RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013



ՄԱՅՆԻ ՖՐԱՆԿՖՈՒՐՏ

Տեղադրվել է` 2013-02-21 23:56:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2447, Տպվել է` 119, Ուղարկվել է էլ.փոստով` 92

ՂԱՐԱԲԱՂԻ ԾԻԾԱՂԸՙ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մայնի Ֆրանկֆուրտում գործող «Հայ մեդիա» հրատարակչությունը 2012-ի դեկտեմբերին լույս է ընծայել «Ղարաբաղ. ծիծաղող հայերի երկիր. հեքիաթների ու լեգենդների երկիր» ժողովածուն: Գիրքը հեղինակել են Ղարիբ Բաբայանն ու Արմեն Արզումանյանը: 80 էջանոց ժողովածուի գինը 8,80 եվրո է:

Ղարաբաղի կենսասեր բնակիչներիՙ հայ պարզ, կատակասեր մարդկանց ու նրանց պատմություններն է ներկայացնում գիրքը: Նույնիսկ դժվարագույն իրավիճակներում լավատեսությունը նրանք չեն կորցնումՙ կրկնելովՙ «կտեսնես, ամեն ինչ լավ է լինելու»:

Ժողովածուին անդրադարձել է գերմանական «Մերկիշե ալգեմայնե» թերթըՙ զրույցի հրավիրելով գրքի հեղինակներից Արմեն Արզումանյանին: Անդրադառնալով Ղարաբաղի խնդրահարույց պատմությանըՙ թղթակից Նադին Պենզոլդը հիշատակում է, թե նախկինում Հայաստանի մաս կազմած Ղարաբաղն այժմ Ադրբեջանին է պատկանում: «Եթե որեւէ ղարաբաղցու ասեք, թե ինքը Ադրբեջանին է պատկանում, խնդիր կունենաք, հակադարձում է Արզումանյանը, հայերը 3000 տարի է, ինչ Ղարաբաղում են բնակվում: Սա նրանց հայրենիքն է: Այս փաստը ոչ ոք չի կարող փոխել: Այսօր Ղարաբաղի Հանրապետությունն ազատ երկիր է, իր ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահով, որը տակավին չի ճանաչվել համաշխարհային հանրության կողմից»: «Ինչո՞ւ Ձեր գրքում չեք կարեւորել վերոբերյալը», հարցին Արզումանյանը պատասխանում է, թե գրքի համահեղինակ ղարաբաղցի Ղարիբ Բաբայանի հետ ջանացել են գրքում քաղաքականությանը չանդրադառնալ, քանի որ «Ղարաբաղի քաղաքական իրավիճակի մասին բանավեճ հարուցող գրքեր շատ կան, բայց չկա գիրք, որ նկարագրում է այնտեղ ապրող մարդկանց: Սա ուրախ գիրք պիտի լիներ: Լրատվամիջոցներում հաճախ շատ վատ են ներկայացնում ղարաբաղցիներին, ուզում էինք ցույց տալ, որ այնտեղ ապրողները շատ պարզ մարդիկ են, որ նրանցից որեւէ մեկը պատերազմ չի ուզում»: Անդրադառնալով ուրախ պատմություններով գիրք ստեղծելու գաղափարին, Արզումանյանը ներկայացնում է, թե իր նախնիները Ղարաբաղից են, հեքիաթների ու լեգենդների երկիր Ղարաբաղում շատ պատմություններ են իրեն տպավորել: Երբեք չի մոռանում արձակուրդներին պապ ու տատի մոտ լեռներում անցկացրած օրերը, նրանցից ստացած ջերմությունը, դաստիարակությունը: Ղարաբաղցիներն առանձնահատուկ մտայնություններ ունենՙ հաճույքով են ծիծաղում, հյուրընկալ են, շատ ասող-խոսող, բայց նաեւՙ շատ համառ: «Ա՞յդ է պատճառը, որ գրքի շատ դրվագներում ավանակը ներկա է», հարցին Արզումանյանը պատասխանում է. «Էշը Ղարաբաղի բազմաթիվ խորհրդանիշերից մեկն է: Այն խաղաղ կենդանի է, վնասատու չէ, բայց համառ է: Եթե մի բան չի կամենում, որեւէ մեկը չի էլ կարող պարտադրել: Մի ուրիշ խորհրդանիշ էլ Ստեփանակերտի մուտքը զարդարող Պապիկ-տատիկի հուշարձանն է, որ ցույց է տալիս մեծերի հանդեպ մեր խոր հարգանքը»: Արզումանյանը պատմում է, թե իրենք շատ պատմություններ են հավաքել, մի քանիսը լսել է իր պապ ու տատից, մյուսներըՙ Ղարաբաղում ապրող իր ընկերներն են փոխանցել: Գրքում շատ են ասացվածքները: Արզումանյանը մեկնաբանում է, թե ինչու է ներկայացվածների մեջ ամենաշատը սիրում «Օգնիր ուրիշներին, որ նրանք էլ քեզ օգնեն» տարբերակը: «Եթե մարդիկ իրար չօգնեն, կարգին մարդ չեն լինի, ասում է նա հիշատակելովՙ ադրբեջանցիների ու հայերի միջեւ պատերազմը: Մի րոպեում ընկերները հանկարծ թշնամի էին դառնում, իսկ միակ մեղքը այլ ազգի պատկանելն էր: Կարեւոր է ըմբռնել, թե ընկերն ազգություն չի ճանաչում: Ով սա հասկանա, քարոզչության ծուղակն ընկնելու փոխարեն ընկերներին կօգնի»: «Նախ զոքանչին տես, հետո հարսնացու ընտրիր» ղարաբաղյան մեկ ուրիշ իմաստնություն մեջբերելով թերթը հետաքրքրվում էՙ հեղինակն այդպե՞ս է վարվել: «Կինս գերմանուհի է, զոքանչիս հետ ուշ եմ ծանոթացել» ծիծաղում է Արզումանյանը, «բայց գոհ եմ ու շատ եմ հարգում նրան»: Արմեն Արզումանյանը Ղարաբաղի մասին պատմող գրքից առաջ հրատարակել է «Օգնեցե՛ք, հաճախորդները գալիս են» գիրքը, եւ ինքնիրեն խոստացել էՙ տարեկան մի գիրք գրել: «Ուզում եմ մարդկանց ինչ-որ բան պատմել: Միգուցե աշխարհն իմ աշխատանքի միջոցով մի քիչ ավելի լավը դառնա: Երբ մարդիկ ժպտում են, ուրեմն ինչ-որ բանի հասել ես»: Իսկ լեզվական դժվարություննե՞ր: «Գերմանիան այլեւս օտար չէ, իմ երկիրն է: Երբ 20 տարի առաջ եկա, ոչ մի բառ չգիտեի, իսկ հիմա հաճույք է պատճառում, որ զգացմունքներս կարողանում եմ ձեւակերպել, միաժամանակ հայտնագործում եմ լեզվի գեղեցկությունը»:

Հեղինակների մասին-Ղարիբ Բաբայանը ծնվել է 1955-ին Արցախում: Ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտորն է, պրոֆեսոր: 50-ից ավելի գիտական հոդվածների, փիլիսոփայության, միջազգային իրավունքի ուսումնական ձեռնարկների հեղինակ է:

Արմեն Արզումանյանը ծնվել է 1961-ին, Բաքվում: Ժուռնալիստիկա է ուսանել Դոնի Ռոստովի պետական համալսարանում: Ավարտելուց հետո աշխատել է Ռուսաստանի հարավում, տարբեր օրաթերթերում: 1993-ից բնակվում է Գերմանիայում: 2007-ին մասնակցել է երկրում առաջին անգամ անցկացված արձակի եւ հրապարակախոսության «Նոր նավահանգիստ» մրցույթին: Նրաՙ ռուս-գերմանական բարեկամության մասին պատմող «Իմ հարեւան Գերդա տատիկը» պատմվածքն ընդգրկվել է «Նոր նավահանգիստ» անթոլոգիայում: 2011-ին լույս է տեսել նրա անդրանիկ ժողովածուն «Օգնեցե՛ք, հաճախորդները գալիս են. Ծիծաղաշարժ պատմություններ շինանյութի խանութում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ