ՐԱՖՖՈՒ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ԿԱՄ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ ԺԱՄ ԱՌ ԺԱՄ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Երեկ շրջանառվող տեսանյութում սպրդել էր մի մանրամասն նախագահ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից, որտեղ նախագահը ձեռքսեղմումով ընդունելով Րաֆֆուն` հարցնում է. «Մի տեսակ տխուր ես», իսկ Րաֆֆին ժպտալով պատասխանում է` իրավատեր եմ: Ու մի ուրիշ մանրամասնի վրա տեսանյութը կտրվում է, երբ նախագահը հարցնում էՙ լրագրողների ներկայությա՞մբ խոսեն, թե առանց նրանց, ու հետո լավ չի լսվում. ենթադրություն կար, որ Րաֆֆին ասել է` առանց լրագրողների: Մեր կողմից նշենք, որ երբ նախագահ Սարգսյանի արարողակարգի ներկայացուցիչը եկավ նստավայրի մոտՙ Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորելու, վերջինս ասաց, որ կուզենար բաց հանդիպում եւ իր կողմնակիցներից մեկ-երկուսի (օպերատոր, լրագրող) ներկայությամբ: Նրան պատասխանեցին, որ միայն Ր. Հովհաննիսյանի հետ է հանդիպում նախանշված, եւ սա իմ ականջով եմ լսել: Տեսանյութում այլ բան էր սարքվել, փաստորեն, եւ դա բում էր առաջացրել սոցիալական ցանցերով: Բայց ավելի ուշ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը մեկնաբանություն արեց, թե Ր. Հովհաննիսյանը հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում, եւ մամուլում տարածված կարծիքները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մեկնաբանության մեխը, սակայն, լրիվ ուրիշ բան է, որ կպչում է Րաֆֆուն, թե` նախագահի հանդիպումների լուսաբանման ձեւաչափը մշտապես սահմանվում է կանխավ, այնպես որ երեկվա հանդիպման լուսաբանման ձեւաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել եւ պայմանավորվածություն է ձեռքբերվել կողմերի միջեւ` լուսաբանման հաստատված արարողակարգով: Մինչդեռ Ազատության հրապարակում ժողովրդին այնպես թվաց, թե Րաֆֆին հենց այդտեղ որոշում կայացրեց, քանի որ նախագահ Սարգսյանը չեկավ հրապարակ: Երեկ հենց այդպես բացատրեց Ր. Հովհաննիսյանն իր կողմնակիցներին ժամը 13-ի սահմաններում, երբ ոստիկանությունը նրան չթույլատրեց նախօրոք ծրագրված հանդիպումն անցկացնել, ինքն էլ 5 րոպե խոսեց ու ասաց, թե քանի որ Սերժ Սարգսյանը չի եկել հրապարակ, ինքն է գնում նրան հանդիպելու: Այս բոլորը պետք է բաց ասել սեփական կողմնակիցներին, այլապես տարընթերցումների դուռ է բացվում: Ի դեպ, երեկ օրվա վերջին կրկին գնալով Ազատության հրապարակ` Ր. Հովհաննիսյանը նշեց, թե այդ հանդիպումը տեղի է ունեցել Հրանտ Բագրատյանի հորդորով եւ նախագահ Սարգսյանի հրավերով, բայց մանրամասները, ինչպես որ նախագահի նստավայրից դուրս գալուց հետո էր ասել, այսօր ժամը 17-ին կասի: Ու նաեւ ավելացրեց, թե ինքը զանգել է նախագահի խոսնակին ու արված ցանցային ֆոկուսը խնդրել ուղղել, քանի որ ինքն ի սկզբանե բաց հանդիպման կողմնակից է եղել: Ինչ վերաբերում է նրան, որ տարբեր մակարդակներով հիմա հատուկ միտում կա Ր. Հովհաննիսյանի պահվածքին իրավիճակին ոչ համարժեք շեշտեր անելու, նշենք, որ դա շատ լավ պետք է պատկերացնի հենց ինքը, 37 տոկոս հավաքած լիդերը, եւ անի հավասարակշռված քայլեր, որոնք միանշանակ եզրակացությունների տեղիք կտան ոչ միայն իր համակիրների, այլեւ մյուս բոլորի մեջ: Երբ դու ասում ես, որ Սերժ Սարգսյանը պետք է գա հրապարակ եւ հանձնի իշխանությունը (դեռեւս գործող նախագա՞հը), դա լուրջ չէ, հատկապես եթե հաջորդ օրն ասում ես` ինքը չեկավ, ուրեմն ես պետք է գնամ նստավայր: Երբ երեկ Ազատության հրապարակում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասում էր, թե հանրահավաքն արտոնված չէ, եւ Րաֆֆին օրենք է խախտում, Ր. Հովհաննիսյանն, իսկապես, իրավական բացատրություն չէր տալիս, այլ ասում էր, որ ամեն ինչ չէ այս երկրում օրենքով, վերջն էլ ասաց, թե 5 րոպե ընդամենը կխոսի, թող դա վարչական խախտում համարեն իր կողմից: Ինչեւէ, չմանրանանք: Այսպիսով` երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց նախագահի նստավայր, մեկուկես ժամ հանդիպեց նախագահ Սարգսյանի հետ, դուրս եկավ ու բան չասաց իրեն սպասող ժողովրդին. «Հիմա գնում ենք մեր գործին, բոլոր հարցերին կպատասխանեմ վաղը», նշելով, որ վաղը հայ ժողովուրդը հաղթանակ է տոնելու, իսկ ինքը գնում էր դիվանագիտական հանդիպումների: Էլի ենթադրությունների դուռը բաց է` միգուցե ասելիքը չգիտի, ու գնում է, որ ասեն: Իսկ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության մեջ երեկ այդ հանդիպման մասին ասված էր, որ քննարկել են նախագահական ընտրություններին եւ հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ, կարեւորել են բոլոր գործընթացները Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը: «Մոդեռն Րաֆֆիից վատ իմաստով ավանդական պարտված ընդդիմադիր թեկնածու» (Արմեն Աշոտյանի բնորոշմամբ) ստանալ կուզենար ոչ միայն ՀՀԿ-ն , այլեւ բոլոր այն ուժերը, ում էլեկտորատից բաժին է ընկել Րաֆֆուն: Սա հաշվի առնելով` 37 տոկոս ստացած թեկնածուն պետք է մտածի ուրիշի ձայներն ըստ նշանակության տնօրինելու մասին, մանավանդ գաղտնիք չէ, որ արեւմտամետ թեկնածուին ձայներ է տվել ամենեւին ոչ Արեւմուտքը գլխին դնող զանգվածը: Րաֆֆին ինքն էլ երեւի չգիտի անելիքը Ի՞նչ պետք է անի սթափ գործիչը. եթե անգամ ենթադրենք, որ գործող նախագահի օգտին կեղծվել է, ասենք, 100 հազար ձայն, ու 2 առավել ձայն ստացած թեկնածուների տոկոսները կարող էին պարզապես մոտենալ: Մեր կարծիքով` ստեղծված քաղաքական նոր քարտեզի պարագայում իրատեսականն ու օպտիմալը կլինի այն, ինչ գուցե մասամբ արդեն եղել է երեկվա հանդիպմամբ (չգիտենք, այսօր կիմանանք): Որ երկու թեկածուները նստեն ու քննարկեն քաղաքական պատկերին համարժեք ելքերի որոնումը, քանի որ հանրահավաքային պրակտիկան երբեք սովորաբար լավ բանի չի կարող բերել երկրին` միգուցե թշնամի ու բարեկամ շատ շրջանակներ ու հարեւաններ Հայաստանում ներքաղաքական լարում են երազում: Եթե ժողովուրդը Րաֆֆու կարգախոսներին գոռում էՙ այո՜, սա դեռ չի նշանակում, որ քաղաքական սթափ գործիչը այդ «այո»-ի տակտով պետք է որոշում կայացնի: Ելքի որոնման խոսակցությունը (քանի որ 500 հազար դժգոհ քաղաքացիների ձայնն իսկապես հնարավոր չէ անտեսել) կարող է գնալ մի շարք հնարավորությունների շուրջը` ապագա կառավարությունում զգալի դերակատարման ստանձնման, Ազգային ժողովի նոր ընտրությունների հնարավորության: Այս երկու թեմայով երկխոսությունից դուրս Ր. Հովհաննիսյանը պետք է փորձի մյուս ընդդիմադիր միավորների հետ բանակցելով ինչ-որ միասնական ֆորմատ ձեւավորել, եթե չի ուզում նախագահ Սարգսյանի հետ վերը նշված հնարավորությունների շուրջը բանակցել: Երբ նա կարողանա միասնական ճակատ ձեւավորել, ուրեմն եւ իրավունք կստանա տնօրինելու այն 37 տոկոսը, որը ստանալը ստացել է, բայց, վերջին օրերի նրա պահվածքը վկա, տնօրինելու ձեւը չգիտի: Երեկ նախագահի թեկնածուներից Հրանտ Բագրատյանը եւս այս կարգի կոչ էր ուղղել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Սերժ Սարգսյանին երկխոսելու` այդպիսի ցանկություն նկատելով նրանց մեջ, այլապես հետագա էսկալացիայից եւ բախումներից խուսափելն անհնար կլինի: Ուրիշ բան, որ միգուցե մեր ընդդիմադիր քաղաքական շրջանակները չեն ցանկանա իրենց ձայների հաշվին իրեն ընդդիմադիր լիդեր համարող Րաֆֆի Հովհաննիսյանի լիդերությունը լեգիտիմացնել: Սա երեւում է ՀԱԿ-ամետ գործիչների առաջին գնահատականներից (օրինակ` Լյուդմիլա Սարգսյանն ասում է, թե իր համար ինտրիգն ավարտվեց, երբ Րաֆֆին իր ոտքով գնաց նախագահի նստավայր): Դե իսկ Րաֆֆու հանրահավաքներին երեւացած ընդդիմադիր գործիչների մեծ մասը մայր կուսակցություններին հակադրված ու նրանցից հեռացած կամ հեռացող մարդիկ են, որոնք բուն ընդդիմադիր արիալը չեն ընդգրկում: Ու նրանցից Նիկոլ Փաշինյանն, օրինակ, նույնպես կոչ էր անում միավորվելու: Իսկ ընդհանրապես` շատերն են խոսում այն մասին, որ եթե տեսնենՙ լուրջ պայքար է գնալու, Րաֆֆից լուրջ լիդեր դուրս գա, կմիանան, այսինքն` սպասողական վիճակում են: Այս իմաստով Րաֆֆու արժեզրկումը կամ, ընդհակառակը, արժեւորումը կարող է տեղի ունենալ ժամ առ ժամ: Ու դա նրանից է կախված: Հ. Գ. - Ի դեպ, երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է նաեւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի եւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Վերջինս ողջունել է Ր. Հովհաննիսյան-նախագահ Ս. Սարգսյան հանդիպման փաստը: Իսկ ժառանգականները երեկ մեզ հետ զրույցում նշում էին, թե ընդդիմադիր քաղաքական այլ ուժերի հետ եւս բանակցություններ կան: |