RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #54, 06-04-2013



Տեղադրվել է` 2013-04-05 23:32:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1443, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 66

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԷՖՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, Իրավաբան, fanfano@rambler.ru

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման հանձնաժողովի անդամներին

Հարգելի հանձնաժողովի անդամներ, հանձնաժողովի ստեղծման գաղափարը անշուշտ ողջունելի է, կարծում եմ, նրա գործունեությունը կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային լայն ճանաչման գործընթացին, եթե, իհարկե, լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք եւ ոչ թե անտարբերության մատնեք:

Վերջերս Երեւանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված հերթական գիտաժողովը, որտեղ, ցավոք, հիմնականում միայն խոսում էին Ցեղասպանության փոխհատուցման մասին եւ ոչ թե առաջարկություններ էին անում Ցեղասպանության միջազգային լայն ճանաչման մասին: Ճիշտ է, փոխհատուցումից խոսելն էլ է անհրաժեշտություն, սակայն չեմ կարծում, որ առանց Ցեղասպանության միջազգային լայն ճանաչման միջազգային դատարանները կլուծեն այդ հարցը:

Համոզված եմ, որ հիշում եք, թե ինչպես անկախության ձեռքբերման այն խառնաշփոթ օրերին մեր պետական այրերը, առանց ժողովրդի ձայնը լսելու, անսպասելիորեն, զինանշանից դեն նետեցին Հայոց լեռնաշխարհի արքա Արարատի բնապատկերը, որը 70 տարի ի վեր մեզ հիշեցնում էր անմեղ զոհերին, որոնք իրենց հայրենիքի աշխարհագրական դիրքի զավթման պատճառով նահատակվեցին, նույնիսկ գերեզման էլ չունեցան հայրենի հողում, իսկ Թուրքիային տանջում, ճնշում էր իրենց կատարած բարբարոսության համար:

Նույնիսկ այդ խայտառակ սխալից հետո, առանց խղճի խայթի, մայր օրենքում սուտ ու սխալ նշեցին, որ «Հայաստանի զինանշանի կենտրոնում, վահանի վրա պատկերված է Արարատ լեռը», ինչը, ինչպես համոզվում եք, տեսողական խաբկանք է եւ ոչ թե իրականություն, քանի որ ոչ մի իրեն հարգող հայորդի, ինչպեսեւ Սահմանադրության հեղինակները եւ Դուք, այնտեղ չեն կարող տեսնել այն, ինչը իրականում չկա: Ստացվում է, որ մենք ստիպված անամոթաբար ինքներս մեզ ենք խաբում եւ հայրենասեր ձեւանում: Գուցե այսօր, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, Դուք դառը ճշմարտությունը տարբերեք այն քաղցր ստից, որի մասին նշված է Սահմանադրությունում եւ, առանց սուբյեկտիվ պատճառաբանություններ որոնելու, հանգամանորեն քննարկեք, հանրաքվե անցկացնեք, լսեք ժողովրդի ձայնը եւ համարձակորեն ուղղեք այդ խայտառակ սխալը:

Ալեհեր Մասիսը Ցեղասպանության լուռումունջ վկան է, մեր ժողովրդի ոգեղեն կապը Արեւմտյան Հայաստանի հետ, եւ նա, ինչպես հնում, իր արքայական տեսքով պետք է արտացոլված լինի զինանշանում:

Վերջապես եթե այսօր կոտորածի կազմակերպիչ Ահմեդ Ջեմալ փաշայի թոռըՙ Հասան Ջեմալն է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնում ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի եւ իր նախնիների անունից զղջում, ապա պարզ է, որ թուրքերը մտավախություն ունեն, որ վաղ թե ուշ ոչ միայն միջազգային հանրությունը, այլեւ թուրք հասարակությունը կդատապարտի իրենց բարբարոսությունը, քանի որ Եղեռնի զոհերի հուշահամալիրը նրանք ընդունում են որպես Օսմանյան կայրսրության պատմության ամոթանքի հուշարձան:

Հարգելի հանձնաժողովի անդամներ, եթե դուք իրոք մտադրված եք բարձրացնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ պատշաճ կերպով անցկացնել 100-ամյա տարելիցը, ապա լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք եւ տարելիցի նախաշեմին ուղղեք մեր թույլ տված այդ խայտառակ սխալը. հանուն նահատակների Արարատի բնապատկերը վերադարձրեք զինանշան, ինչպես նաեւ աջակցեք, որպեսզի մեր վաղեմի բարեկամ Ֆրանց Վերֆելի արձանը տեղադրվի Ծիծեռնակաբերդի ստորոտում: Նա արժանի է այդ հարգանքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #54, 06-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ