RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-02-21 23:56:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2461, Տպվել է` 107, Ուղարկվել է էլ.փոստով` 100

ՐԱՖՖԻՆ ՀՈՒՇՈՒՄ Է

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Երեւան

Խնդրահարույց իրավիճակներն ու ժամանակները հրամայական պահանջ են առաջադրում դրանց հանգուցալուծման գործընթացներում անդրադառնալու մեր մեծերի խոսքին ու փորձին, նրանց դիտարկումներին ու եզրահանգումներին: Տողերիս հեղինակը հենց այս նկատառումով ձեռքը վերցրեց մեծ վիպասանի հրապարակախոսական գործունեությունն ընդգրկող հատորներից մեկն ու փորձեց ինչ-որ բան հստակեցնել իր համար, որն ավելորդ չի համարում ներկայացնել նաեւ հանրությանը :

Ուղիղ 135 տարի առաջ է ապրած ժամանակը բծախնդրորեն ուսումնասիրած ու քննած 45-ամյա գրողը թղթին հանձնել իր «Ինքնախաբեություն» մտորումները, ուր արտահայտված մտքերն առօրեականից առավել հրատապ են նաեւ մեր օրերում: Ինչ էր ասում հեղինակը. « Ինքնախաբեությո՜ւն... դա մի շատ հասարակ բառ է, բայց նրա մեջ թաքնված են մարդու բոլոր թշվառությունները: Տեսնում եսՙ մեկը հիմար է, բայց կարծում է, թե խելք ունի: Մյուսը երկչոտ է, կարծում է, թե առյուծի սիրտ ունի: Երրորդը ոչինչ չի սովորել, բայց իրեն առաքելության տիպար է համարում: Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեությունից »:

Մերօրյա ծանոթ իրողություններ են, որոնց որեւէ բան ավելացնելը կամ պակասեցնելն անիմաստ է: Երբեմն թվում էՙ զավեշտի թեմայով ներկայացում ենք դիտում կամ դրա մասնակիցներն ենք, անգամ հեղինակներն ու պատվիրատուները: Եվ հարցըՙ թե ո՞ւր ենք գնում, ի՞նչ անելու թե չանելու, ո՞վ է իրադարձությունների տերն ու պատասխանատուն, հնչում է ինքնաբերաբար: Մեծ վիպասանը տվել է իր մեկնաբանությունը: « Ինքնախաբեությունը մեզանում ծնեց մի տեսակ «ազգասերներ»: Այս տեսակ «ազգասերները» մի կատարելագործված տիպ են ներկայացնում մեր հասարակության մեջ, որոնք, կարծես, պատկանում են մի առանձին «շկոլայի», որի հիմնադիրը հայտնի չէ: Այս տեսակ «ազգասերներին» ծանոթ չէ «գործը»: Նրանց խոսքերի մեջ իմաստ չկա, բայց միեւնույն ժամանակ բազմիմաստ են, որպես մարգարեի խոսքեր, որ միշտ մեկնության կարոտ է »:

Ա՜յ քեզ Րաֆֆի. 135 տարի առաջ ինչպիսի դիպուկությամբ է բնորոշել մեր այսօրը, երբ հայ հանրությունն այսպես էլ չի ըմբռնում մերօրյա պատվիրակների ասածն ու արածը, չասվածն ու չարվածը: Գերտնտեսվարում ու գերհանրայնացում, մարդու մեր տեսակին գերանհրաժեշտ գերկողմնորոշումներ ու գերիրողություն ու գերբարեխղճություն: Երկիր մոլորակի վրա միայն մենք ենք ու միայն մեր տեսակը, մեզ հատուկ ցանկություններով ու պահանջներով, սպասումներով ու ակնկալիքներով: Բայց ցանկալիի ոլորտից իրականություն տեղափոխվենքՙ շարունակելով ընթերցել «Ինքնախաբեություն»-ը:

«Նրանք («ազգասերները») չեն սիրում ազգային գործերի մեջ մտնել, որովհետեւ երեւակայում են, որ իրենք մի «մեծ» բան պիտի անեն, որի ժամանակը չէ հասել... եւ միշտ իրենց աչքի առջեւ արգելքներ են տեսնում: Այլեւ արհամարհում են այժմյան գործիչների գործը, համարելով երեխայական խաղ: Լուռ ժպիտը նրանց երեսից պակաս չէ, երբ լսում են որեւիցե դատողություն մի նորելուկից...

Բայց կա եւ երկրորդ տեսակը, որն առաջինի կեղծ պատճենն է: Դրանք խարդախ մարդիկ են, որ ազգասիրական դիմակի ներքո թաքցնում են շահեկան նպատակները: Այդպիսիները խառնվում են գործի մեջ: Նրանք լինում են դպրոցների հոգաբարձուներ... բարեգործական նպատակներով նվիրված գումարների կտակատարներ... աղքատ դերասանների պաշտպաններ եւ երբեմն լրագիրների եւ ամսագիրների խմբագիրներ: Այս տեսակ «ազգասերների» թվում են եւ այն բարերարները, որոնք միշտ կողոպտել են, հափշտակել են եւ հազարումեկ կերպ ավազակությամբ հարստություն են դիզել. եւ վերջ ի վերջո ցանկանում են լավ մարդ ձեւանալ եւ իրենց կեղտոտ անցյալը ծածկել ազգասիրական քողով »:

Ի՞նչ է սա. պայծառատեսության յուրօրինակ դրսեւորո՞ւմ, թե՞ իրավիճակների առողջ գնահատական, որի համար հարկ է երախտիքի տրամադրություն ցուցաբերել: Այսպիսի ճշգրտությամբ ու դիպուկությամբ ուրվագծել ֆեոդալիզմից կապիտալիզմ, այնուհետեւ համայնավարությունից մինչեւ ազատական ժամանակներ տեղափոխված եւ գրեթե անփոփոխ մնացած հանրությունը, հիրավի ցնցող է: Թե՞ երբ է պարզունակ այս վիճակը, ինքնախաբկանքը, առավել պարզ իրատեսությամբ փոխարինվելու, մնում է անհայտ: Փորձենք դարձյալ ապավինել մեր Մեծին. «Պետք է լայն հայացքով նայել առարկայի վրա. պատմությունը առաչոք միրաժներ ունի, որոնք երբեմն ձգում են անհմուտ նայողին օպտիկական խաբեությունների մեջ»:

Առավել դիպուկ դժվար է գնահատել, թեեւ վստահ եմ, որ մեր օրերում այն «եթե»-ներով ու «այսուհանդերձ»-ներով շարունակողներ սպասվածից շատ կհայտնվեն: Միայն թե 135 տարի անց կգտնվի՞ արդյոք մեկը, ով կհիշի նրանց եւ կփորձի արված հիմնավորումներում իրավիճակային լուծումների հատիկներ գտնել: Թե՞ ստիպված կամ պարտադրված կլինի հերթական անգամ անդրադառնալ մեր մեծերին, նրանց թողած ժառանգությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ