությունը դադարեցված միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաեւը, որը վտարանդի է եւ ապրում է Ֆրանսիայում, համացանցում տեղադրել է հերթական տեսահոլովակը, որ նկարահանվել է 2004-ին: Այս անգամ նրա զրուցակիցը Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանի ոստիկանական վարչության պետի տեղակալ Ռասիմ Իլդըրըմզադեն է:

Խոսակցության թեման Աբդուլլաեւի առեւանգված եղբոր` Մահիրի «վերադարձն» է: Իլդըրըմզադեն ասում է, որ Մահիրը «պահվում է Ադրբեջանից դուրս», ինքը նրան տեսել է, «նրա հետ ամեն ինչ կարգին է»: Ազգային անվտանգության մայոր Մահիր Աբդուլլաեւը մեկ տասնամյակից ավելի համարվում է «անհայտ կորած»: Մինչդեռ տեսահոլովակից պարզվում է, որ «Մահիրին ոչ թե շարքային ավազակներ են գողացել, այլ` կառավարությունից»: Ոստիկանության բարձրաստիճան սպան Աբդուլլաեւից 1 մլն դոլար է պահանջում` «մի չորս-հինգ օրից» նրա եղբորը վերադարձնելու դիմաց:

Իլդըրըմզադեն Աբդուլլաեւին խորհուրդ է տալիս ուրիշ ոչ մեկի հետ չքննարկել եղբոր հարցը եւ ավելացնում, որ իր «տանիքը Ռամիլ Ուսուբովն է եւ Ռամիզ Մեհթիեւը»: Խոսքը Ադրբեջանի ՆԳ նախարարի եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին է: Վտարանդի Էլշադ Աբդուլլաեւը պնդում է, որ Իլհամ Ալիեւի նախագահությամբ Ադրբեջանում ստեղծվել եւ գործում են «մահվան էսկադրոն»-ներ, որոնց միջոցով վարչախումբը հաշվեհարդար է տեսնում քաղաքական ընդդիմախոսների հետ: Աբդուլլաեւը «մահվան էսկադրոն»-ների ղեկավար է համարում Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին:

Նրա տարածած վերջին տեսահոլովակը, սակայն, ուղղված է նաեւ ՆԳ նախարար Ուսուբովի դեմ: Տեսահոլովակի «հերոս» Ռասիմ Իլդըրըմզադեն Ուսուբուվի մերձավոր ազգականներից է: Նրա եղբայրը` Յուսիֆ Իլդըրըմզադեն, զբաղեցնում է Բաքվի Խաթայիի շրջանի դատախազի պաշտոնը: Երեկ, տեսահոլովակը սոցցանցերում տարածվելուց մի քանի ժամ հետո «կտրուկ վատթարացել է Յուսիֆ Իլդըրմզադեի առողջական վիճակը, եւ նա շտապ բուժման է մեկնել արտերկիր»: Այդպես է ասված դատախազության հաղորդագրության մեջ: Իսկ Խաթայիի շրջդատախազությունից հաստատել են նրա «արձակուրդում գտնվելու փաստը»:

Ռասիմ Իլդըրըմզադեն էլ իր հերթին հայտարարել է, որ «Էլշադ Աբդուլլաեւն ինքն է հանցագործ»: Այդուհանդերձ, միայն փաստը, որ տեսահոլովակի տարածումը «կտրուկ վատթարացրել է դատախազ Իլդըրըմզադեի առողջական վիճակը», եւ նա շտապ մեկնել է արտերկիր, արդեն իսկ չափազանց խոսուն է: Մնում է փորձել հասկանալ, թե սկանդալն ինչպե՞ս կանդրադառնա ՆԳ երկարամյա նախարար Ռամիլ Ուսուբովի կարիերայի վրա, եթե ապացուցվի, որ նրա մերձավոր բարեկամ Իլդըրըմզադե եղբայրներն իրոք դրամաշորթությամբ են զբաղվել եւ տեղյակ են եղել առեւանգված Մահիր Աբդուլլաեւի գտնվելու վայրի մասին:

Ուսուբովն առհասարակ առեղծվածային դեմք է Ադրբեջանի քաղաքական վերնախավում: Ծնունդով Խոջալու գյուղիցՙ նա տարիներ աշխատել է ոստիկանության Լեռնային Ղարաբաղի մարմիններում, շատ կարճ ժամանակամիջոցում հասնելով ՆԳ մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնին, ապա նրա հանդեպ կայացվել է կտրուկ որոշում. Ուսուբովը նշանակում է ստացել ԼՂ-ից դուրս: Ադրբեջանի ՆԳ նախարարի պաշտոնը նա զբաղեցնում է 1994թ.-ից: Գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը 67 տարեկան է: Եվ հանգիստ կարող է անցնել թոշակի: Եթե, իհարկե, հանգամանքները թույլ տան: Հնարավոր է, որ ամեն ինչ դասավորվի այլ կերպ. տեղեկատվություն կա, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները մշակել եւ մտադիր են Ֆրանսիայում իրականացնել Էլշադ Աբդուլլաեւին առեւանգելու եւ Բաքու տանելու հատուկ գործողություն: Ի պատասխան Աբդուլլաեւի օգնականներից մեկը «Թուրան» գործակալությանը տեղեկացրել է, որ իրենք «Ստրասբուրգում ապրում են ֆրանսիական գաղտնի գործակալների հովանու ներքո եւ հուսալիորեն պաշտպանված են»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ