ՄԵՐ ՍԵՐՆԴԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Երբ տրված է ընտրելու հնարավորություն` որտեղ եւ ում հետ լինել Վերջին ամիսների ընթացքում հայ ինտելեկտուալների համար վերստին նույն հարցը ձեւակերպվեց. ո՞րն է մեր տեղը գլոբալացված աշխարհում եւ ո՞ր անվտանգային ու տնտեսական համակարգերում է հնարավոր Հայաստանի առջեւ կանգնած բազմաբնույթ ու բազմապիսի խնդիրներն անարյուն ու անցավ լուծելը: Հարցը կարող էր եւ չձեւակերպվել, եթե այն չսրեին աշխարհի տարբեր հիմնական ուժային կենտրոնների ներկայացուցիչները: Օրինակ, եվրոպական դիվանագետները, ովքեր ասացին, որ անհնար է համատեղել Եվրոպական միությանը Հայաստանի ասոցիացումը Մաքսային միության լիարժեք անդամ դառնալու հետ: Կամՙ ԱՄՆ նախկին պետական քարտուղար տիկին Քլինթոնը հեռանալուց առաջ ասաց, որ Եվրասիական միության ստեղծումը Խորհրդային Միության վերստեղծման փորձ է, եւ այդ պատճառով էլ դա նրանք թույլ չեն տա: Այս քննարկումները հետաքրքրեցնելու կամ խնդիրը պարզեցնելու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, պրոֆեսոր Վիկտոր Խրիստենկոն դեկտեմբերին հայտարարեց, որ Հայաստանն, իհարկե, եվրասիական երկիր է: Այս անվիճելի թվացող ճշմարտությունը, սակայն, վերջերս ծավալված քննարկումներում բազմաթիվ մեկնաբանությունների եւ դժվար համատեղվող տեսակետների նյութ է դարձել: Նույնիսկ այնքան, որ դժվարանալով կողմնորոշվել պարտադրվող կաղապարների միջեւ, ոմանք նույնիսկ սկսել են մտորել միանգամայն անկախ, ինքնամեկուսացած Հայաստանի հեռանկարի մասին (ինչպես օրինակՙ Շվեյցարիան ժամանակակից Եվրոպայի մեջ): Թվում էր, թե 200 տարի շարունակ անվիճելի թվացող ճշմարտություններն, ըստ որոնց Արեւելյան Հայաստանը մեկընդմիշտ մաս է կազմել Ռուսական կայսրության, իսկ հետո նաեւ Խորհրդային Միության, եւ դրանով որոշակի աշխարհաքաղաքական միավորման անբաժանելի մասնիկ է դարձել, սկսել են արդեն վիճելի թվալ: Այս հոդվածի նպատակն է միասին մտորելը մեծ աշխարհում մեր անվտանգ ու ապահով տեղի մասին: Կայունն ու փոփոխականը Տիգրան Մեծից մինչեւ մեր օրերը Դեռ 4500 տարի առաջ, երբ Հայկական լեռնաշխարհում Հայկ Նահապետի սերունդները սկսեցին ձեւավորել հայկական էթնոսը, մեր նախնիների մասին խոսում էին որպես այն ժամանակվա ամենաքաղաքակիրթ աշխարհաքաղաքական տարածքի` Մերձավոր ու Միջին Արեւելքի տեղաբնիկ ժողովրդի մասին: Որքան էլ օտար պատվերներով չարախոսող տարբեր կեղծ գիտնականներ չարախնդան հայերի տեղաբնիկության վրա եւ փորձեն մեզ այստեղից-այնտեղից երկվորներ հայտարարել, օբյեկտիվ գիտական աշխարհի համար անվիճելի է, որ հայ ժողովուրդը որպես ժողովուրդ անհիշելի ժամանակներից մերձավորարեւելյան հնագույն քաղաքակրթության մեկ, անբաժանելի մասն է: Սա պատմություն է եւ իբրեւ պատմություն անվիճելի ճշմարտություն է: 16-17-րդ դդ. թուրք-պարսկական պատերազմների, տեղահանությունների, աննախադեպ ավերի ու թալանի մղձավանջային ժամանակի հետեւանքով հայ ժողովուրդը վերջնականապես բաժանվեց արեւելահայերի եւ արեւմտահայերի: Հայ ազատագրական շարժման լավատես ու տաղանդաշատ մտածողները ամենուրեք օգնություն փնտրելով հայկական բարձրավանդակը օտարադավան ճնշումից եւ հալածանքից ազատագրելու համար, կարողացան հետաքրքրել ու համոզել ռուսական կայսրերին ծավալվել դեպի Առաջավոր Ասիա: 1805-1828թթ. ռուս-պարսկական պատերազմների ընթացքում արեւելահայերով բնակեցված տարածքի մեծ մասը անցավ ռուսական տիրապետության տակ, որտեղ հետ բերվեցին եւ վերահաստատվեցին վերոհիշյալ տեղահանություններից քշված հայերի ժառանգները: Համենայն դեպս, այդպես հիմնավորեցին Իրանում դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովն ու իր համախոհները Իրանի շահին ուղղված այդ պահանջը: Այսպիսով, ռուսական թագի հովանու տակ անցած հատվածում այդ դեպքերից երկու տասնամյակ անց հայությունը կրկին սկսեց կազմել բնակչության մեծամասնությունը: Հենց այդ ժամանակներից էլ Արեւելյան Հայաստանն ընդունված է եղել անվանել ռուսական ազդեցության գոտի, նաեւ այդ պատճառով է այն դարձել 20-րդ դ. աշխարհաքաղաքական իմաստով նախկին կայսրությանը փոխարինած ԽՍՀՄ-ի մաս: Արեւմտյան Հայաստանը մնաց Օսմանյան կայսրության կազմում եւ չորս անգամ գրավվելով ռուսական զորքերի կողմից, դիվանագիտական եւ քաղաքական խաղերի ազդեցության տակ չորս անգամ էլ վերադարձվեց թուրքերին: Այդ չորս անգամներից յուրաքանչյուրից հետո թուրքական վայրագություններից փրկված հազարավոր արեւմտահայեր կամ վերահաստատվեցին Արեւելյան Հայաստանում, կամ դարձան գաղթականներ: 1896-1918թթ. ընթացքում տեղաբնիկ արեւմտահայությունը ամբողջովին ցեղասպանության ենթարկվեց: Այնպես որ Առաջին աշխարհամարտից հետո ռուսական զորքերի անկանոն նահանջի պարագայում Խորհրդային Ռուսաստանի ղեկավարը ստորագրեց մի դեկրետ Արեւմտյան Հայաստանի անկախությունը ճանաչելու վերաբերյալ, սակայն գործնականում անիրականանալի այն պարզ պատճառով, որ Արեւմտյան Հայաստանում ֆիզիկապես գոյություն չուներ այն բնակչությունը, որը պետք է ընտրեր իր սովետները եւ կառուցեր պետություն: Ահա այսպես Մերձավոր Արեւելքի մաս կազմող Արեւմտահայաստանը դադարեց քաղաքական եւ աշխարհաքաղաքական կատեգորիա լինելուց: Իսկ Արեւելյան Հայաստանը տնտեսական քայքայվածության, տարածքի փոքրության եւ ինքնուրույն խոշոր հետաքրքրություն ներկայացնելու հնարավորությունից զրկված դադարեց «Հայկական մարզ» անունը կրելուց եւ բաժանված լինելով հինգ վարչական միավորների մեջ, դարձավ կովկասյան փոխարքայության մի հատվածը: Խորհրդային ժամանակներում տնտեսական քայքայումը վերականգնելու նույն վարչական բացատրությունների ուժով էլ Հայկական ԽՍՀ դարձած Արեւելյան Հայաստանը մինչեւ 1936թ. հանդիսացավ խորհրդային Անդրկովկասի մաս: Այսօր մեր մտավորականներից շատերը, փորձելով պատմության մեջ փնտրել մեր ներդաշնակ գոյության առհավատչյան, մեզ հիշեցնում են, որ հայ ժողովուրդը ոչ թե կովկասյան ժողովուրդ է, այլ մերձավորարեւելյան կամ առաջավորասիական: Այս տրամաբանությամբ կովկասյան ժողովուրդ են միայն վրացիները, իսկ ադրբեջանցիները` թյուրքական լեզվաընտանիքի մի մաս: Անդրկովկաս կամ Հարավային Կովկաս աշխարհաքաղաքական եզրը մեր օրերում արդյոք ունի՞ քաղաքագիտական կամ աշխարհաքաղաքական բովանդակություն: Պարզ է, որ Անդրկովկասը Կովկասյան լեռներից այն կողմն է Ռուսաստանի համար: Պարզ է, որ Այսրկովկասը Կովկասյան լեռների մեր կողմն է այս կողմից նայողների համար: Պարզ է, որ Կովկասի երկու կողմերը` հյուսիսն ու հարավը մեկ ամբողջության` Մեծ Կովկասի մեջ ներառելը խոսում է աշխարհաքաղաքական հետաքրքրությունների մասին մեր տարածաշրջանի մեծ հարեւանների` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի կողմից: Այսպիսով, ուզեք թե չուզեք, օգտագործելով աշխարհաքաղաքական մեր միավորին տրվող վերոհիշյալ անվանումներից մեկնումեկը, դուք օբյեկտիվորեն սկսում եք դատել աշխարհաքաղաքական այս կամ այն նախապատվությունների շրջանակներում: Եվրոպականությունն ու եվրասիականությունը` մի ափի մեջ Մեզ պարտադրված բանավեճի իմաստը, խոշոր հաշվով, ստիպելն է մեր քաղաքական վերնախավին ընտրություն կատարել Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ: Այս ճնշումը, մանավանդ եթե ուղղորդվի մեր բազմավեկտոր արտաքին քաղաքականության զորաշարժի հնարավորությունը սահմանափակելունն ուղղված գործողություններով, կարող է պատճառ դառնալ հասարակական կամ քաղաքական նոր ներքին լարվածության, մի նոր հիասթափության եւ ահագնացող անտարբերության: Հենց դրա համար էլ մեր քաղաքական վերնախավի այն միանգամայն հավասարակշռված դատողությունները եւ հայտարարություններն այն մասին, որ ինտեգրացիայի այս երկու գործընթացների միջեւ ներքին հակասություն չկա, ոչ միայն ճիշտ են, այլեւ ազնիվ մեր քաղաքական մտածողության ավանդույթների տեսանկյունից: Եվ իսկապես, մեր հասարակական-քաղաքական մտքի ամբողջ պատմությունը նոր ժամանակներում գալիս է հաստատելու, որ մեր հասարակության նոր գաղափարները, առաջընթացի պատկերացումները, անվտանգության երաշխիքները, վերջապես քաղաքակրթական դիմագիծը ձեւավորվել են թե՛ ռուսական, թե՛ եվրոպական ուղղակի ազդեցությունների խաչմերուկներում: Էլ չենք ասում այն մասին, որ ինքը` ռուսական հասարակական քաղաքական միտքը, վերջին 130 տարիների ընթացքում անընդհատ հղկվել է ռուսականության (սլավոնականության) եւ արեւմտականության գաղափարների բախման արդյունքում: Հիմա շատ է խոսվում եվրասիականության մասին: Եվրասիականության գաղափարախոսությունը, մեծ վերապահումով, կարելի է նույնիսկ հարյուրամյա ավանդույթ ունեցող համարել, նկատի ունենալով, օրինակ, Լեւ Գումիլյովին: Այդ գաղափարախոսության կողմնակիցներն են փորձել եւ փորձում հիմնավորել նախկին Ռուսական կայսրության_նախկին ԽՍՀՄ-ի_այսօրվա ԱՊՀ-ի տարածքում ընդհանուր աշխարհաքաղաքական միավորի ինքնուրույն գոյության իրավունքը եւ նրա քաղաքակրթական առաքելությունը: Որովհետեւ առանց քաղաքակրթական առաքելության աշխարհաքաղաքական այդ տարածքը միշտ կաշկանդված եւ պաշտպանվողի դերում է լինելու, ծայրաստիճան զգայուն արտաքին ջախջախիչ ազդակների հանդեպ: Վերջերս ռուս քաղաքական գործիչներից մեկը Երեւանում պատմում էր, որ եվրասիական հեռանկարի հարցում ռուսական քաղաքական վերնախավում հստակորեն ուրվագծվել է երեք խումբ: Առաջին խմբում Ռուսաստանի ինքնամեկուսացման կողմնակիցներն են, ովքեր սերում են ելցինյան ժամանակների լիբերալ վերնախավի ակունքներից: Նրանք կարծում են, որ Ռուսաստանն այնքան մեծ է, որ կարող է միանգամայն ինքնաբավ լինել, եւ նույնիսկ իր տարածքում ընդունել բոլոր նրանց, ովքեր իրենց ապագան տեսնում են այդտեղ: Երկրորդ խմբում գլոբալիստներն են, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը օր առաջ պետք է ամբողջությամբ բացվի աշխարհի առջեւ, եւ միայն դրա արդյունքում է հնարավոր ռուսաստանյան հասարակության զարգացումը: Սրանք գաղափարական հզոր կողմնակիցներ ունեն թե՛ Արեւմուքում, թե՛ Արեւելքում: Իսկ երրորդ խմբում ապագա Եվրասիական միության կողմնակիցներն են, ովքեր կարծում են, որ այս աշխարհաքաղաքական տարածքում Ռուսաստանն ունի հատուկ, ուրույն քաղաքակրթական առաքելություն: Թե ինչով կավարտվի այս երեք խմբավորումների բախումը, կարծում եմ, շուտով կտեսնենք: Անվտանգությունն ու բարեկեցությունը մի փաթեթում Մեր սերնդակիցներից եւ ոչ մեկը չի վիճարկում այն պարզ իրողությունը, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության առանցքը մասնակցությունն է ՀԱՊԿ-ին, ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի եւ նրա մերձավոր դաշնակիցների հետ: Անցած քսան տարիների ընթացքում աշխարհի ուրիշ եւ ոչ մի պետություն կամ դաշինք մեզ չեն տվել անվտանգության այնպիսի երաշխիք, ինչպիսին տվել է ՀԱՊԿ-ը, եւ, մասնավորապես, Ռուսաստանը: Նրանք, ովքեր ցինիկորեն վիճարկում են այս պարզ ճշմարտությունը եւ փորձում են եվրոպական կամ արեւմտյան արժեքները հակադրել անվտանգային այս պատկերացումներին, կրկնում են այն նույն սխալները, ինչ որ վերջին 300 տարում մեր նախնիները արդեն մի քանի անգամ արել են: Մենք կարող ենք շարունակել պարզ հայեցողի կրավորական դերում մնալ եւ սպասել, թե ինչով կվերջանա Արեւմուտք-Ռուսաստան եւ Ռուսաստան-Չինաստան գլոբալ բանավեճ-երկխոսությունը: Թերեւս դա է այն մտածողների շարժառիթը, որոնք խոսում են հավասարահեռ եւ հավասարամոտ Հայաստանի մասին: Այսինքն` Եվրոպային եւ Ռուսաստանին հավասարապես մոտ, կամ որ նույնն է` Եվրոպայից եւ Ռուսաստանից հավասարապես հեռու: Մեր այն խոշոր տնտեսագետները, ովքեր խոսում են Եվրոպական միություն-Շվեյցարիա նախատիպի մասին, հենց այս գաղափարի կրողներն են: Կա եւ այլ տարբերակ. միացնել մեր ջանքերը մեր աշխարհաքաղաքական դաշնակիցների այն ջանքերին, որոնք ուղղված են լինելու Եվրոպական միության եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող պատը քանդելուն: Եվ այդպիսով փորձել իրականություն դարձնել Մեծ Եվրոպայի տեսլականը, որը, ՌԴ նախագահ Պուտինի խոսքերով, կարող է տարածվել Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ: Այն, որ եվրոչինովնիկների մեջ այս գաղափարների կրողներ չկան եւ չեն լինելու, միանգամայն հասկանալի եւ բացատրելի է, բայց անհնար է, որ նոր Եվրոպայում բնական ծավալման այսպիսի հնարավորության կողմնակիցներն իսպառ բացակայեն: Եվ վերջինը: Մեր ինտելեկտուալ վերնախավի որոշ ներկայացուցիչներ վճռականապես համաձայն չէին, թե, օրինակ, Հայաստանը եւ Վրաստանը Մեծ Մերձավոր Արեւելքի մաս դարձնելու ծրագրի մի դրսեւորում է այդ մասին Վիկիպեդիայում անհամար հոդվածներ տեղավորելը: Նրանք քմծիծաղով ասում էին, որ Վիկիպեդիան այնքան ոչ պաշտոնական բան է, որ որեւէ անհամաձայն մարդ կարող է դրանք ջնջել: Ես էլ ուզում եմ հարցնել. ինչո՞ւ մինչեւ հիմա ոչ մեկի մտքով չի անցել Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը Մեծ Մերձավոր Արեւելքի պետությունների ցուցակից հանելը: Արդյոք մենք համաձա՞յն ենք 90-ական թթ. սկզբին ձեւավորված այն ծրագրին, ըստ որի Հարավային Կովկասը ոչ թե եվրասիական տարածքի, այլ Մեծ Մերձավոր Արեւելքի մասն է: |